ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ամփոփեց 2010-ը
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երեկ, ամփոփելով 2010 թվականը՝ ասաց, որ այն սփյուռքի հիմնախնդիրներին անդրադարձի եւ վստահության ավելացման տարի էր: Ըստ նախարարի, 2010-ին 10 հազար սփյուռքահայ է այցելել Հայաստան, Սփյուռքի նախարարն էլ ամսական 3-4 օր եղել է սփյուռքում: Եթե նախկինում մասնագիտական՝ ուսուցիչների, գրողների եւ այլն, հավաքներին մասնակցում էր 30-40 մարդ, ապա հիմա՝ ավելի քան 200, եթե նախկինում Հայաստանը մենակ էր զբաղվում հետազոտություններով՝ համայնքների պատմություն, դասագրքեր եւ այլն, ապա հիմա սփյուռքն էլ է ընդգրկված այս ծրագրերում, եթե նախկինում սփյուռքին տարեկան 15 հազար գիրք էր տրամադրվում, ապա այս տարի 52 հազար է ուղարկվել: Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը ամենաընդունված է սփյուռքում: Երիտասարդները ավելի ու ավելի ակտիվ են մասնակցում այս ծրագրին: 2010-ին այս ծրագրով երկու շաբաթով Հայաստանում՝ հայաստանցու ընտանիքում հյուրընկալվել է 560 երեխա: Նախարարությունը մտադիր է 2011-ին այս ծրագրով հյուրընկալել մոտ 800 հոգու: Ավելին, սփյուռքահայերն էլ պատրաստակամություն են հայտնել նույն պայմաններով հյուրընկալել Հայաստանի երեխաներին: Նման մեկ խումբ այս պահին Հոլանդիայում է:
«Սփյուռքը ուզում է, որ հայրենիքը ներկա գտնվի իր ձեռնարկներում, մենք էլ ցանկացած գործ նախաձեռնելիս փորձում ենք սփյուռքի տեսակետից եւս նայել»,- հայտարարեց Հրանուշ Հակոբյանը: Նախարարն ասաց, որ Հայաստանը ողջունում է սփյուռքում ցանկացած միավորում, համախմբում, բայց կան հարցեր, որտեղ Հայաստան պետության դերը կարեւոր է: «Առավոտը» տիկին նախարարին հիշեցրեց, որ սփյուռքը մտադիր է ստեղծել ողջ սփյուռքին ներկայացնող մի մարմին, որը հանդես է գալու համայն հայության շահերից, բացառությամբ՝ Հայաստանի եւ Ղարաբաղի: Սա որքանո՞վ է օգնում կամ խանգարում համախմբմանը՝ մեր այս հարցին ի պատասխան, Հրանուշ Հակոբյանն ասաց. «Այդ գաղափարը շատ բարձր գաղափար է: Ես չեմ գտնում, որ չպետք է ստեղծենք մի կառույց, որտեղ մեր երեք թեւերը՝ Հայաստան, Արցախ, սփյուռք, պետք է ներկայացված լինեն: Սփյուռքյան խնդիրներով սփյուռքը զբաղվում է, իսկ համազգային խնդիրներում՝ Ղարաբաղի հիմնահարց, Ցեղասպանության ճանաչում եւ այլն, եռամիասնություն է պետք: Դրա համար էլ մենք առաջարկում ենք Ազգային խորհրդի գաղափարը: Խորհրդի նախագահը պետք է լինի հանրապետության նախագահը եւ ներկայացված լինեն եւ Հայաստանը, եւ Ղարաբաղը, եւ սփյուռքը: Մենք ոգեւորված ենք նաեւ համակարգող խորհուրդների ձեւավորմամբ: Նման խորհուրդներ կան արդեն Իսպանիայում, Հոլանդիայում, Լեհաստանում, մերձբալթյան երկրներում: Հույս, Հավատ, Սեր եռապատգամը մեզ համար կարող է դառնալ ուղենիշ: Սփյուռքը հայության հավատն է, Ղարաբաղը՝ սերը, իսկ Հայաստանը բոլորիս հույսն է»:
Հրանուշ Հակոբյանն ասաց, որ իր ղեկավարած նախարարությունում կոռուպցիա չկա, ամեն ինչ թափանցիկ է: Սակայն համաձայնեց այն դիտարկմանը, թե Հայաստան-սփյուռք կապերի վրա ազդում են այն դեպքերը, երբ սփյուռքահայերը, որ Հայաստանում ներդրումներ են արել, խաբվել ու հիասթափված հեռացել են: Ըստ նախարարի, «կարեւոր է՝ ով է գործընկերդ: Այդ հիասթափությունների հիմնական պատճառը ոչ ճիշտ գործընկերոջ ընտրությունն է: Հայաստանցիներից ոմանց թվում է, թե կարելի է սփյուռքահային խաբել»: Սփյուռքի նախարարությունը նման հիասթափություններ թույլ չտալու համար փորձում է կատարելագործել օրենսդրական դաշտը, վերացնել հնարավոր խոչընդոտներն ու արմատախիլ անել կոռուպցիոն ռիսկերը: