Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասում են փորձաքննության արդյունքներին

Դեկտեմբեր 24,2010 00:00

Դեկտեմբերի 21-ին «Քրգործ կհարուցվի՞» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ չի բացառվում քրեական գործ հարուցվի նոյեմբերի 15-ի լուսադեմին, ժամը 4-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ ԶՊՄԿ պոչամբար տանող պոչատարում տեղի ունեցած վթարի հետեւանքով Ողջի գետի ջրային ավազանի աղտոտման փաստի առթիվ: Բնությանը հասցվել էր 650 հազար դրամի վնաս, իսկ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը կոմբինատին տուգանել էր 100 հազար դրամով: («Առավոտ», 17.11.2010՝ «Վթարվել է թափոնատարը», 20.11.2010՝ «650 հազարի վնաս, 100 հազարի տուգանք»):
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնից տեղեկացանք, որ բաժինը այժմ փաստի առթիվ նյութեր է նախապատրաստում: Ողջի գետի ջրից վերցվել են նմուշներ, սպասում են դատաքիմիական փորձաքննության արդյունքներին, որից հետո պարզ կլինի՝ քրեական գործ կհարուցվի՞ կոմբինատի դեմ, թե՞ ոչ: «Եթե փորձաքննության արդյունքներում պարզվի, որ նմուշներում վտանգավոր քիմիական տարրեր կան, ինչն արդեն կփաստի հանցակազմի առկայության մասին, այդ դեպքում արդեն քրեական գործ կհարուցվի պոչատարի ղեկավարության դեմ: Պետք է պարզենք նաեւ, թե աղտոտման հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին էական վնաս պատճառվե՞լ է, թե՞ ոչ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Գասպարյանը:
Պարոն Գասպարյանից տեղեկացանք, որ քրեական գործ կարող է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 284-րդ հոդված. «Վտանգավոր քիմիական եւ կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու կանոնները խախտելը»: Կախված հետեւանքների ծանրությունից, պատիժը՝ 2-12 տարի ազատազրկում եւ 287-րդ հոդված՝ «Ջրերը աղտոտելը»: Պատիժը՝ տուգանք նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Ըստ գնդապետ Գասպարյանի, փորձաքննության արդյունքներն ամենայն հավանականությամբ պարզ կլինեն տոնական օրերից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել