Լրահոս
Օրվա լրահոսը

25 ՀՈԴՎԱԾ, 53 ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբեր 24,2010 00:00

«Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի նախագիծը շատերի սրտով չէ

Երեկ ԱԺ-ում քննարկվեց «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Այն շատերի համար ձանձրալի էր, մյուսների համար լավ հանդիպատեղի՝ վաղուց չհանդիպած գործընկերների հետ շփվելու, որոշ գիտնականների համար էլ՝ պարզապես ինքնադրսեւորվելու, սեփական փիլիսոփայական մտքերը արտահայտելու առիթ: Մինչ քննարկման սուր պատառիկներին անդրադառնալը, նշենք, որ 25 հոդվածից բաղկացած օրենքի նախագիծը ԱԺ-ում արժանացել է 53 դիտողության:
Ակադեմիայի մասին առանձին օրենք ունենալու հարցում գիտական եւ խորհրդարանական շրջանակների ներկայացուցիչներն ունեին տարաբնույթ պատկերացումներ: Ըստ օրենքի նախագծի՝ ՀՀ ԳԱԱ-ն անմիջականորեն պիտի ենթարկվի կառավարությանը: Այս կապակցությամբ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց բարձրացրեց՝ արդյոք ճի՞շտ է, որ ակադեմիան դառնա կառավարության կցորդը: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը այդպես էլ սպառիչ պատասխան չտվեց բարձրացված հարցի վերաբերյալ: ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ հարցրեց՝ կամայական ֆինանսավորումից խուսափելու համար նպատակահարմար չէ՞ր լինի օրենքում հստակ կերպով ամրագրվեր նաեւ ֆինանսավորման հարցը: Ռ. Մարտիրոսյանը պատասխանեց. «Օրենքի նախագծում փորձ արվել է թիվ գրել, սակայն դրա դուրս մնալու պատճառն այն է, որ այսօր կառավարության համար դժվար է հատուկ թվերի պայմաններում ապահովել ֆինանսավորում»: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի համար էլ անհասկանալի էր ԳԱԱ-ի հատուկ կարգավիճակը, որը նախատեսված է 2-րդ հոդվածի 1-ին կետով: Պարոն Մարտիրոսյանը այդպես էլ չկարողացավ պատասխանել՝ ո՞րն է, այսպես կոչված, հատուկ կարգավիճակի էությունը, միայն նշեց, թե ակադեմիային հատուկ կարգավիճակ տալը նորույթ չէ: Տիկին Բախշյանն էլ փոխանցեց գիտնականների մի մասի տեսակետը, թե ճիշտ կլիներ, որ ակադեմիան ստանար գիտախորհրդատվական մի մարմնի կամ հ/կ-ի կարգավիճակ: ԳԱԱ նախագահը խիստ վրդովվեց եւ կտրականապես մերժեց այդ առաջարկը. «Այդ մասին գիտությամբ չզբաղվող մարդկանց կողմից գրված մի ամբողջ տրակտատ կա»:
Հարցուպատասխանի ընթացքում զգացվում էր, որ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը ձանձրացել է, դա վկայեց նաեւ այն, որ նա անընդհատ «ընդմիջում, ընդմիջում» բառն էր բարձրաձայնում: Ընդմիջման ընթացքում «Առավոտը» փոխնախարարից հետաքրքրվեց՝ մի՞թե այդքան ձանձրալի էր: Նա պատասխանեց. «Նախագծի մակարդակին արժանի քննարկում էր»: Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն էլ առանձնապես խանդավառված չէ ակադեմիայի մասին առանձին օրենքով. «Ակադեմիայի մասին օրենքի փոխարեն իմաստ կունենար Գիտության եւ գիտատեխնիկական գործունեության մասին օրենքը՝ ակադեմիայի մասով ընդարձակվեր եւ ունենար ակադեմիայի մասին մի գլուխ: Ինչ վերաբերում է այն հարցին, թե այս օրենքով ակադեմիան կառավարության կցորդն է դառնում, ապա նկատենք, որ եթե պետությունը գիտական պատվեր է տալիս այս կամ այն հիմնարկին, ապա այդ տեսանկյունից այն կախման մեջ է պետությունից: Գիտական հիմնարկների անկախությունը պատվերների կատարման մեթոդների ընտրության մեջ է»:
ՀՀ ԿԳՆ բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնի վարիչ Սիներիկ Հայրապետյանն էլ «Ակադեմիայի մասին» օրենքի անհրաժեշտության մասին ասաց. «Հայտնի է, որ գիտավարչական համակարգը չի արդարացրել իրեն եւ վերջին 20 տարվա ընթացքում ավերել է գիտությունը: Փոխանակ վերանայեն, փաստագրեն՝ տեսնեն ինչ իրավիճակ է տիրում, փորձում են հիմա էլ առանձին օրենքով ամրագրել գիտությունը ավերած գիտավարչական համակարգը: Օրենքի նախագծի համաձայն՝ ակադեմիան պետք է իրականացնի փորձագիտական եւ վարչատնտեսական ֆունկցիա, ինչը կոռումպածին է: Հիմա նման օրենքի ժամանակը չէ: Փոխարենը պետք է գիտության եւ գիտատեխնիկական քաղաքականության մասին նոր օրենք ստեղծել եւ նրա մեջ ամրագրել յուրաքանչյուր գիտական կառույցի կարգավիճակը: Թե չէ՝ ի՞նչ է, հիմա ամեն կառույց իր համար օրե՞նք պիտի ներկայացնի: Սա շարունակությունն է այն տգետ քաղաքականության, որն իրականացվել է 20 տարիների ընթացքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել