Եվ կապ չունի՝ հավատո՞ւմ ես դու նրա գոյությանը, թե՞ ոչ
«Առավոտի» ամանորյա բլից-զրույցները հայաստանյան ընդդիմադիր գործիչների՝ մեծ մասամբ Հայ ազգային կոնգրեսի ղեկավար ներկայացուցիչների հետ ցույց տվեցին, որ շատ լուրջ մարդիկ, որոնք սովորաբար ներքին եւ արտաքին քաղաքական լուրջ վերլուծություններ ու մեկնաբանություններ են անում, ժամանակ առ ժամանակ՝ հատկապես Ամանորի շեմին, կարող են նաեւ մի քիչ անլրջանալ ու «խոստովանել», որ հավատում են կամ կուզեին հավատալ Ձմեռ պապի գոյությանը: Մեր հարցերը զրուցակից բոլոր քաղաքական գործիչներին գրեթե նույնն էին՝ հավատո՞ւմ են Ձմեռ պապի գոյությանը, նրանից երբեւէ նվեր ստացե՞լ են ու ի՞նչ են ակնկալում նրանից գալիք տարի: Մեր այս հարցադրումը գրեթե բոլոր հարցվածների մոտ նախ՝ ժպիտ կամ լիաթոք ծիծաղ էր առաջացնում:
ՀԱԿ, Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյան. «Ձմեռ պապի ինստիտուտին, էդ գաղափարին, իհարկե, հավատում եմ:
Նվեր փոքր ժամանակ շատ եմ ստացել: Հիմա դժվարանում եմ հիշել, թե որն է եղել ամենատպավորիչ նվերը: Ընդհանրապես իմ մանկությունը բավականին հանգիստ է եղել ու անցել է շատ ջերմ մթնոլորտում: Մեր ընտանիքում ինձ շատ ջերմ էին վերաբերվում, ու ես փոքր ժամանակ Ձմեռ պապից, իսկապես, նվերներ սպասել ու ստացել եմ»: Իսկ քաղաքական համատեքստում Հովհ. Հովհաննիսյանը Ձմեռ պապից ակնկալիք չունի. «Ձմեռ պապից սպասելիքներ չունեմ. ինչ-որ ակնկալում եմ, մենք պիտի անենք: Ձմեռ պապը թող գա, էս ժողովուրդը, մեր երեխաները թող ուրախանան, բայց Ձմեռ պապը չէ, որ մեզ քաղաքական փոփոխություններ պիտի բերի»:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Զ. Սարգսյան. «Միանշանակ հավատում եմ եւ ուզում եմ, որ աշխարհի բոլոր երեխաները Ձմեռ պապի գոյությանը հավատան, ու բոլոր երեխաներին Ձմեռ պապը նվեր բերի: Կուզեի, որ մեծերն էլ իրենց մեջ այնքան ուժ ունենային, որ մեծ տարիքում երեխայի նման հավատային Ձմեռ պապի գոյությանը»: Ա. Սարգսյանն ասաց, թե Ձմեռ պապը հիմա էլ է իրեն նվեր բերում: Իսկ մանկության տարիներին նրա բերած ամենատպավորիչ նվերը ֆոտոապարատն է եղել, որը նա ստացել է, երբ 12 կամ 13 տարեկան էր: Ի՞նչ կուզեր, որ այս անգամ բերի Ձմեռ պապը. «Ուզում եմ, որ գալիք տարում խաղաղություն լինի, որ սահմանի վրա կանգնած զինվորը թիկունքն՝ ապահովված, առջեւում՝ խաղաղություն, մեր երկրում ապրող մարդը երկրի ներսում ապագա ու հաջողության հասնելու հնարավորություն տեսնի, փոփոխությունները միայն բարի եւ լավը լինեն»:
Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը նախընտրեց լուրջ ու խիստ լակոնիկ այս պատասխանը. «Ես ուրիշ բանի եմ հավատում. հավատում եմ, որ կգա այն պայծառ օրը, երբ լրագրողներն այդ հարցը այլեւս չեն տա»:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ, բարեբախտաբար, հավատում է Ձմեռ պապի գոյությանը. «Իհարկե, հավատում եմ: Անձնական իմաստով Ձմեռ պապից ոչ մի ցանկություն չունեմ. անձնական կյանքում ամեն ինչ նա արդեն տվել է՝ շատ լավ ընտանիք, մայր, եղբայր, լավ ընկերներ (թու-թու-թու), Աստված մեր Ձմեռ պապին թող երկար կյանք տա: Ես ուրիշ մեծ ցանկություն ունեմ. ուզում եմ Ձմեռ պապն էնպես անի, որ 2011 թվականին գոնե մի 10 րոպե Հայաստանի ժողովուրդը փողի մասին չմտածի»: Ձմեռ պապից ստացած ամենալավ եւ տպավորիչ նվերը ՆԺԿ նախագահը ստացել է, երբ 5-6 տարեկան էր: Նվերը նրան հայրն էր փոխանցել. «Ֆրանսիական խաղալիք էր: Փարիզում, Էյֆելյան աշտարակի հարեւանությամբ, մի հանրահայտ կարուսել կա. դրա խաղալիք տարբերակն էր՝ պտտվում էր, ձիերը շարժվում էին, նվագում էր, գույնզգույն լույսեր կային վրան: Թաղամասի բոլոր երեխաները գալիս էին էդ խաղալիքը տեսնելու»:
Գալիք տարին, այսպես ասած՝ նախընտրական է, հետն էլ՝ վախկոտ Նապաստակի: Դա ձեզ չի՞ զգուշացնում: «Նապաստակն ինձ ի՞նչ կարող է անել. ես ծնվել եմ Վիշապի տարում: Նապաստակը Վիշապին ի՞նչ պիտի անի: Դե, մյուս՝ 2012 թվականն էլ իմ՝ Վիշապի տարին է»,- մեր հարցին առանց երկմտելու պատասխանեց ՆԺԿ նախագահը:
ՀԺԿ խորհրդի քարտուղար Գրիգոր Հարությունյան. «Ձմեռ պապին, այո, հավատում եմ: Իհարկե, նրանից նվերներ ստացել եմ: Ամենալավ նվերը, որը տպավորվել է հիշողությանս մեջ, մանդարինով եւ այլ մրգերով լցված տոպրակն էր: Իսկ քաղաքական առումով Ձմեռ պապից ակնկալիք չունեմ: Մենք մեր շարքերում պապիներ շատ ունենք: Այդ պապիները թող դառնան Ձմեռ պապեր ու մեր երեխաների համար լավ ապագա, արդարություն եւ հաղթանակ ապահովեն»:
«Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանն էլ ասաց, որ հավատում է Ձմեռ պապի գոյությանը, բայց անձամբ իր համար նրանից որեւէ ակնկալիք չունի. «Ուրիշների համար՝ այո. հնարավորինս ուրախ պահի մեր երեխաներին: Իսկ քաղաքական համատեքստում՝ չխառնվի էս կեղտի հետ ու սպիտակ դեմքը հանկարծ չսեւացնի»: Փոքր ժամանակ Ձմեռ պապից նա էլ է նվեր ստացել. «Ամենատպավորիչ նվերը այս պահին չեմ հիշում, բայց հաստատ որպես նվեր զենք ստացած կլինեմ»: Իսկ ի՞նչ եք նվիրում ձեր երեխաներին: «Իմ երեխաներն էլ զենք շատ են սիրում»,- ասաց Սեֆիլյանն ու մեր հարցին՝ նրանց ամեն տարի զե՞նք եք նվիրում, պատասխանեց. «Ոչ միայն»:
ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյան. «Իհարկե, հավատում եմ. ե՛ւ հեքիաթների եմ հավատում, ե՛ւ Ձմեռ պապի գոյությանը, ու վստահ եմ, որ 2011 թվականը Ձմեռ պապը մեր ամբողջ ժողովրդին մի մեծագույն նվեր է մատուցելու»: Ու ո՞րն է ակնկալվող այդ մեծագույն նվերը: Պատասխանը շատ հստակ էր՝ «Առանց Սերժ, առանց Ռոբ Հայաստանը»: ՍԴՀԿ ատենապետը Ձմեռ պապից նվերներ ստացել ու շարունակում է ստանալ: «Իհարկե, ստացել եմ ու այս տարի էլ եմ ակնկալում: Ամենատպավորիչ նվերը փուչիկների փունջն էր, որ ստացել եմ արդեն շատ մեծ տարիքում»,- ծիծաղեց տիկին Սարգսյանը:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն էլ հավատում է Ձմեռ պապի գոյությանը. «Միշտ հավատացել եմ, որովհետեւ այդ հավատը ոչ թե ուրիշի, այլ քո մեջ է: Անշուշտ, միշտ էլ ակնկալիքներ ունեմ Ձմեռ պապից: Ցանկացած Ձմեռ պապ, ցանկացած հեքիաթ կամ որեւէ լավ բան մեր մեջ է, մենք մեր մեջ պիտի փնտրենք այն, ինչ ուզում ենք դրսում գտնել, եթե մեր մեջ կա այդ հեքիաթը, Ձմեռ պապը, իդեալը: Ձմեռ պապից ես ակնկալում եմ երկրիս հաջողությունը, բարգավաճումը, կանխատեսելի լինելը եւ վստահ եմ, որ դա լինելու է, որովհետեւ երբ մի բան շատ ես ուզում, անպայման լինում է: Նվեր ստացել եմ միշտ, թե ո՞րն էր ամենատպավորիչը՝ չեմ հիշում»:
Մեր կողմից հարցվածներից, թերեւս, միակ մարդը, որը չէր հավատում Ձմեռ պապի գոյությանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն էր. «Քանի որ սա հրապարակվելու է մամուլում, որը երեխաները չեն կարդում, ապա անկեղծորեն ասեմ՝ չեմ հավատում: Դե, երեւի տարիքի հետ է կապված: Ուղղակի իմ Ձմեռ պապը մի քիչ ուրիշ Ձմեռ պապ է, թե չէ, հավատալը՝ հավատում եմ երազանք պահելուն, բարեմաղթանքներ հղելուն եւ դրանց արժանանալուն: Հավատում եմ, որ այդ երազները երբեմն, անգամ անկախ նրանից՝ դրանց մասին հայտարարո՞ւմ ես, թե՞ ոչ, կարող են նաեւ իրականանալ: Ուղղակի դրան փոքր ժամանակ Ձմեռ պապ էինք ասում, հիմա մեկը դրան Աստված է ասում, մյուսը՝ բնություն կամ այլ բան: Բայց ես հավատում եմ, որ մի վերին ուժ կա, որը, երեւի թե, լսում եւ երբեմն-երբեմն կատարում է մեր ցանկություններն ու ակնկալիքները»: Փոքր տարիքում Սաֆարյանը, իհարկե, Ձմեռ պապի գոյությանը հավատացել է. «Հավատացել եմ: Նվեր էլ եմ ստացել»: Ամենալավ նվերը մեծ խաղալիք ձին է եղել, որին «սանձել» Սաֆարյանը սիրել է: Իսկ քաղաքական տարում նա մաղթեց, որ բոլորի երազանքներն ու բարի նպատակներն իրականություն դառնան. «Թող բոլոր մարդկանց սրտերում, օջախներում եւ Հայրենիքում խաղաղություն, հաշտություն, սեր ու բարեկեցություն տիրի: Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ նաեւ բոլոր լրագրողների Ամանորը, մաղթում եմ բեղուն աշխատանք եւ հաջողություններ»:
Ի դեպ, քաղաքական գործիչներից մեկն էլ մեր հարցին՝ Ձմեռ պապից ի՞նչ ակնկալիքներ ունի, կատակով պատասխանեց. «Մարդը դադարում է Ձմեռ պապից ակնկալիքներ ունենալ, երբ սկսում է ակնկալիք ունենալ Ձյունանուշից»: