Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞ւմ է ուղղված ռազմական բյուջեն

Դեկտեմբեր 25,2010 00:00

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը որոշ բաներ է հիշեցնում ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչին:

ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Թոֆիկ Մուսաեւը վերջերս նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որում բողոք է հայտնում ընդդեմ Հայաստանի: ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը «Առավոտի» միջոցով հակադարձելով ադրբեջանցու նամակին՝ ասաց. «Նախ, Ադրբեջանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված իր նամակում լավ կաներ նշեր, թե հատկապես ո՞ւմ դեմ է ուղղված իր երկրի՝ տարեցտարի մեծացող ռազմական բյուջեն, եւ ո՞ր տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանն է այն սպառնալու: Մուսաեւը, իհարկե, մոռացել է այն մասին, որ նույն ՄԱԿ-ի զինվորական սպառազինությունների մասին միայն 2009 թվականի ռեգիստրի տվյալներով՝ Ադրբեջանը տարբեր երկրներից ձեռք է բերել զենիթահրթիռային եւ ռազմաօդային տարբեր միավորներ, իսկ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված իր քաղաքականության մեջ չի թաքցնում, որ պատրաստ է նաեւ ռազմական ճանապարհով լուծել խնդիրը, ինչը ուղղակի սպառնալիք է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության սահմաններին: Մուսաեւը նաեւ մոռացել է իր նամակում նշել, թե 2009-ի ընթացքում քանի անգամ է Ադրբեջանը խախտել հրադադարի ռեժիմը եւ դիվերսիոն գործողություններ կազմակերպել ինչպես Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում, այնպես էլ Հայաստանի սահմաններին մոտ:

Ի գիտություն Մուսաեւի, ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը բազմիցս է հայտարարել, որ հանդիսանում է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ անվտանգության երաշխավորը, եւ սրա մասին գիտեն նաեւ ՄԱԿ-ում:

Իսկ եթե Մուսաեւը եւ իր ադրբեջանցի ղեկավարները իսկապես մտահոգված են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցով, ապա թող ավելի ուշադիր լինեն եւ հիշեն, որ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները միջնորդական առաքելության շրջանակներում բազմիցս ընդունել են տարբեր հայտարարություններ, որոնցում շեշտված են նաեւ ուժի եւ ուժի սպառնալիքի բացառման եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին հիմնարար սկզբունքները:

Կարծում եմ՝ շատ ավելի լավ կլիներ, եթե մեր հարեւան պետության ղեկավարները այս ու այն կողմ նամակներ գրելուց առաջ նախ մտածեին այս ամենի մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել