2010թ. դեկտեմբերի 1–ին ՀՌԱՀ-ը կատարելով ՀՀ քաղաքական իշխանությունների պատվերը՝ կրկին ակնհայտ եւ ապօրինի խախտումներով մերժեց «Ա1+» անկախ (ժողովրդական) հեռուստաընկերության եթեր հեռարձակվելու իրավունքը: ՀՀ քաղաքական իշխանությունների կողմից իրականացված այս քայլը եւս մեկ անգամ հաստատում է, որ ի դեմս այս խմբի՝ Հայաստանը ձեւականորեն է անդամակցում ԵԱՀԿ-ին եւ չի պատրաստվում կատարելու իր իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: Մասնավորապես, իր այս քայլով քաղաքական իշխանությունները մերժեցին կատարելու «Ա1+»-ի վերաբերյալ կայացրած Եվրոպական դատարանի որոշումը: Քաղաքական իշխանությունների այս որոշումը ապացույցն է այն բանի, որ նրանք պետականորեն արգելում են ՀՀ քաղաքացիներին՝ անհատներին եւ հասարակական, հասարակական-քաղաքական միավորումներին, ազատորեն ստանալու տեղեկատվություն, ինչպես նաեւ իրացնելու իրենց ազատ արտահայտվելու իրավունքը Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս: Իշխանությունների քամահրական եւ ցինիկ վերաբերմունքը ՀՀ քաղաքացիների նկատմամբ եւս մեկ անգամ ապացուցում է, որ նրանք չեն վայելում հասարակության մեծամասնության վստահությունը եւ պատրաստվում են կրկին պետական հեղաշրջման:
«Ա1+» հեռուստաընկերության վերաբացումը՝ հեռուստաեթերով հեռարձակվելու իրավունք ունենալը, այլ ոչ թե հեռուստաեթերով հեռարձակվելու իրավունք շնորհելը, հասարակական պահանջ է, եւ այն պետք է իմպերատիվ կարգով կատարվի ՀՀ իշխանությունների կողմից: ՀՀ Սահմանադրությունը ուղղակիորեն պահանջում է ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ արտահայտվելու եւ տեղեկատվություն ստանալու իրավունքը, եւ այդ պահանջը պետք է կատարվի:
“Հայ քաղաքացիական հասարակություն”
Մարդու իրավունքների
պաշտպանության ընկերակցութուն
Դեկտեմբեր 22, 2010թ.
Լոս Անջելես