«Ա1+»-ին հեռարձակման արտոնագրի հերթական մերժումն այսպես է գնահատում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
– Ե՛վ միջազգային հանրության, ե՛ւ Հայաստանի քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչները, որոնք ընդունում էին, թե էլեկտրոնային լրատվամիջոցներում կա բազմակարծության պակաս՝ հույս ունեին, որ հեռարձակման արտոնագրման մրցույթի միջոցով կլուծվի այդ խնդիրը: Քանի որ այդ գործընթացն արդեն ավարտվեց՝ գնահատենք, թե արդյոք արդարացա՞ն այդ հույսերը, թե՞ վիճակն ավելի վատթարացավ:
– Նախ՝ Հայաստանի տեղեկատվական դաշտում բազմակարծության պակասի խնդիրը չէի կապի այս մրցույթների հետ, քանի որ այն ունի նաեւ լուծման այլ ճանապարհներ: Եվ առաջին հերթին՝ դա ժամանակակից հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումն է, ինչը մեզ ինքնաբերաբար հասցնելու է այնպիսի իրավիճակի, երբ բազմակարծությունն ապահովված կլինի: Այսօր խնդիրը միայն հասանելիության հետ է կապված. բազմակարծություն կա՝ մնում է, որ լուծվի բնակչության մեծ մասի համար այդ տեղեկությունների ստացման խնդիրը, որը զուտ տեխնիկական է:
Ինձ համար այս մրցույթներն ավելի շատ ազդակ էին, թե որքանով է մեր իշխանությունը, պետական մեր համակարգը՝ ընդհանրապես, պատրաստ ուղղել այն սխալները, որոնք եղել են մինչ այսօր: Այսինքն՝ եթե խախտվել է տվյալ ընկերության իրավունքը (ինչի առնչությամբ այլեւս ոչ մեկը կասկած չունի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռից հետո), ի՞նչ է արել Հայաստանը, որ վերականգնի այդ իրավունքը: Արդյոք ինչ-որ բան արե՞լ է: Ամեն ինչ արել է, որ չվերականգնի՝ ե՛ւ հետաձգել է մրցույթները, ե՛ւ ընդունել օրենքի փոփոխություններ, որոնք դժվարացնում են իրավունքի այդ վերականգնումը, եւ, ի վերջո՝ անցկացվել է մրցույթ, որի արդյունքում թվային հեռարձակման հնարավորություն չեն ստացել 2 հեռուստաընկերություններ, որոնք համարվում էին իշխանությունների կողմից չվերահսկվող՝ ի տարբերություն մնացածի, որոնք կա՛մ վերահսկվող են, կա՛մ գոնե հարմարվող:
– Նույն հարցը ուղղել էինք նաեւ ՀՌԱՀ նախագահին, որը պատասխանեց. «Եթե ենթադրվող բազմակարծությանը նպաստող ընկերությունը մրցութային առաջարկով ներկայացնում է կեղծ փաստաթղթեր՝ որեւէ դեպքում այդ փաստաթղթերը չէին կարող լինել հաղթող», եւ «Իրավակա՞ն է արդյոք այն մոտեցումը, թե օրենքով նախատեսված՝ հաղթողի ընտրության չափորոշիչները պիտի թողնել մի կողմ եւ առաջնորդվել բացառապես այլ չափորոշիչով»:
– Ոչ մի դեպքում օրենքի որեւէ խախտման ակնկալիք պատասխանատու քաղաքացիները չունեին ՀՌԱՀ-ից: Բայց մենք բոլորս սպասում եւ պահանջում էինք, որ ամբողջ մրցույթն անցկացվի թափանցիկության, օրենքին խիստ հետեւելու պայմաններում: Ու նաեւ եղել են նախաձեռնություններ, որ շատ ուշադիր ուսումնասիրվեն բոլո՛ր փաթեթները, ներկայացված բոլո՛ր փաստաթղթերը, որպեսզի հանրությունը որեւէ կասկած չունենա, թե եղել է անաչառ ու հավասար մոտեցում: Եթե այն, ինչ գտնվել է «Ա1+»-ի փաթեթում, որակենք որպես փնթիություն՝ համոզված եմ, որ մյուս փաթեթներում բավականին շատ են եղել նույն կարգի բազմաթիվ փնթիություններ կամ միտումնավոր կեղծիքներ (դրանք շատ են եղել նաեւ 2002-2004 թվականներին անցկացված մրցույթների ժամանակ՝ սա ապացուցված է մի շարք ուսումնասիրություններով): Եվ որպեսզի նման բոլոր կասկածները վերացվեին՝ պետք էր անպայման այս մրցութային գործընթացում ընդգրկել անկախ փորձագետների, նրանց համար բացել փաթեթները, հնարավորություն տալ ուսումնասիրել, եւ եթե առաջանային կասկածներ, ապա դրանք խորությամբ ստուգվեին:
– Ձեր կարծիքով ինչո՞ւ ՀՌԱՀ-ը հետեւողականորեն անտեսեց ե՛ւ ԵՄԱ այդ առաջարկը՝ փորձագետներ ներգրավելու մասին, ե՛ւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի առաջարկը՝ ՀՌԱՀ կայքում հրապարակելու մրցութային բոլոր հայտերը: Գուցե դրանք ավելացնեի՞ն նրանց կայացրած որոշումների նկատմամբ վստահությունը:
– Շատ լավ հասկանում էին, որ մեր հեռուստառադիոդաշտի այսօրվա պայմաններում շատ հեշտ էր համարյա բոլոր փաթեթներում տեսնել բազմաթիվ թերություններ եւ օրենքի խախտումներ: Եվ դա կարող էր հանգեցնել նրան, որ ընդհանրապես տապալվեին մրցույթները: Եթե համարենք, որ «Ա1+»-ի փաթեթն ուներ ինչ-որ թերություններ, որոնք հնարավորություն չէին ընձեռում այն բարձր գնահատել, ապա ուրիշների դեպքում հայտերը կարող էին ընդհանրապես չընդունվել՝ կեղծիքները շատ լինելու պատճառով: Այդպիսի նախաձեռնություն հանդես բերեց նաեւ ինքը՝ «Ա1+»-ը, որը ՀՌԱՀ-ին խնդրել էր իր համար բացել երկու մրցույթների փաթեթները, սակայն դա փաստորեն մերժվեց՝ այդ փաստաթղթերը կտրամադրվեն միայն հունվարի 20-ից հետո, երբ արդեն բավական դժվար կլինի հետ տանել այս գործընթացները:
– Այնուամենայնիվ՝ այն հիմնավորումները, որոնցով «Ա1+»-ն արդեն 13-րդ անգամ չստացավ արտոնագիր՝ այդ հեռուստաընկերության շատ պաշտպանների «լեզուն կարճեցրեց»: Թե՞ կարծում եք, որ այս կապակցությամբ արձագանքները դեռ սպասելի են:
– Արձագանքները միանշանա՛կ սպասելի են: Գտնում եմ, որ «Ա1+»-ի հարցը փորձեցին լուծել շատ կոպիտ ձեւով: Ես դա համարում եմ ցուցադրական մարտահրավեր կամ, օգտագործելով «Freedom house»-ի բնորոշումը՝ նաեւ ապտակ Հայաստանի եւ միջազգային հանրությանը: Դա իրոք ապտակ էր, թե տեսեք՝ չնայած դուք համարում եք, որ երկրում չկա բազմակարծություն, բայց այլ գրեթե բոլոր ալիքները ստանում են առավելագույն գնահատականներ, իսկ դա նշանակում է, որ նաեւ իրենց բազմակարծությունն է գնահատվում շատ բարձր, իսկ «Ա1+»-ը գնահատվում է զրո: Չնայած ՀՌԱՀ-ն իր որոշմամբ ընդունել է, որ սեփական եւ հայրենական հաղորդումների ներկայացված ծավալը բավարար է, այդ լրատվամիջոցի աշխատակազմի մասնագիտական պատրաստվածության որակը բարձր է, եւ հեռուստաընկերությունը կարող է նպաստել բազմակարծությանը: (Ի դեպ՝ ՀՌԱՀ որոշման մեջ այս կապակցությամբ նշված հիմնավորումը հնարավոր չէ գնահատել այլ կերպ, քան վատ թաքցրած ծաղր. «Հակառակ այն հանգամանքին, որ «Մելտեքս» ՍՊ ընկերության բիզնես ծրագրում առանձին նկարագրված չեն տվյալ չափանիշի ապահովման սկզբունքներն ու միջոցառումները, այդուհանդերձ, ՀՌԱՀ-ը կասկածի տակ չի առնում ընկերության կողմից բազմակարծությունը խթանելու կարողությունը».- Ա. Ի.): Բայց միեւնույն ժամանակ՝ 7 անդամները գնահատեցին զրո՝ այն հիմնավորմամբ, թե այն ֆինանսական միջոցները, որն ունի «Ա1+»-ը՝ հնարավորություն չեն ընձեռում իրագործել ներկայացված ծրագիրը, դրսեւորել աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը եւ բազմակարծությունը խթանելու կարողությունը: Սա, ըստ իս, անտրամաբանական մոտեցում է ՀՌԱՀ-ի կողմից եւ ոչ պրոֆեսիոնալ, քանի որ բոլոր չափորոշիչները պետք է գնահատել առանձին՝ առանց մեկը կապելու մյուսի հետ: Հենց դրա համար են այդպես տարբերակված չափորոշիչները:
Վստահ եմ, որ կլինեն այս ամենի արձագանքները: Ակնկալում եմ, որ լինելու է դատական բավական լուրջ գործընթաց եւ ավելի լուրջ վերլուծություն այն ամենի, ինչ կատարվեց: Եվ քանի որ շատ կոպիտ ձեւով է ամեն ինչ արված՝ կգտնվեն բազմաթիվ թերություններ ՀՌԱՀ որոշումների մեջ:
Հ. Գ. ԵՄԱ նախագահը սպասելի է համարում, որ փորձ կարվի սահմանափակել նաեւ համացանցային հեռարձակումը: Նաեւ նշում է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը լրամշակող խմբում աշխատանքներն ընթանում են շատ դանդաղ եւ առայժմ չունեն որեւէ սկզբունքային դրույթի ձեւակերպում: Հարցազրույցի այս հատվածը կներկայացնենք տոներից հետո: