Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը չի կարողանում մաքրել սահմանամերձ գյուղերի երիտասարդների դեմքի անորոշության, մտածմունքի փոշին եւ փորձում է գտնել ղարաբաղյան հարցի լուծման բանալին:
Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը, երեկ ներկայացնելով տարվա ձեռքբերումներն ու չիրականացրած աշխատանքները, 2010 թվականը բնորոշեց՝ «փոքրիկ հույսի տարի»: Մարզպետի կարծիքով, գյուղացու վստահությունն ու հույսն է կորել եւ ամեն ինչ պետք է անել նախ դա վերականգնելու համար. «Գյուղացին, որ երկար տարիներ զբաղվել է անասնապահությամբ, այսօր չի զբաղվում: Երբ Խաչիկ սահմանամերձ գյուղում ապրող 45-ամյա կնոջը, որ կթվորուհի է եղել, հարցնում ես՝ նախկինում ինչո՞վ ես զբաղվել, որ հիմա չես կարողանում ապրել, պատասխանում է՝ հիմա դժվար է, բայց հիմնավորում չկա՝ ի՞նչն է դժվար: Խաչիկ գյուղից գնացած գյուղացուն այլեւս հետ բերել չի լինելու, պիտի նրա մնալու համար պայման ստեղծենք: Այսօր նա մնում է հանուն գերեզմանի, ավանդույթների: Որ դուրս եկավ, միլիոն դոլարով էլ հետ չես կարող բերել: Այսօր գյուղի երիտասարդների դեմքին մտածմունքի, անորոշության փոշի կա, ուզում ես մաքրել այդ փոշին ու համոզել, որ ապրել, հաղթել հնարավոր է: Երբ խամրած հայացքներին ուզում ես խրախուսել, տեսնում ես, որ իրենք են քեզ հետ տանում: Խաչիկ գյուղում մի պահ զգացի, որ ես էլ եմ սկսում իրենց պես մտածել, բացասական էներգիայով հաղորդակցվել…»:
Ըստ Ս. Բագրատյանի, գյուղացու թիվ մեկ խնդիրը աշխատանք չունենալն է: Խնդրի լուծման համար հարկ է ներդրումների բարենպաստ միջավայր եւ պայմաններ ստեղծել, որպեսզի գյուղացին կարողանա իրացնել իր արտադրածը: Վայոց ձորի մարզպետը հատկանշական համարեց հատկապես Գյուղատնտեսության միջազգային զարգացման հիմնադրամի (IFAD)՝ արտադրական պտղաբուծությանը խթանող ծրագիրը: Այս ծրագրով մրգատու այգիներ կհիմնվեն: Սերգեյ Բագրատյանը գտնում է, որ այսօր կարեւոր է նաեւ գյուղացիներին կենդանիների մայրական կազմ տրամադրելը, որ մարդիկ սկսեն բազմացնել կենդանիներին, ոչ թե միայն վաճառեն: Վերջերս մարզի Հերհեր համայնքի ղեկավար Անդրանիկ Աբրահամյանը խմելու ջրի վտանգավոր լինելու մասին էր խոսել «Առավոտի» հետ, նշելով, որ ամբողջ հանրապետությունում Հերհերը միակ համայնքն է, որ 50-ական թվականներից կառուցված ցինկե եւ ազբեստե քայքայված խողովակներով է խմելու ջուրը տուն հասցնում: Մինչդեռ մարզպետը երեկ լրագրողներին հավաստիացնում էր, որ մարզում ոռոգման եւ խմելու ջրի խնդիր չկա: Երբ բերեցինք Հերհերի օրինակը, պարոն Բագրատյանն ասաց, որ Հերհերը իր պապական գյուղն է ու այնտեղ նման խնդիր չի կարող լինել. «Կարծես թե դա մեր մարզում չի: Մեզ մոտ խմելու ջրի ներքին համակարգը լիարժեք աշխատում է, խողովակները նորմալ անցկացված են»: Մարզպետի խոսքով, Վայոց ձորի մարզում արտագաղթ չկա, այլ միայն սեզոնային աշխատանքի մեկնողներ են: Վիճակագրական տվյալներով, Վայոց ձորն արտագաղթողների փոքր թվով եւ աղքատության նվազ՝ 12% թվով առաջինն է. «Մեր ավանդական գյուղերը նույնիսկ պատերազմի ծանր տարիներին խնդիր չեն ունեցել, բոլորը զբաղվում են անասնապահությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, հացի խնդիրը լուծում են, իրենք գոյատեւելու են՝ անկախ կառավարման համակարգի խարխափումներից»:
Հարցին, թե Վայոց ձորում մարդիկ ի՞նչ քաղաքական կողմնորոշում ունեն, մարզպետն այսպես պատասխանեց. «Մեր մարզի ժողովուրդը, պարզ է, քաղաքականության մեջ չի ցանկանում ներգրավվել, իր մոտեցումներում ապաքաղաքական է, քաղաքականությունն իր համար անհասկանալի է ու տհաճ, եթե քաղաքական մոտեցումներ ունենանք, մեր ժողովրդին կնեղացնենք»:
Վերջում պարոն Բագրատյանն ասաց, որ քաղաքագիտական վերլուծություն անելու ցանկություն ունի. «Տնտեսագիտության թեկնածու եմ ու մտածում եմ քաղաքագիտության գծով դոկտորական պաշտպանելու ու ղարաբաղյան հարցի լուծման բանալին գտնելու մասին»: