Բաց նամակ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին
Պարոն վարչապետ, ունեմ 55 տարվա աշխատանքային փորձ, եղել եմ հեռահար երթերի (ռեյսավիկ) վարորդ, ավարտել եմ պոլիտեխնիկական ինստիտուտի «Ավտոմեքենաներ եւ տրակտորներ» բաժինը, զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ: Այժմ թոշակառու եմ, զբաղվում եմ արտասահմանյան երկրների քաղաքաշինության, ճանապարհաշինության, ասֆալտապատման, փողոցային երթեւեկության կարգավորման հարցերով: Ունեմ մի շարք առաջարկություններ տարբեր թեմաներով, որոնք տպագրվում են «Առավոտ» թերթում:
Պարոն վարչապետ, ես Ձեզնից ոչինչ չեմ խնդրում, ուզում եմ տալ իմ փորձն ու գիտելիքները, բայց հանդիպում եմ անտարբեր վերաբերմունքի: 3 տարի է՝ նամակ եմ գրում Ձեզ, ՀՀ նախագահին, քաղաքապետին, Առաջին տիկնոջը, կապի, տրանսպորտի նախարարին եւ փոխնախարարին, որպեսզի ինձ տրամադրեն եթեր կամ հրավիրեն քաղաքապետարան: 3 նամակ ունեմ գրված անձամբ քաղաքապետին (նախկին), որի հետ իմ հանդիպումն այդպես էլ չկայացավ, հուսով եմ՝ ինձ կհրավիրի նոր քաղաքապետը:
Պարոն վարչապետ, ավտոմեքենաների պարտադիր ապահովագրումը սկսելիս հաշվի չի առնվել Հայաստանում ավտոմեքենաների քանակը: Եթե նախկինում ավտովթար էր տեղի ունենում, հարցերը լուծվում էր վարորդների փոխհամաձայնությամբ, առանց ավտոտեսուչի: Այժմ պետք է արձանագրվի ավտոտեսուչի կողմից՝ հետագայում վնասը հատուցելու համար: Վարորդները տեղեկացված չեն, թե ո՞ր դեպքում կհատուցեն վնասը:
Ես 24 տարի աշխատել եմ Երեւանի «Ավտովազ» տեխսպասարկման կայանում՝ որպես տեղամասի վարպետ: Մի քաղաքացի իր նոր մեքենայի ավտոդողի օդը թողած վարել էր ավտոմեքենան, վնասել ավտոդողը, դիմել էր մեզ, թե իր մեքենան ապահովագրված է եւ պահանջում էր փոխարինել նորով: Մենք բացատրեցինք, որ իր մեղքով է եղել: Մեքենաների պարտադիր ապահովագրումը կատարվում է նաեւ Մոսկվայում: Ամեն օր հաղորդվում է Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարների քանակի մասին, վթարի պատճառների, իսկ մեր հանրությանը 1-ին հեռուստաալիքը ցուցադրում է Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը, ոչ մի րոպե չտրամադրելով տրանսպորտին: Մոսկվայում քաղաքացիները բողոքում էին առաջացած դժվարությունների համար, այդ թվում ավտովթարից հետո մեքենան տեղից չշարժելու՝ մինչեւ ավտոտեսուչի ներկայանալը, որի հետեւանքով ճանապարհը փակվում է, փողոցը խցանվում, ավտոտեսուչները ֆիզիկապես չեն հասցնում գնալ դեպքի վայր: Ապահովագրության անդամն ունի գրքույկ եւ տիրապետում է տվյալ մասնագիտությանը:
Մեր ապահովագրողները չգիտեն կոտրված լամպերի շուկայական արժեքը եւ արձանագրուոթյուն կազմելիս թույլ կտան որոշակի սխալներ: Վնասի արժեքի չափը վերցված է մինչեւ 25 000 դրամ, իսկ եթե վնասը ավելի է, ո՞վ պետք է վճարի: Վարորդը չգիտի՝ ո՞ր դեպքում դիմել ավտոտեսուչին, ասենք, մի փոքր քերծվածքի դեպքում ինչպես վարվել: Այսօր հանրապետությունը պատրաստ չէ կատարել պարտադիր ապահովագրում, պետք է պարտադիրը փոխարինել կամավոր համաձայնության, մասնագետներ գործուղել Մոսկվա՝ վերապատրաստման, որպեսզի կամավոր ապահովագրման փորձ ձեռք բերեն, հետագայում պարտադիր ապահովագրման անցնելու համար: