Վարշավայի շրջանային դատարանը որոշում է կայացրել չքննարկել չեչեն անջատողականների առաջնորդ Ահմեդ Զակաեւի Ռուսաստան էքստրադիցիայի հայցը: Դատական նիստը դադարեցվել է Զակաեւի՝ Լեհաստանում չգտնվելու պատճառով: Այդ մասին հաղորդում է ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ն: Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել 7 օրվա ընթացքում: Դատարանը կարող է քննարկել Զակաեւի Ռուսաստան հնարավոր էքստրադիցիայի հարցը միայն վերջինիս Լեհաստանում գտնվելու պայմաններում եւ ՌԴ կողմից համապատասխան հարցման դեպքում:
Լեհական ոստիկանությունը սեպտեմբերի 17-ին ձերբակալել եւ Վարշավայի շրջանային դատարան էր ներկայացրել Զակաեւին, որը այդ երկիր էր ժամանել չեչեն ժողովրդի համաշխարհային երրորդ կոնգրեսին մասնակցելու համար: ՌԴ-ն Լեհաստանին Զակաեւին ՌԴ վերադարձնելու հարցում էր ուղարկել, բայց դատարանը նույն օրը մերժել էր ՌԴ դատախազության՝ Զակաեւին 40-օրյա կալանքի ենթարկելու հայցը: Իսկ Կոնգրեսի աշխատանքների ավարտից հետո Զակաեւը վերադարձել էր Լոնդոն:
Հիշեցնենք, որ ՌԴ գլխավոր դատախազությունը Զակաեւին մեղադրում է ՌԴ տարածքային ամբողջականությունը բռնությամբ տապալելու եւ սահմանադրական կարգը փոխելու նպատակով զինված ահաբեկչական խմբավորման կազմում անձի, պետական իշխանության, հասարակական անվտանգության եւ կառավարման կարգի դեմ գործած հանցանքների մեջ: Զակաեւը 2001թ.- ից գտնվում է միջազգային հետախուզման մեջ: