Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՁՅԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Դեկտեմբեր 25,2010 00:00

\"\"Բանվորներ, աղ, ավազ կա, քիչ են տեխնիկան եւ փողը

Թեեւ Կապանում դեռեւս ձյուն չի տեղացել, բայց տեղի կոմունալ ծառայությունը արդեն նոյեմբեր ամսից սկսել է ձմռան նախապատրաստական աշխատանքները: Այս տարի Կապանի քաղաքապետարանը համայնքի բյուջեից ձմռան աշխատանքների համար հատկացրել է 3 միլիոն դրամ, որով ձեռք է բերվել եւ պահեստավորվել 50 տոննա աղ եւ 80 տոննա ավազ: Կապանի կոմունալ ծառայության տնօրեն Վարդան Գեւորգյանի փոխանցմամբ՝ աղի ու ավազի որոշակի պաշար էլ կա նախորդ տարվանից: «Ձյունից եւ սառույցից մայթերը մաքրելու համար մենք ունենք օժանդակ բանվորներ: Իսկ ահա տեխնիկայի պակաս՝ կոմունալ ծառայությունը զգում է: Կոմունալ բաժինն ունի ձյուն մաքրող տեխնիկայի խնդիր, քաղաքը չունի ձյունահավաք մեքենա, ամեն տարի այդ աշխատանքներն իրականացնում են որոշ կազմակերպություններ կամ վարձակալում ենք այլ ձեռնարկություններից: Աշխատանքների լիարժեք իրականացման համար Կապանում անհրաժեշտ է նման 3-4 մեքենա, բայց բյուջեի սղության պատճառով դեռ հնարավոր չէ: Եկող տարի համայնքի բյուջեի միջոցներով նախատեսված է միայն մեկ հատուկ մեքենա ձեռք բերել»,- ասում է պարոն Գեւորգյանը: Ձյունամաքրման աշխատանքների պատասխանատվությունն ընկած է մարզի չորս՝ Կապանի, Սիսիանի, Մեղրու եւ Գորիսի ճանշին ձեռնարկությունների ուսերին:

Ու մինչ պատասխանատուները հավաստիացնում են, որ ձմռան ցուրտ օրերին ու նույնիսկ առատ տեղումների ժամանակ բոլոր անհրաժեշտ աշխատանքները կանեն հետիոտնի ու տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար անհրաժեշտ անվտանգ պայմանների ապահովման նպատակով, կապանցիները հիշում են, որ ամեն տարի քաղաքի տարբեր թաղամասերում, այնուամենայնիվ, լինում են սառցակալած կամ ձյունածածկ մայթեր ու քաղաքի բնակիչների համար սայթաքումների ու կոտրվածքներ ստանալու պատճառ դառնում:

Իսկ վարորդների համար լուրջ դժվարություններ են առաջանում մարզային եւ միջպետական նշանակության ճանապարհներին՝ ձյան առատ տեղումներից ու ցածր ջերմաստիճանից ստեղծված սառած ճանապարհների դժվարանցանելի եւ շատ դեպքերում նույնիսկ անանցանելի հատվածներում: Ամեն տարի, անկախ ճանշին ձեռնարկությունների կատարած աշխատանքներից՝ ձմռանը ժամանակ առ ժամանակ արձանագրվում են մարզային եւ միջպետական ճանապարհների անանցանելիության դեպքեր, եւ վարորդները շատ ժամանակ ճանապարհներին են մնում, ավտովթարներ են լինում:

Ըստ Սյունիքի մարզպետարանի ճանապարհաշինության եւ տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանի՝ տեղացած առաջին ձյունն է հատկապես դժվարություններ ստեղծում վարորդների ու ճանշին ձեռնարկությունների համար: Պարոն Աղաբեկյանը ասաց, որ այս տարվա պետբյուջեով Սյունիքի մարզային նշանակության 533 կմ ճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանման եւ շահագործման նպատակով ընդամենը 102 միլիոն դրամ է հատկացվել, իսկ նախորդ տարի 105,239 միլիոն էր տրամադրվել: «Հատկացված գումարները շատ քիչ են՝ նախատեսված աշխատանքները լիարժեք իրականացնելու համար: Բոլոր ճանապարհները պետք է բաց լինեն, հատկապես միջպետական նշանակության՝ Երեւան-Մեղրի, Գորիս-Ստեփանակերտ, Անգեղակոթ-Նախիջեւանի սահմանը եւ Կապան-Ծավ-Շվանիձոր ճանապարհները: Նախկինում եթե ինչ-որ ձեւով ֆինանսավորվում էր դեպի համայնքներ տանող ճանապարհների նորոգումը, ապա 5 տարի է՝ արդեն միայն պահպանման համար են գումարներ հատկացնում: Այս տարի ավելի են խստացվել պահանջները. եթե ճանապարհները նորոգման կարիք ունեն՝ այդտեղ պահպանման աշխատանքներ չեն իրականացվելու: Դրանք նախ համայնքների բյուջեների հաշվին պետք է նորոգվեն, հասցվեն պահանջվող չափորոշիչներին, միայն այդ դեպքում արդեն անհրաժեշտ պահպանման աշխատանքներ կարվեն: Ներկայումս այդ ճանապարհների վրա պահպանման աշխատանքներ չեն տարվելու, միայն ձյունամաքրում են իրականացվելու»,- նշում է պարոն Աղաբեկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել