Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՆԱՊԱՍՏԱԿԸ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿՍԻՐԻ»

Դեկտեմբեր 24,2010 00:00

Այդ են վկայում գուշակի կանխատեսումները

«2011-ին նախագահ Սերժ Սարգսյանի համար ծանր տարի է լինելու: Քաղաքականության մեջ լիքը խնդիրներ կունենա, անընդհատ կգտնվեն չար մարդիկ, որոնք կփորձեն սեւացնել նրա արած քայլերը: Պարոն նախագահի համար շատ հանկարծակի առողջական խնդիրներ ի հայտ կգան, որոնց պատճառով ստիպված կլինի հրաժարվել նախապես պլանավորած մի շարք կարեւոր օտարերկրյա պաշտոնական այցերից: Միայն ընտանեկան անդորրի պահպանման շնորհիվ նա կկարողանա դիմակայել իրեն սպառնացող դժվարություններին, հետեւաբար նրա ընտանիքը պետք է միշտ աջակից լինի նախագահին»,- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին գալիք տարում սպասվող իրադարձությունների մասին իր գուշակություններով «Առավոտի» հետ կիսվեց, իր խոսքով ասած՝ 20 տարվա գուշակ տիկին Անահիտը: Գուշակի փոխանցմամբ, նախագահը պետք է շատ զգույշ լինի, որովհետեւ լիքը «չուզողներ» ունի: Տիկին Անահիտը համոզված է՝ «պարոն Սարգսյանը հավատքով մարդ է, ու հաստատ իմ խորհուրդներին ուշադրություն կդարձնի: Եվ որպեսզի չար ուժերը ոչ նրան, ոչ էլ իր ընտանիքին չդիպչեն՝ խորհուրդ կտամ տան շեմին մի գլուխ սխտոր կախեն, բայց շատ աննկատ, որ ոչ ոք չտեսնի դա: Սխտորը կպաշտպանի նրանց եւ չարից, եւ չոռից, եւ նախանձ մարդկանցից: Դե պարզ է, բոլորիս շրջապատում էլ նախանձ մարդիկ կան, բայց բոլորս էլ հո նախագահ չե՞նք. մեզ մեր չափով են նախանձում, նախագահին՝ խոշոր չափով»:
Գուշակը 2011 թվի համար ժողովրդին հորդորում է լինել բարի, կամեցող ու հանդուրժող, իսկ ինչ վերաբերում է նախագահին, ապա՝ «ժողովուրդը վատ տրամադրվածությունը դեպի նախագահը պիտի փոխի, թե չէ այդ տղայի մոտ (նկատի ունի նախագահին -Ե. Հ.) ոչինչ չի ստացվի: Եթե անընդհատ ասեն ոչինչ չի անում, լավ բաներ չի անում, մենք ընդդիմություն ենք, ինքը իշխանություն՝ մեր թշնամին ա, գլխակերն ա եւ այլն, ապա ամենաբարի մարդն էլ անընդհատ իր հասցեին նման բաներ լսելով՝ վատը կդառնա: Չնայած տարին բարդ է լինելու, բայց ամեն դեպքում նապաստակը նախագահին կսիրի: Նախագահի տիպի մարդիկ չնայած իրենց քայլերով նապաստակի պես են, բայց նաեւ խելացի ու խորամանկ են: Այդ տիպի մարդիկ հարմար առիթները երբեք ձեռքներից բաց չեն թողնում: Վստահ եմ՝ պարոն Սարգսյանի մոտ ամեն ինչ կստացվի»,- ասում է գուշակը: Անդրադառնալով Հայաստանի Հանրապետությանը, ապա ըստ 20 տարվա փորձ ունեցող «մասնագետի» կանխատեսումների՝ եկող տարի առանցքային փոփոխություններ կլինեն: Վերջապես կլուծվի ղարաբաղյան խնդիրը, բայց Ցեղասպանության ճանաչման հարցը՝ ոչ. «այս հարցի հետ կապված շատ ջանքեր կգործադրվեն, հենց դրա պատճառով մեր նախագահը խնդիրներ կունենա, բայց, ցավոք, դրական արդյունք չի լինի մեզ համար»: Գուշակը ազգին չհուսահատեցնելու համար էլ նշեց. «Երկրի ղեկավարը կարգին մարդ է, ինչի ապացույցը վերջին օրերին նրա տեղաշարժերն են՝ պաշտոնների հետ կապված: Խորհուրդ կտամ դադարեցնել նրան սեւացնելն ու թշնամանքի տարածումը: 2011-ին նա շատ բաների կհասնի, եթե համախմբվածություն լինի: Պետք է օգնել նրան, որ տարվա խորհրդանիշը՝ Նապաստակը, չթուլացնի մեր դիրքերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել