Դեկտեմբերի 22-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ընդունել է այս տարվա աստղագիտական միջազգային օլիմպիադայի հայ մրցանակակիրներին: Հերթական անգամ մեր պատանիները վերադարձել էին պարգեւներով, այս անգամ երեք բրոնզե մեդալ են շահել 11-րդ դասարանցի Վիրաբ Գեւորգյանը՝ «Քվանտ» վարժարանից, 11-րդ դասարանցի Արամ Մկրտչյանը եւ 10-րդ դասարանցի Վահան Ասլանյանը (երկուսն էլ՝ ֆիզմաթ դպրոցից): Նրանց ղեկավարներն են Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող եւ ֆիզմաթ դպրոցի ուսուցչուհի Մարիետա Գյուլզադյանը եւ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող եւ «Քվանտ» վարժարանի ուսուցիչ Տիգրան Նազարյանը: Հանդիպմանը ներկա էին նաեւ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը եւ Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը: Ռ. Մարտիրոսյանը ակադեմիայի անունից շնորհավորել է հայ մրցանակակիրներին եւ որպես նվեր յուրաքանչյուրին հանձնել ամերիկյան «Սելեստրոն» ընկերության սիրողական աստղադիտակներ: Օլիմպիադային, որն այս անգամ անցկացվեց հոկտեմբերի 16-24-ին Ղրիմի Սուդակ քաղաքում, ներկայացված էին 18 երկրների 105 մասնակիցներ: Այն բաղկացած էր 3 փուլերից՝ տեսական, գործնական եւ դիտողական: Նշենք, որ Վիրաբ Գեւորգյանն արժանացավ նաեւ տեսական փուլի հատուկ մրցանակին: Աստղագիտական միջազգային օլիմպիադաներն անցկացվում են՝ սկսած 1996թ.: Հայաստանը մասնակցել է կայացած 15 օլիմպիադաներից 11-ում, ընդ որում՝ առանց մրցանակի է վերադարձել միայն մեկ անգամ, ընդհանուր առմամբ շահելով 6 ոսկե, 4 արծաթե եւ 10 բրոնզե մեդալ, այսպիսով հանդիսանալով լավագույն թիմերից մեկը օլիմպիադաների ողջ պատմության ընթացքում: