Եղող բացառությունները հենց դա են հաստատում
Այս տարի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի կողմից պարգեւատրվեց «Ազատության պաշտպան» մրցանակով:
Դատավոր Մ. Մելքոնյանը 2010 թ.-ին 4 արդարացման դատավճիռ է կայացրել: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ, սակայն, Հայաստանում դատական իշխանությունը միանշանակ անկախ չէ, այն ընդամենը մեղադրական եզրակացությունները հաստատող նոտարական գրասենյակի դեր է կատարում: «Տեղաշարժ չկա: Բացառություններ կան, որոնք գալիս են հաստատելու, որ արդար դատաքննության եւ անկախ վճռի հրապարակումը բացառություններ են: Նման եզակի դեպքերի կողքին շատ կան անարդար, կողմնակալ, արդար դատավարության սկզբունքներին հակասող վճիռներ»,-ասում է Սաքունցը:
Հանրային պաշտպան Ռուբեն Հակոբյանը եւս փաստում է, որ թեեւ կա դրական տեղաշարժ դատարանների անկողմնակալ աշխատանքի հետ կապված, այնուամենայնիվ, դա բավարար չէ. «Հայաստանում այս պահի դրությամբ անկախ դատական համակարգ ձեւավորված չէ, Հայաստանում գործում է դատախազադատական մեկ համակարգ: Իհարկե, կան դատավորներ, ովքեր այդ համակարգում առանձնանում են իրենց համարձակությամբ, սկզբունքայնությամբ եւ իրենց անկողմնակալությամբ, այնուամենայնիվ, վերջիններս եզակի են. յուրաքանչյուր դատավոր պետք է ձգտի նմանվել նրանց»,- ասում է պաշտպանը:
Պաշտպանն առանձնացնում է հատկապես ոստիկանության բաժանմունքներում քաղաքացիներին ճնշումների ենթարկելու դեպքերը: «Դատարանները անտեսում են դրանք, հակառակ դեպքում նախապատրաստած նյութերը մերժվում են»:
Այս տարի ՀՔԱ Վանաձորի գրասենյակ իրենց խախտված իրավունքները պաշտպանելու համար դիմել է ավելի քան 440 քաղաքացի՝ կյանքի, արդար դատաքննության, սեփականության իրավունքների, տեղեկատվության ազատության խախտումների հարցերով:
Վանաձորցիները գրասենյակ դիմում են նաեւ իրավական տեղեկատվություն ստանալու նպատակով:
Այս տարի արձանագրվել են նաեւ իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների դեպքեր՝ խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք՝ թվով 10 դիմում-բողոք, որոնց հիման վրա ներկայացված հաղորդումներից ոչ մեկի կապակցությամբ, սակայն, քրեական գործ չի հարուցվել:
Մտահոգիչ է նաեւ կալանավայրերում տիրող վիճակը:
Ամսական միջինը 2-3 անգամ «Վանաձոր» ՔԿՀ-ից կազմակերպություն են դիմում տարբեր հարցերով՝ առողջական, պայմանական վաղաժամկետ ազատման եւ այլն:
Սաքունցը փաստում է՝ այն մարդիկ, ովքեր կալանավորվել են, նրանց կողմից բռնությունների ենթարկվելու մասին բողոքներ լինում են ավելի հաճախ ոստիկանության բաժանմունքներից, քան կալանավայրից. «Դա չի նշանակում, որ ոստիկանությունում բռնություններն ավելի շատ են, քան ՔԿՀ-ում. չկա անվտանգության երաշխիք. մարդն անընդհատ ՔԿՀ-ում է, որտեղ կարող է ճնշումների ենթարկվել»:
Ընդհանուր առմամբ, Լոռիում այս տարի 6 արդարացման դատավճիռ է կայացվել, որոնցից 2-ը հանրային պաշտպան Ռ. Հակոբյանի վարույթում է եղել: