Լրահոս
Օրվա լրահոսը

61. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Դեկտեմբեր 24,2010 00:00

\"\"
 Սյունիքի սյուները Գորիսում:

\"\"
Հին Գորիսն ու գերեզմանոցը:

Դիմացի լանջին ուրվագծվեցին ապառաժե սյուները, որոնք հնում սյունեցիների համար թե՛ բնակարան եւ թե՛ ապաստարան են ծառայել, հենց դրա պատճառով էլ երկրամասը որպես սյուների երկիր են բնորոշել ու Սյունիք անվանել: Անցյալ տարի, երբ այցի էի եկել Գորիսում հաստատված բեռլինցի նեյրովիրաբույժ Շահեն Զեյթունցյանին, առաջին հերթին ուղեւորվեցինք դեպի Հին Գորիս: Արտահայտեցի այն գաղափարը, որ Հին Գորիսը կարող էր քարանձավային զբոսաշրջության հրաշալի հանգրվան ծառայել, սակայն Շահենն ասաց, որ արդեն ուշ է, քանի որ գորիսցիների գերեզմանները արդեն հայտնվել են այդ տարածքում: Իսկ թե ո՞ր զբոսաշրջիկը կցանկանա գերեզմանների հարեւանությամբ գիշերել, անհայտ է: Քաղաքի ու շրջանի այրերը չեն էլ կասկածել, որ գերեզմանոցի նման ընդարձակման միջոցով հետագա սերունդներին զրկել են Գորիսը միջազգային զբոսաշրջության կենտրոն դարձնելու եւ հսկայական եկամուտներ վաստակելու հնարավորությունից: Իսկ գորիսցիների այսօրվա սոցիալական ծանր վիճակը թելադրում է, որ զբոսաշրջության զարգացումից բացի՝ տնտեսական կտրուկ զարգացում դժվար է ակնկալել:
Զանգեցի Շահենին, որպեսզի պայմանավորվեմ ետ ճանապարհին իրեն հանդիպելու իմ ցանկության մասին: Սակայն նա անհասանելի էր:
Հիշում եմ, դեպի Հին Գորիս քայլելիս իմ ուշադրությունը գրավեց գետի հունի մեջ ամենուր թափված աղբակույտերը: Գետը քաղաքային աղբանոցի էր վերածվել: Ամբողջ տարին աղբը այստեղ թափելով, սպասում են, որ գարնանային վարարումների ժամանակ գետի ջրերը կքշեն-տանեն այն: Այս խնդիրը ես չեմ կապում միայն մարզային կամ քաղաքային այրերի բնակավայրի կենցաղը կազմակերպելու անկարողության հետ: Այս հարցերում մեղքի իր բաժինն ունի ողջ բնակչությունը, նրա կենցաղավարությունը, մշակույթի ու բարոյականության հետ նրա առնչությունը:
Այս ամենի կողքին հայորդի Շահեն Զեյթունցյանը Գորիսում հիմնել է եվրոպական չափանիշներով ու գերմանական մաքրության, ազգային մթնոլորտով հագեցած «Միրհավ» հյուրատունը, որի հետ Գորիս է բերել սպասարկման նոր մշակույթ, որը պետք է օրինակ ծառայի հայրենի այս եզերքի համար:
Մեր մեքենան անցավ Գորիսը, ու իմ ուշադրության կենտրոնում արդեն Խնձորեսկն էր: Բարեբախտաբար, Հին Խնձորեսկի տարածքում գերեզմանոց չի հայտնվել, ուստի եւ դեռ հնարավոր է այն քարանձավային զբոսաշրջության վայր դարձնել: Ես ավելի խոսում եմ ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման մասին, քանի որ արդեն երեւում է, որ ժամանակակից տեխնոլոգիաներից շատ ետ ենք մնացել, ու աշխարհի հետ առնչվելու, ապրուստի արդյունավետ միջոցը զբոսաշրջությունն է մնում:
Եթե Տեղ գյուղով անցնող ճանապարհը վարորդների եւ ուղեւորների համար ամենատհաճ հատվածն էր, ապա այս անգամ զարմացրեց նոր անցկացված ասֆալտի հարթությունն ու բարձր որակը: Որոշեցի այս առիթով շնորհավորել կապի ու տրանսպորտի նախարարությանը:
ԼՂՀ սահմանին Արցախաց աշխարհը ցուցանակի միջոցով ողջունում է ուղեւորներին: Իսկ Համահայկական հիմնադրամի ճանապարհն արդեն ճաքեր է տվել: Հակառու գետն այդպես էլ ցուցանակով սխալմամբ Աղավնո է կոչվում: Գետերի անունների տեղափոխումը Բաքվի իշխանությունների խորամանկ քաղաքականության հետեւանքն է: Աղավնո գետը V դարում պարսիկների կողմից ստեղծված Աղվանք եւ Սյունիք մարզպանությունների միջեւ որպես սահման էր ծառայել: Անունների տեղափոխությամբ պատմական սահմանն են տեղափոխել, այդպես հսկա տարածք գրավել Սյունիքից:
Զաբուխը միշտ էլ լուրջ խնդիր էր եղել Սյունիքի ու Արցախի միջեւ կապի համար: Շահ Աբասի կամքով տեղահանված հայերի փոխարեն քրդերը, ամրանալով այստեղ, լուրջ գլխացավանք եղան հայերի գլխին: 1919 թ. զորավար Անդրանիկը իր գնդով կռվելով պետք է Զաբուխով ընդառաջ գնար Շուշիից եկող ԼՂ զորքին: Սակայն հավատում է ադրբեջանցիների սարքած սադրանքին, ենթարկվելով անգլիացի գեներալ Թոմփսոնի հրահանգին, ետ է տանում զորքը, Լեռնային Ղարաբաղը թողնում թուրք-ադրբեջանական զորքերի շրջափակման մեջ: Այնինչ, առաջ շարժվելով, կմիանային Սյունիքն ու Արցախը, հետագա սերունդներին չէին ժառանգի Արցախի ծանր խնդիրը:
1989 թ. լենինգրադցի պոետ Միխայիլ Դուդինի, ԵՊՀ ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետի դեկան, թարգմանիչ Լեւոն Մկրտչյանի հետ որոշեցինք Լաչինի ճանապարհով Արցախ մեկնել: Զաբուխ հասանք ու տեսանք, որ հորդացած Հակառուն քշել-տարել է կամուրջը: Ադրբեջանցի միլիցիոները շտապ հայտնեց հրամանատարին, որ հայեր են հայտնվել: Պահակակետից ավտոմատների չրխկոցներ ու հայհոյանքների տարափ լսեցինք: Զգալով, որ անախորժություն կարող է պատահել, այն կանխելու նպատակով դուրս եկա մեքենայից ու տեսախցիկն ուղղեցի ավտոմատի փողը մեզ ուղղած կապիտանին: Օբյեկտիվն ընդդեմ ավտոմատի: «հվՌՎՈպՑպ ՊՈ…», տեղի տալով ասաց նա, առաջարկեց իր օգնությունը մեքենան գետով անցկացնելու խնդրում: Ադրբեջանցի միլիցիոներները մեր մեքենան հրելով անցկացրին մյուս ափը:
Ինձ հետաքրքրեցին ճանապարհի եզրերին ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, բարեգործ Գուրգեն Մելիքյանի ձեռնարկած ծառատունկերի արդյունքները: Երբ տեսա արդեն հասակ առած ընկուզենիների շարքերը, լցվեցի հպարտությամբ: Ինքս բազմաթիվ անգամ ուսանողների հետ մասնակից եմ եղել ծատատունկին, ռեպորտաժներ պատրաստել «Բարեգործ» թերթի համար: «Ընկուզենի տնկելը ռազմավարություն է,- ասում էր Գուրգենը,- մի քանի տարի հետո բերձորցիները տոննաներով ընկույզ կունենան, իսկ դա հարստություն է»: Հիշեցի Ցղնայի ընկուզենիների անտառը: Հարյուր տարի առաջ ցղնեցիները տարեկան հարյուրավոր տոննա ընկույզ են վաճառել մոսկվացիներին: Ցավոք, նախիջեւանցիները հեշտությամբ թողեցին իրենց բնակավայրերը:
Բերձոր հասանք, ու հիշեցի ազատագրված տարածաշրջանի վերաբնակեցման խնդրի մասին: Մինսկի խմբի համանախագահ Ջոն Մարեսկան, այցելելով Արաքսի մերձակա շրջանը, զարմացել էր, որ ԼՂՀ-ն այդպես էլ չի բնակեցնում այս տարածքները: Նա հայտարարել էր, որ երկրորդ բռնագաղթ այս բնակավայրերից ոչ ոք թույլ չի տա: Դրանով նա հուշում էր. «Ձեր տարածքն է, ուրեմն եւ լիիրավ տիրություն արեք ու բնակեցրեք այն»: Սակայն մեր քաղաքական վերնախավի կողմից ի զեն ընդունած «վախվորած» ու չափից դուրս զգուշավոր քաղաքականությունը նման բան թույլ չի տա. «բա որ Ադրբեջանը բողոքի…»: Ազատագրված տարածքներում մի քանի տարի բնակավայրից բնակավայր եմ քայլել, հանդիպել մարդկանց ու գրել «Երկխոսություն Քարվաճառի ճանապարհին» գիրքը, փորձելով հուշել այս տարածքների պետական ծրագրով վերաբնակեցման կազմակերպման անհրաժեշտությունը: Սակայն վերջին տարիներին փոքրիկ ձեռքբերումն անգամ, որը կարող էր զանգվածային բնույթի վերածվել, ի չիք դարձվեց: Ազատագրված տարածքներով իմ ճամփորդության տարիների համեմատ վերաբնակեցումը ոչ միայն նվազել է, այլեւ հենց խնդրին պետական մոտեցում չլինելու պատճառով տարբեր վայրերում բնակություն հաստատած շատ ընտանիքներ հեռացել են ընդմիշտ: Շատ ենք խոսում պատերազմում տարած հաղթանակի մասին: Սակայն հաղթանակը լիարժեք կարող էր լինել միայն ազատագրված տարածքների բնակեցման դեպքում: Այս կարեւոր գործում վճռական պետք է լինեն ոչ միայն ԼՂՀ ու ՀՀ իշխանությունները, այլեւ ողջ Սփյուռքը, հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները: Հակառակ դեպքում՝ մեզ չեն հասկանալու ո՛չ քաղաքակիրթ աշխարհը, ո՛չ էլ կներեն եկող սերունդները:
Ոլորաններից մեր առջեւ հայտնվեց հսկայական շեկ քարը, որով էլ ավարտվում էր Շուշիի սարահարթի հարավային մասը: Երկրակեղեւում տեղի ունեցած շարժումները Կասպիականից այստեղ ձգվող կրաքարի հաստ շերտին ստիպել են վեր ցցվել, ստեղծելով հայոց հինավուրց անառիկ բերդերից մեկը՝ Կարկառ-Շուշին: Արաբական աղբյուրներում (Ասիրի, Համավի) ու հայկական պատմագիրների մոտ (Կիրակոս Գանձակեցի) բերդը Կարկառ է կոչվել: Բերդի «Շուշի» անվանումը առաջինը հանդիպում ենք Երեւանի Մատենադարանում պահվող հենց Շուշիի Ս. Աստվածածին եկեղեցում՝ գրիչ Տեր-Մանուելի 1428 թ. ստեղծած Ավետարանի հիշատակարանում: Սարահարթի ստորոտում լեգենդար Քարինտակ գյուղն է, որի բնակիչները հերոսական ճիգերով դիմագրավել են ադրբեջանական ուժերի բոլոր գրոհներին: Հիշում եմ, քանի անգամ գյուղի վերեւով թռչող ուղղաթիռներից թշնամին գնդակոծում էր գյուղը, ապառաժի ծերպից դիպուկահարները անընդհատ նշանառության տակ էին պահում գյուղի պաշտպաններին, կրակ էին թափում գյուղի վրա: Սակայն, ի զարմանս թշնամու, հայ մարտիկները ոչ միայն չէին ընկճվում, այլ ավելի համառ ու անկոտրում էին դառնում, ավելի հզորանում: Եթե երբեւէ ԼՂՀ իշխանությունները որոշեն հերոսի կոչում շնորհել պատերազմում աչքի ընկած բնակավայրերին, ապա, չթերագնահատելով մնացած գյուղերին, առաջինը նման պատվի պիտի արժանանան Քարինտակը, Խանապատը, Աղջկա Բերդը, Մաճկալաշենը…
Ես գոհ էի, որ պետք է քայլելով հասնեմ Շուշի, քանի որ ժամանակ կունենամ խորհելու: Մարգուշեւան գյուղը թշնամու կողմից օկուպացնելուց, ապա եւ Տոնաշենում քեռուս մահից հետո ասես իմ հարազատ երկրամասում զրկվել եմ հենարանից: Ես սեփական մի փոքրիկ անկյուն անգամ չունեմ, որտեղ կարող եմ ապաստանել, հանգիստ առնել, վայելել հայրենի եզերքի կարոտը: Ես ավելի եմ վհատվում, երբ Գուգլի ծրագրով փնտրում, գտնում եմ արբանյակից նկարահանված այրված հայրենի տան պատկերը: Ու դա է պատճառը, որ ավելի նվազ են դարձել դեպի Արցախ իմ այցելությունները: Շարժման, պատերազմի տարիներին նման խնդիր չկար, յուրաքանչյուր ընտանիք պատրաստ էր հյուրընկալել, օգնել, քանի որ գնահատում էին առաքելությունս: Իսկ այսօր մարդկանց մոտ, ընտանիքներում, ամբողջական բնակավայրերում բարոյական տարօրինակ փոփոխություններ են նկատվում: Ասես թե ավելի ու ավելի եվրոպացի ենք դառնում: Ոչ այն է՝ ուրախանաս, ոչ այն է՝ տխրես…
Տարբեր առիթներով քննադատել եմ իշխանություններին Շուշիի սալարկած ճանապարհն ու փողոցները ասֆալտապատելու համար: Սակայն երբ քայլում եմ հարթ ճանապարհով, արդեն զգում եմ, որ ժամանակակից քաղաք եմ մտնում: Իսկ ես միշտ քարոզել եմ Շուշիի 19-րդ դարի քաղաքային մթնոլորտը վերականգնելու եւ եղածը պահպանելու գաղափարը: Բերդի հարավ-արեւմտյան մուտքի մոտ կուզենայի տեսնել Շուշիի Երեւանյան մուտքի դարպասները: Իրոք, ասֆալտապատ ճանապարհը ավելի հարմար է մեքենաների համար, սակայն Շուշին աստիճանաբար կորցնում է պատմության, 19-րդ դարի յուրօրինակ բնակավայրի մթնոլորտը:
Հասա բարձունքին, որտեղից երեւում է քաղաքի հարավային հատվածը: Մի պահ կանգ առա, ասես համոզվելու, որ կրկին իմ սիրելի բերդաքաղաքում եմ: Ճերմակափայլ Ղազանչեցոց եկեղեցին իր կենտրոնական դիրքով շարունակում է իշխել քաղաքի վրա: Ափսոս, որ չեն պահպանվել նրա ազդեցությունը լրացնող Ագուլեցոց, Մեղրեցոց եկեղեցիներն ու Կուսանաց վանքը:
Երբ հարցրի, թե որտեղ է «Աղավնի» կազմակերպության գրասենյակը, ցույց տվեցին դուռը, որի վերեւում տեղադրված է. «Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի հայորդիների մշակութային կենտրոն» ցուցանակը: Ուրեմն Պարգեւ սրբազանն է ֆրանսահայ Արմենին հատկացրել տարածքը: Ներս մտա: Ընդարձակ սրահում տարեց մարդիկ շախմատ ու նարդի էին խաղում, իսկ պատանիները հարեւան սրահում անգլիական բիլիարդի գնդերն էին գլորում: Արմենն ու իր կինը՝ ռումինուհի Քրիստինե Պոպան համակարգչային սենյակում էին: Այստեղ էին նաեւ մի խումբ դպրոցականներ, որոնք համակարգչային դասընթացներ էին անցնում: Դպրոցականները գալիս էին այստեղ նաեւ օրվա դասերը սովորելու, տնային աշխատանքները կատարելու համար: Քրիստինեն վեց լեզու գիտե ու շատ հարցերում օգնության է հասնում դպրոցականներին: Արմենը ցույց տվեց սրահը, որտեղ պետք է ցուցադրենք Շուշիին նվիրված լուսանկարները: Ցուցահանդեսում ներկայացվող լուսանկարների մի մասը հին է, նույնիսկ 19-րդ դարի Շուշին, նրա մշակութային կյանքի պատկերներ, քաղաքային տեսարաններ: Հին լուսանկարները առանձնացրի՝ մի պատին տեղավորելու համար: Մնացածը տարբեր տարիների ստեղծած իմ լուսանկարներն են: Մինչ Շուշիում ցուցադրելը՝ «111 ակնթարթ Շուշի բերդաքաղաքի կյանքից» խորագրով ցուցահանդեսը ներկայացվել է Մոսկվայում, Երեւանում ու Ստեփանակերտում: Երեկոյան Արմենի ու կենտրոնի կամավորների հետ կախեցինք լուսանկարները:
Հաջորդ օրը դեռ բավականին ժամանակ կար մինչ ցուցահանդեսի բացումը, ուստի եկեղեցում մոմ վառելուց ու աղոթքից հետո պտտվեցի եկեղեցու շուրջը: Եկեղեցին պարսպապատվել է, մետաղյա ճաղերին ամրացվել է փողհարի պատկերով մետաղյա ձուլվածքը: Հետո ես տեղեկացա, որ այս բարեկարգման հովանավորը հայտնի բարերար Լեւոն Հայրապետյանն է: Արցախի թեմի առաջնորդարանի դարպասների մոտ մեկն ինձ ձեռքով էր անում: Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն էր: Նա զրուցում էր Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գրիգոր Հայրյանի եւ Շուշիի քաղաքապետ Կարեն Ղարիբյանի հետ: Նրանց հրավիրեցի ցուցահանդեսի բացմանը, միեւնույն ժամանակ՝ վարչակազմի ղեկավարին ու քաղաքապետին առաջարկեցի մինչ ցուցահանդեսը զրուցել բերդաքաղաքի հոգսերի մասին, իսկ սրբազանի հետ պայմանավորվեցինք զրուցել ցուցահանդեսի բացումից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել