Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

Դեկտեմբեր 25,2010 00:00

\"\"Ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը խոստացավ, որ ոչ մի խախտում անպատիժ չի մնալու

Անցնող տարվա աշխատանքի արդյունքն ամփոփելով՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը երեկ լրագրողներին տեղեկացրեց, որ տարբեր ոլորտներում կատարած ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվել են լրջագույն չարաշահումներ: Զգուշացնելով, որ բավականին մեծ ծավալի նյութ կա իր ձեռքի տակ, ծառայության պետը ներկայացրեց միայն պատառիկներ այդ նյութից: Հարկ համարեց խոսել Կոտայքի մարզի, Հրազդանի եւ Ծաղկաձորի քաղաքապետարանների, բնապահպանության նախարարության, կրթության ու գիտության նախարարության, գյուղատնտեսության նախարարության, առողջապահության նախարարության եւ բարեգործական ծրագրերի համակարգման կոմիտեում կատարված ուսումնասիրությունների եւ որոշ բացահայտումների մասին:

Կոտայքի մարզում տեղի ունեցած 25 օտարման աճուրդներից 15-ը տեղի են ունեցել օրենսդրության խախտումներով: Հրազդան քաղաքում քաղաքապետը կայացրել է հողի օտարման մասին 456 որոշում, եւ բոլորն էլ՝ օրենսդրության խախտումով, առանց ավագանու համաձայնության: Ծաղկաձորում եղել է նույն բնույթի 151 որոշում, երբ հող է օտարվել առանց ավագանու որոշման:

Բնապահպանության նախարարությունում ջրօգտագործման 541 թույլտվությունից 250-ը եղել է օրենքի խախտումով: Գյուղնախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կնքել է պայմանագրեր անտառօգտագործողների հետ, եւ դրանց արժեքների մեջ եղել է տատանում 3-7 անգամ: Կրթության եւ գիտության նախարարությունում փողեր են հատկացվել իբր գիտական ուսումնասիրությունների համար, բայց դրանց 90 տոկոսը տրվել է աշխատավարձի, կամ գիտական սեմինարներ ու գործուղումներ են իբր եղել, բայց դրանք որեւէ փաստաթղթի տեսքով արտացոլված չեն:

Առողջապահության նախարարությունում պետպատվերի շրջանակում գնվել է դեղորայք, բայց շուկայականից բարձր գնով, այն դեպքում, երբ նույն դեղը դեղատներում վաճառվում է ավելի էժան: Նախարարությունը չի ստուգել նաեւ մարդասիրական օգնության գծով ստացված դեղերը, մինչդեռ եղել է դեպք, երբ արտադրողն ինքը հետ է կանչել իր առաքած դեղը, քանի որ այն եղել է վատը, եւ եթե հետ չկանչեր, ուրեմն այդ ղեղը Հայաստանում հայտնվելու էր շրջանառության մեջ: Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ամեն տարի նման խախտումներ են արձանագրվում, բայց ինչպիսի՞ն են հետեւանքները, արդյոք խախտումներ կատարածները համարժեք պատժի՞ են արժանանում, պարոն Հովսեփյանն ասաց, որ հայտնաբերված խախտումներ կատարողները չեն մնա անպատիժ, եւ դրանք կամ վերականգնվելու են փողի տեսքով, կամ լինելու է պաշտոնանկություն, եւ բացի այդ՝ առաջարկվելու են այդ ռիսկերը նվազեցնելու օրենսդրական փոփոխություններ: 2009 թվականին հայտնաբերված չարաշահումների մասով 16 դեպք ուղարկվել է դատախազություն, հարուցվել է 12 քրգործ, վերականգնվել է ավելի քան 1,4 միլիարդ դրամ, ինչպես նաեւ եղել են պաշտոնանկություններ: Խոստացավ, որ «չի լինելու որեւէ մեկը, որ անպատիժ մնա. ցանկացած չարաշահման, ցանկացած ապօրինության հաջորդելու է պատիժը»:

Ի պատասխան հարցի՝ արդյոք այս բացահայտումների արդյունքում ե՞ւս կլինեն պաշտոնանկություններ, ասենք՝ մինչեւ նոր տարի կամ մինչեւ հին նոր տարի, Հովհաննես Հովսեփյանը նկատեց, թե կադրային հարցերը որոշում է հանրապետության նախագահը, եւ նա, տեղյակ լինելով ամեն ինչից, վերահսկում է ամենը, եւ չարաշահումներն անհետեւանք չեն մնա. «Հանրապետության նախագահը ինքն է որոշում, թե առաջիկայում ինչ պաշտոնանկություններ կլինեն, պարզ ասեմ՝ ՀՀ նախագահը այս ամենի մասին տեղյակ է, եւ ասեմ, որ այս ամենը անհետեւանք չի մնում եւ անպատիժ չի մնում, գործողությունները կատարվում են նախագահի հսկողության տակ»: Գագիկ Շամշյանը նկարելուց բացի՝ նաեւ հարցեր ուներ եւ հետաքրքրվեց, թե ճիշտ չի՞ լինի, որ ՀՀ նախագահի կողմից բարձրացված թիկնապահների հարցով զբաղվի ոչ այլ ոք, քան ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը: Ի պատասխան՝ պարոն Հովսեփյանը ասաց. «Ես կարծում եմ՝ ՀՀ նախագահի հայտնի ելույթում հստակ մեսիջներ կային, եւ վստահ եմ, որ շատ շուտով դուք ինքներդ կզգաք, որ այն ամենը, ինչ հնչեցվեց ՀՀԿ 20-ամյակին նվիրված հոբելյանական նիստում, կունենա անխուսափելի արդյունք: Իսկ ինչ վերաբերում է այդ հարցը վերահսկողական ծառայությանը հանձնել-չհանձնելուն, որոշողը երկրի նախագահն է»: Շամշյանին հետաքրքրում էր նաեւ, թե ով կլինի ՌԴ հաջորդ նախագահը, ի պատասխան՝ հնչեց. «ՌԴ-ում՝ չգիտեմ, բայց Հայաստանի Հանրապետությունում՝ Սերժ Սարգսյանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել