Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատավարձը բարձրանում է, կոռուպցիան՝ աճում

Դեկտեմբեր 24,2010 00:00

\"\"Ըստ բուհերի ներկայացուցիչների, արատավոր երեւույթի դեմ պայքարելու համար պետք է նախ փոխվի հասարակության մտածելակերպը:

Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդան Սարգսյանը եւ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Կամո Վարդանյանը: Ասուլիսի հիմնական թեման կրթական ոլորտում, մասնավորապես՝ բուհերում նկատվող կոռուպցիայի աճն էր: Հոգեբան Կ. Վարդանյանը տերմինախեղդ անելով նախ յուրովի մեկնաբանեց, թե ինչ է կոռուպցիան, ապա հայտարարեց, որ իրենք ամեն ինչ անում են Մանկավարժական համալսարանում քրեորեն հետապնդելի երեւույթը վերացնելու համար:
Ագրարային համալսարանի ռեկտոր Ա. Թարվերդյանը, չնայած այն հանգամանքին, որ իր ղեկավարած բուհը համարվում է ամենակոռումպացվածներից մեկը, հավաստիացնում էր, թե փորձում են առավելագույնս պահպանել գնահատման օբյեկտիվությունն ու արդարացիությունը եւ անցած 4 տարիների ընթացքում իրականացված շրջափոխումների արդյունքում ագրարային համալսարանում կոռուպցիայի եւ կաշառակերության «մասով» որեւէ բողոք չի եղել ո՛չ ուսանողների, ո՛չ ծնողների, ո՛չ էլ դասախոսների կողմից. «Ռոտացիայի ցուցակը կազմում են ուսանողները, միավորները հաշվում են իրենք, ընդամենը դեկանատին մնում է տվյալները ներկայացնել ռեկտորատ՝ հաստատման»: Ռեկտորը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 1-ից մինչ այսօր, դեռ քննաշրջանը չսկսած, իրենց բուհից հեռացվել է 119 ուսանող՝ անհարգելի բացակայությունների պատճառով: «Ուսումնական պարապմունքին չմասնակցած ուսանողը չի կարող քննության ընթացքում դրսեւորել նորմալ գիտելիքներ»,- ասաց պարոն Թարվերդյանը: Նա կասկածի տակ դրեց «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» կազմակերպության իրականացրած վերջին հետազոտության արդյունքները, որի համաձայն՝ կրթական ոլորտը համարվել էր ամենակոռումպացվածը. «Արդյո՞ք այդ հարցումներն արվում են անհրաժեշտ թվով ուսանողների սահմաններում: Եթե հարցվում է 4-5 ուսանող եւ նրանց արդյունքի վրա կատարվում է եզրակացություն, այդ տվյալները ճշգրիտ են տվյալ խմբի համար, բայց ամբողջ համալսարանի համար՝ բնութագրիչ չեն»: Ռեկտորի համոզմամբ, իր ղեկավարած բուհում կոռուպցիայի աճ չկա: Նաեւ նշեց, որ համալսարանում ուսանողների շրջանում սեփական հարցումներ են անցկացրել, եւ պատկերն այդքան էլ տխուր չէ, ուսանողների սոցհարցումների հիման վրա էլ 38 դասախոս իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Նա դժվարացավ պատասխանել հարցին, թե կոռուպցիայի ի՞նչ տոկոս է գրանցվել սեփական հարցումների արդյունքում. «Եթե նախորդ տարիների ցուցանիշը չունենք, այս տարվա կամ նախորդ տարվա ցուցանիշներով ինչպե՞ս կարող ենք գնահատել՝ աճ կա՞, թե՞ ոչ»:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Վ. Սարգսյանը բուհերում կոռուպցիայի մակարդակի աճի հետ կապված հայտնեց իր վրդովմունքը. «Չի կարելի ասել, որ կոռուպցիա չկա, իրոք կան խնդիրներ եւ պետք են որոշակի ռազմավարություններ՝ դրանք լուծելու համար»: Նա նշեց, որ Տնտեսագիտական համալսարանում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար հատուկ մեխանիզմներ են կիրառում, կաշառակեր դասախոսներին էլ՝ հեռացնում: Ըստ նրա, կարեւորը նախ ուսանողների եւ դասախոսների մտածելակերպը փոխելն է: Կատարած բարեփոխումներից նա մատնանշեց մասնավորապես գիտելիքների ստուգման գործընթացի հետ կապված փոփոխությունները: Ըստ Վ. Սարգսյանի, Տնտեսագիտական համալսարանում արդեն 4 տարի վերացված է բանավոր քննություն կոչվածը: Միայն մագիստրատուրայի 2-րդ կուրսում են քննությունը բանավոր հանձնում, բայց հաջորդ տարի այստեղ էլ այդ համակարգը կվերացվի: Պարոն Սարգսյանի խոսքով՝ շուրջ 30 առարկայի գծով միայն համակարգչային քննություններ են անցկացվում, ուսանողը իր պատասխանած թեստին անձամբ կարող է գնահատել, իսկ դասախոսը նույնիսկ տեղյակ չի լինում, թե քննությունից առաջ ինչ թեստ պետք է լինի: Անդրադառնալով դասախոսների սոցիալական վիճակին՝ Տնտեսագիտական համալսարանի ներկայացուցիչը գոհունակությամբ նշեց, որ վերջին 4 տարիներին դասախոսների աշխատավարձի էական բարձրացումներ են եղել: Նրա խոսքով՝ Տնտեսագիտական համալսարանում դասախոսները, որոնք հիմնականում աշխատում են 1,5 դրույքով, միջինը ստանում են 300 հազար դրամ աշխատավարձ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել