Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող մետրն առնեն՝ գնան չափելու»

Դեկտեմբեր 25,2010 00:00

2010-ին պետական նշանակության մոտ 3300 կմ ճանապարհների ու տրանսպորտային օբյեկտների պահպանման ու շահագործման նպատակով իրականացվել են մոտ 5,52 միլիարդ դրամի ծախսեր: Վերանորոգվել է մոտ 350կմ երկարությամբ ճանապարհահատված, որից 224 կմ-ը՝ վարկային միջոցներով, իսկ 126 կմ-ը՝ պետբյուջեի ֆինանսավորմամբ: Երեկ տարեվերջյան ասուլիսում այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Պարոն Մանուկյանի խոսքով, վթարային տեղամասերի նորոգման համար կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 5 միլիարդ դրամից տնտեսած մոտ 860 միլիոն դրամն էլ ուղղել են լրացուցիչ շինարարական աշխատանքներին՝ Երեւան-Սեւան մայրուղու, Երեւան-Գյումրի ճանապարհահատվածի ու Գյումրու առանձին տեղամասերի նորոգմանը. «Ներկայումս վթարային վիճակում գտնվող ոչ մի հանրապետական ճանապարհահատված չկա, բոլորը նորոգվել են»: Նրա խոսքով, չեն անտեսվել նաեւ վթարային կամուրջները. այս տարի բյուջեով նախատեսված 8 կամուրջ են վերականգնել՝ ծախսելով 372,7 միլիոն դրամ: Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի շրջանակում էլ 2010-ի պետբյուջեով նախատեսվել է ավելի քան 14 միլիարդ 504 միլիոն դրամ:

Պարոն Մանուկյանն անդրադարձավ նաեւ Հայաստանի ֆինանսների նախարարության վերահսկողական վարչության՝ վերջերս ներկայացրած եզրակացությանը: Հիշեցնենք, որ վարչությունը բացահայտել էր, որ տրանսպորտի ու կապի նախարարությունը ոչ պատշաճ վերահսկողություն է իրականացրել «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի ծրագրի շրջանակներում ընթացող ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ, ինչպես նաեւ հավելագրումներ է կատարել ճանապարհների ձմեռային ռեժիմների պահպանման ընթացքում ու ոչ իրատեսական աշխատանքներ է ֆինանսավորել Հալիձոր-Տաթեւ ճանապարհի կառուցման ընթացքում: «Լավ չեն արել, որ նման բաներ են հայտարարել: Նման հայտարարություններից առաջ պետք է նախ աշխատանքային սենյակում մեզ հետ խոսեն: Ինչ վերաբերում է ճանապարհահատվածի աշխատանքներին, ասեմ, որ դրանք մեր կողմից դեռ չեն ընդունվել, իսկ ընդունման ակտի հետաձգումն էլ պայմանավորված է հենց մեր կողմից սկսված ստուգումների իրականացմամբ»: Նախարարի խոսքով, հենց սկզբից իրենք ցանկացել են նախագծային աշխատանքներում որոշակի փոփոխություններ մտցնել: Վերադառնալով ֆինանսների նախարարության քննադատությանը՝ հողային աշխատանքների ծավալների կտրվածքով, նախարարն ասաց. «Հալիձորում 3 ամիս են աշխատել, գուցե իրենք վերջին 25 օ՞րն են հաշվել: Ով չի հավատում, թող մետրն առնի՝ գնա չափելու»: Նախարարը պատասխանեց նաեւ այն հարցին, թե կադրային փոփոխությունների ցուցակում ինքն ընդգրկվա՞ծ է, թե՞ ոչ. «Հարցրեք նրանց, ովքեր ցուցակներն են կազմում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել