Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

2010-ի ֆուտբոլային քրոնիկոնը

Դեկտեմբեր 24,2010 00:00

\"\"Ընդամենը մի քանի օրից պատմություն կդառնա 2010 թվականը, որ հայկական ֆուտբոլի համար հարուստ էր իրադարձություններով ու տպավորություններով: Վագրի տարին մեզ պարգեւեց հաղթանակների ու հպարտության բերկրանք, ափսոսանք արտահայտելու բազում առիթներ նվիրեց ու բազմաթիվ փոփոխություններ բերեց: Վերհիշենք 2010 թվականին հայկական ֆուտբոլի համար ամենակարեւոր ու հիշարժան դրվագները:
Ազգային հավաքականի
աշնանային սենսացիան
Հայաստանի հավաքականի երկար սպասված մեկնարկը հաջող չստացվեց: Մեր ազգային թիմը Վարդան Մինասյանի գլխավորությամբ առաջին խաղում 1:3 հաշվով պարտություն կրեց Բելառուսի ընտրանուց: Բայց մարզչին այդ պարտությունը չընկճեց: Հենց այդ խաղից հետո երիտասարդ մասնագետը հավաքականում սկզիբ դրեց գլոբալ փոփոխություններին, արդյունքն էլ երկար չսպասեցրեց. նախ Ուզբեկստանի հետ ընկերական խաղում Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթանակ տոնեց, ապա՝ երկրպագուներին պարգեւեց հաղթանակի վայելքն արդեն ԵՎՐՈ-2012-ի ընտրական փուլում: Մինասյանի գլխավորությամբ անցկացրած չորս խաղերում Հայաստանի հավաքականը մեկ պարտություն գրանցեց մեկնարկում, ոչ-ոքի ավարտեց արտագնա հանդիպումը մակեդոնացիների հետ, այնուհետեւ Երեւանում սենսացիայի հեղինակ դարձավ՝ 3:1 հաշվով հաղթանակ տոնելով խմբի ֆավորիտ համարվող սլովակների նկատմամբ: Այդ խաղից հետո այլեւս կասկած չկար՝ մերոնք անդորրացիներին կջախջախեն: Հոկտեմբերի 8-ին «Հանրապետականում» հավաքված ֆուտբոլասերները ականատեսը եղան մեր ազգային թիմի՝ 4:0 հաշվով գեղեցիկ հաղթանակին: Արդյունքում, մեր գլխավոր թիմը պատմական երկու ռեկորդ սահմանեց. ՖԻՖԱ-ի նոյեմբեր ամսվա վարկանիշային դասակարգման ցուցակում բարձրացավ իր գոյության պատմության մեջ ամենաբարձր նշաձողին՝ 59-րդ հորիզոնական, եւ տարին եզրափակեց աշխարհում 60-րդ ցուցանիշով: Այս ամենը, ասես, հեքիաթ էր, որի շարունակությունը բոլորս ակնկալում ենք տեսնել նաեւ 2011-ին:
Մրցավարների
որակազրկումը
Հոկտեմբերի սկզբին ՀՖՖ նախագահը մի աննախադեպ որոշում կայացրեց, որը պայթող ռումբի ազդեցություն ունեցավ մեր ֆուտբոլային կյանքում: Ռուբեն Հայրապետյանը, դժգոհ լինելով բարձրագույն խմբի առաջնությունը սպասարկող մրցավարների աշխատանքից, որոշեց որակազրկել վերջիններիս: Իսկ մրցաշարի անցկացումը վտանգի տակ չդնելու համար հանդիպումների սպասարկման գործը վստահեց մանկապատանեկան առաջնություններում գործող մրցավարներին: Ի դեպ, որակազրկված մրցավարների ճակատագիրը դեռեւս անհայտ է:
Ֆուտբոլային
ակադեմիայի բացումը
2007 թվականի աշնանը ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի նախագահներ Զեպ Բլաթտերն ու Միշել Պլատինին Հայաստան կատարած այցի շրջանակներում մասնակցեցին Երեւանում ազգային հավաքականների տեխնիկական կենտրոնի եւ մանկապատանեկան սպորտային գիշերօթիկ դպրոցի հիմնարկեքի արարողությանը: 2010-ի սեպտեմբերին Պլատինին կրկին Երեւանում էր. Գիտելիքի օրը պաշտոնապես բացվեց երեք տարի առաջ հիմնադրված ֆուտբոլային ակադեմիան:
Հենրիխ Մխիթարյանի
տեղափոխությունը՝ «Շախտյոր»
Հայկական ֆուտբոլում տարվա թիվ 1 դեմքը, անկասկած, Հենրիխ Մխիթարյանն է: Բոլորիս հպարտության առիթներից մեկն այն էր, որ երիտասարդ ֆուտբոլիստը Դոնեցկի «Մետալուրգում» արժանացավ ավագի թեւկապին: Սակայն դա Հենրիխի միայն առաջին նվաճումն էր: Ամառային տրանսֆերային պատուհանի փակումից ժամեր առաջ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը 7,5 մլն դոլար արժողությամբ տրանսֆերով տեղափոխվեց դոնեցկի մեկ այլ ակումբ՝ «Շախտյոր», որի հիմնական կազմում շատ արագ գտավ իր տեղը:
«Շիրակի»
անկումն ու
վերակենդանացման ծիլերը
Հայաստանի բարձրագույն խմբի բոլոր առաջնությունների մասնակից «Շիրակի» ճակատագիրն այս առաջնությունում մազից էր կախված: Ֆինանսական դժվարությունները քայքայել էին ակումբը եւ վտանգ կար, որ «Շիրակը» կդադարեցնի ելույթները բարձրագույն խմբի առաջնությունում, քանի որ անգամ մրցավայր մեկնելու համար վառելանյութի գումար չկար: Բարեբախտաբար, ամռան վերջում գյումրեցիներն ունեցան նոր սեփականատեր, ում ջանքերով էլ կամաց-կամաց թիմը վերակենդանանում է: Ու թեեւ գյումրեցիները եզրափակեցին մրցաշարային աղյուսակը, այդուհանդերձ, ՀՖՖ գործկոմը որոշում կայացրեց՝ թույլ տալ «Շիրակին» հաջորդ տարի հանդես գալ բարձրագույն խմբում: Հարկ է նշել նաեւ, որ պատմության ընթացքում 2010-ին առաջին անգամ «Շիրակի» կազմում հանդես եկան արտասահմանցի լեգեոներներ՝ վրացի ֆուտբոլիստներ Միշա Մուրմանիշվիլին ու Գելա Ձամունաշվիլին:
2010-ը հայկական ֆուտբոլի համար, իրոք, հարուստ տարի էր իրադարձություններով ու հարկ է նշել, որ միայն վերը նշված հինգով դրանք չսահմանափակվեցին: Ստորեւ, առանց մեկնաբանության, ներկայացնում ենք եւս մի քանի փաստեր 2010-ի քրոնիկոնից:
Հայաստանի առաջին խմբի առաջնության հաղթող ճանաչվեց Երեւանի «Արարատը»:
Հայաստանի ազգային հավաքականի հրավերն ընդունեց ամերիկահայ ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը:
«Փյունիկ» վերադարձավ Էդգար Մանուչարյանը:
Ռուբեն Հայրապետյանը վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում:
ԵՎՐՈ-2012-ի խաղացանկը Հայաստանի վճռորոշ վետոյի պատճառով որոշվեց վիճակահանությամբ:
Առաջին անգամ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչներում խոշոր հաշիվ գրանցվեց. «Փյունիկ»-«Բանանց»՝ 4-0:
«Միկան» անցավ կադրային փոփոխությունների, երբ թիմն առաջին հորիզոնականում էր ընթանում:
«Գանձասարը» 1500 կմ կտրեց ու Աշգաբադ մեկնեց ավտոբուսով՝ «Թուրքմենբաշիի գավաթի» խաղարկությանը մասնակցելու:
«Կիլիկիան» մարզչական փոփոխությունների դիմեց առաջնությունում հաջող մեկնարկից հետո:
Կրկին հայկական ակումբները տապալեցին եվրագավաթային հանդիպումները…
Այսքանն առանձնացրեցինք 2010-ի չափազանց խայտաբղետ ներկապնակից, որում, հուրախություն մեզ, տաք ու լուսավոր գույներն անհամեմատ շատ էին: Հուսանք, որ մրցաշրջան 2011-ը նոր տաք գույներ կավելացնի մեր ներկապնակին՝ հները իրենց տեղում թողնելով: Ուրախ ՆՈՐ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՏԱՐԻ ենք մաղթում բոլորին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել