Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Ն ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՐԵՑ

Դեկտեմբեր 24,2010 00:00

Իսկ ՌԴ-ում դրան դիմադրողներ կան

Չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգների Սենատը ձայների 71 կողմ, 26 դեմ հարաբերակցությամբ վավերացրել է ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին ռուս-ամերիկյան համաձայնագիրը, որը, ի դեպ, չվավերացնելու պարագայում, Ռուսաստանը սպառնում էր սպառազինությունների նոր մրցավազքով: Կողմերը պայմանավորվածություն ունեն պայմանագիրը միաժամանակ վավերացնելու վերաբերյալ:
Այս տարվա ապրիլին Պրահայում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած փաստաթղթով նախատեսվում է, որ երկու երկրները յոթ տարիների ընթացքում պետք է մեկ երրորդով կրճատեն իրենց միջուկային սպառազինությունները, նաեւ փոխադարձ տեսչական ստուգումներ իրականացնեն: Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը երեկ հայտարարել է, որ խորհրդարանի ստորին պալատը կարող է պայմանագիրը ուրբաթ օրն իսկ ներկայացնել վավերացման: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն:
Մինչդեռ, ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, Պետդումայի ընդդիմադիր խմբակցությունները՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն ու Կոմկուսը, մտադիր են դեմ քվեարկել ռուս-ամերիկյան նոր պայմանագրի վավերացմանը:
«Խմբակցությունը «դեմ» է քվեարկելու: Որոշումն արդեն վաղուց ընդունված է»,- հայտարարել է կոմունիստ պատգամավոր Սերգեյ Օբուխովը՝ նշելով, թե այդ պայմանագիրը սպառնում է Ռուսաստանի ազգային անվտանգությանն ու հակահրթիռային պաշտպանության հիմնախնդիրը չի լուծում:
Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայում պայմանագիրը վավերացնելուց հետո այն պետք է ներկայացվի նաեւ երկրի Դաշնային ժողովի վերին պալատին՝ Դաշնության խորհրդին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել