Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամանորի պատմությունը

Դեկտեմբեր 24,2010 00:00

\"\"Պարզվում է՝ Ամանորը գոյություն ունեցող բոլոր տոներից ամենահինն է: Հին եգիպտական բուրգերի պեղումների ժամանակ հնէաբանները գտել են մի տարա, որի վրա գրված էր. «Նոր տարվա սկիզբը»: Հին Եգիպտոսում Նոր տարին տոնում էին այն ժամանակ, երբ Նեղոս գետն էր վարարում (մոտավորապես սեպտեմբերի վերջերին): Նրանց համար Նեղոսի վարարումը կարեւոր իրադարձություն էր, քանի որ միայն դրա շնորհիվ էր, որ չոր անապատում հացահատիկ էր աճում: Նոր տարվա տոնակատարության ժամանակ հին եգիպտացիներն Ամոն աստծու, նրա կնոջ եւ որդու արձանները դնում էին նավակի մեջ, որը մեկ ամիս լողում էր Նեղոսի ջրերում եւ ուղեկցվում երգերով, պարերով ու խնջույքներով: Մեկ ամիս անց արձանները տաճար էին վերադարձվում:
Հին հռոմեացիները դեռեւս մեր թվարկությունից առաջ են սկսել Նոր տարվա առթիվ նվերներ ընծայել միմյանց ու զվարճանալ ողջ ամանորի գիշերը՝ իրար մաղթելով երջանկություն, հաջողություն, բարեկեցություն: Երկար տարիներ հռոմեացիները Ամանորը տոնում էին մարտի սկզբին, մինչեւ որ Հուլիոս Կեսարը ներմուծեց նոր օրացույց, որն այժմ էլ կոչվում է հուլիոսյան օրացույց: Ըստ այդմ, Նոր տարին դիմավորելու օրը դարձավ հունվարի առաջին օրը:
Ասենք նաեւ, հունվար ամիսն իր անվանումն ստացել է հռոմեական Յանուս (Երկդեմ) աստծու անունից: Յանուսի մի դեմքը, իբր, ուղղված էր դեպի հետ՝ անցած տարին, իսկ մյուս դեմքը՝ դեպի առաջ, ապագան: Տոնակատարության ժամանակ մարդիկ իրար ընծայում էին նվերներ եւ երկդեմ Յանուսի պատկերով դրամներ: Ստրուկներն ու նրանց տերերն ուտում ու զվարճանում էին միասին: Բոլոր հռոմեացիները նվերներ էին պատրաստում նաեւ կայսեր համար: Սկզբում դա կամավոր հիմունքներով էր, սակայն ժամանակի ընթացքում կայսրերը սկսեցին պահանջել, որ իրենց ամանորի նվերներ մատուցեն: Ասում են, թե Հուլիոս Կեսարն Ամանորի գիշերն ազատ է արձակել իր ստրուկներից մեկին՝ այն բանի համար, որ վերջինս նրան մաղթել է գալիք տարում ապրել ավելի երկար, քան նախորդում: Հռոմեական կայսր Կալիգուլան Նոր տարվա առաջին օրը դուրս էր գալիս ապարանքի առջեւ գտնվող հրապարակ եւ նվերներ ընդունում իր ենթականերից՝ գրառելով, թե ով ինչ եւ ինչքան է տվել:
Հին Բաբելոնում Ամանորը տոնում էին գարնանը: Տոնակատարության ժամանակ կայսրը մի քանի օրով լքում էր քաղաքը: Քանի դեռ նա բացակայում էր, մարդիկ զվարճանում էին, ինչպես հարկն է: Մի քանի օր անց կայսրն ու նրա շքախումբը՝ տոնական հագուստներ հագած, հանդիսավոր կերպով վերադառնում էՄՁ, իսկ ժողովուրդն անցնում էր իր առօրյա աշխատանքին: Այդպես մարդիկ ամեն տարի վերսկսում էին իրենց «նոր կյանքը»:
Վաղ անցյալում Նոր տարին՝ որպես կանոն, կապում էին գարնան հետ, քանի որ այն բնության զարթոնքն էր եւ նոր բերքի սպասումի սկիզբը: Դա էր պատճառը, որ Ռուսաստանում այն տոնում էին մարտի 1-ին: 14-րդ դարում Մոսկվայի եկեղեցական միությունը՝ հունական օրացույցին համապատասխան, Նոր տարվա սկիզբ սահմանեց սեպտեմբերի 1-ը: Եվ միայն 1699 թվին Պյոտր Առաջինը՝ վերադառնալով Եվրոպայից, հատուկ հրաման արձակեց. «այսուհետեւ տարիները հաշվարկել հունվարի 1-ից»:
Տոնածառի պատմությունը- Եվրոպայում տոնածառը անմիջական նախնի ունի: Դա փայտե բուրգն է՝ զարդարված բուսականությամբ եւ այլ պաճուճանքներով: Բրգի հարթակների վրա մարդիկ դասավորում էին նվերներ ու քաղցրավենիք: Մինչեւ տոնածառի հայտնությունը՝ նման բուրգը Գերմանիայում եւ Հյուսիսային Եվրոպայում համարվում էր Ծննդյան տոների գլխավոր խորհրդանիշն ու զարդարանքը:
Տոնածառի մասին առաջին գրավոր հիշեցումը 16-րդ դարում էր. 1561 թ. գրառված գերմանական աղբյուրներում ասվում է, որ Ծննդյան տոների ժամանակ տանը պետք է լինի ոչ ավելի, քան մեկ տոնածառ:
17-րդ դարում տոնածառն արդեն Ծննդյան տոների համատարած ատրիբուտն էր Գերմանիայում եւ սկանդինավյան երկրներում: Ամերիկա ներմուծվել է գերմանացիների ու անկախության համար մղվող պատերազմին մասնակցող վարձու զինվորների կողմից: 16-րդ դարում Գերմանիայում տոնածառը զարդարում էին տարբեր արձանիկներով, գունավոր թղթերից կտրտված ծաղիկներով, խնձորներով, վաֆլիներով, քաղցրավենիքով եւ այլն: Ընդհանրապես, տոնածառը զարդարելու ավանդույթը կապված է խնձորներով ծանրաբեռնված դրախտային ծառի պատմության հետ: Բողոքական երկրներում տոնածառի հաջողությունները կապված են նաեւ այն պատմության հետ, թե առաջին անգամ Մարտին Լյութերն է մտահղացել մոմեր վառել տոնածառի վրա: Իսկ դրանք էլեկտրական լույսերով փոխարինելու գաղափարը պատկանում է անգլիացի հեռախոսավար Ռալֆ Մորիսին: Ընդ որում, փողոցներում առաջին անգամ տոնածառեր զարդարվել են Ֆինլանդիայում՝ 1906 թվականին:
Քանի որ առաջին տոնածառերը զարդարված են եղել կենդանի ծաղիկներով եւ մրգերով, իսկ հետո՝ նաեւ քաղցրավենիքով, ընկույզներով ու մոմերով, բնականաբար, դա բավականին ծանր էր սովորական ծառի համար: Այդ իսկ պատճառով գերմանացի ապակեգործները սկսեցին արտադրել ապակյա խաղալիքներ՝ որոնք փոխարինելու եկան տոնածառի բնական զարդարանքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել