Ասաց «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատերը
Երեկ ՀՌԱՀ-ը հրապարակեց հեռուստաընկերությունների թվային հեռարձակման հաճախականությունների համար հայտարարված մրցույթի արդյունքները, ըստ որի՝ Շիրակի մարզից հաղթող է ճանաչել «Ցայգ» հեռուստաընկերությանը: Այսինքն՝ 2015թ.-ից սկսած՝ կեթերազրկվի «ԳԱԼԱ»-ն: «Ցայգ»-ի ծրագիրը ստացել է 42, «ԳԱԼԱ»-ինը՝ 14 միավոր: Գյումրիի անկախ լրատվական ալիքի սեփականատեր Վահան Խաչատրյանը, անդրադառնալով ՀՌԱՀ-ի այս որոշմանը, ասաց. «Ճիշտն ասած՝ մենք մասնակից չենք եղել, ես տեղեկացել եմ, որ Ամալյանը ինչ-որ բաներ է խոսել, չգիտեմ ինչ է խոսել, դրա համար չեմ կարող մեկնաբանել: Իսկ որոշումը սպասելի էր, այլ որոշում չէինք էլ սպասում, դեռեւս 2 ամիս առաջ, մեր մասնակցելուց առաջ անգամ ենթադրում էինք, որ կլինի քաղաքական որոշում»:
«Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչո՞ւ արդյունքների հրապարակմանը «ԳԱԼԱ»-ից որեւէ մեկը չի մասնակցել, մի՞թե պատճառը այն համոզմունքն էր, որ այս հեռուստաընկերությունը «կպարտվի»: «Հաշվի առնելով ՀՌԱՀ-ի նախորդ բոլոր որոշումները, նրա նախկին աշխատանքը, անակնկալներ չէինք էլ սպասում: ՀՌԱՀ-ը այս պարագայում օրիգինալ չգտնվեց, սպասելի որոշում էր: Մենք Ամալյանին մի քիչ ավելի գրոտեսկային ենք ներկայացնում, քան ինքը արժի: Ինքը էդքան չարժի, որ մենք հիմա խոսում ենք էդ թեմայով: Եվ մրցույթի արդյունքները էդքան կարեւոր չէին, մենք, ճիշտն ասած, էդպես լուրջ չէինք վերաբերվում էդ մրցույթին, եւ շատ չէինք կարեւորում, սա մի գործընթաց է, որը մենք պարտավոր էինք անել, մրցույթին պարտավոր էինք մասնակցել, մենք մասնակցել ենք՝ առանց որեւէ ակնկալիքի՝ կշահենք, թե՝ ոչ, թեեւ գիտեինք, որ չենք շահի: Մեր ծրագրային քաղաքականությունը փոխել, ըստ Ամալյանի որոշման, անլուրջ եմ համարում, մենք շարունակելու ենք անել էն, ինչ որ նախանշել ենք, եւ հաջողակ անելու ենք մեր ծրագրերը՝ առանց որեւէ փոփոխությունների»,- ասաց Վ. Խաչատրյանը: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՌԱՀ-ի նախագահ Ամալյանի հայտարարությունը, թե «ԳԱԼԱ»-ն աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի առումով բավարարում է, սակայն մրցակցին զիջում է բյուջեի մասին կազմած փաստաթղթով, Վ. Խաչատրյանը դարձյալ կատակեց. «Կադրերի պրոֆեսիոնալիզմի հարցում համամիտ եմ Ամալյանի հետ (ծիծաղում է, Ն. Ա.): Իսկ մյուս հարցում ես գնահատում եմ Ամալյանի հումորի զգացումը, եւ երբ իրեն պաշտոնանկ արեցին, ես իրեն անպայման կընդունեմ իմ մոտ որպես շոումեն, եթե ինքը էդպես է գնահատել մեր ծրագիրը, երեւի հումոր է արել»: Կարելի՞ է ասել, որ ականատեսն ենք լինում Հայաստանում անկախ հեռուստաընկերությունների վախճանին, հարցրինք մենք: «Նորից ուզում եմ շեշտել, որ Ամալյանը պարզապես շոումեն է, որը իր ֆունկցիաներն է կատարում որպես շոումեն, եւ իր ձեռքը չէ որոշում կայացնելը: Հայաստանին խայտառակողն էլ ոչ թե Ամալյան Գրիգորն է, այլ մեր իշխանությունները, երեւի իրենք ունեն իրենց հաշվարկները, հաշվի չնստել միջազգային կառույցների հետ: Ես դրական կգնահատեի, եթե մեր իշխանությունները էնքան ուժեղ լինեին, որ վարեին սեփական քաղաքականությունը, հաշվի չնստեին միջազգային կառույցների հետ, այլ հաշվի նստեին սեփական ժողովրդի հետ: Ցավոք, իրենք հաշվի չեն նստում ոչ սեփական ժողովրդի եւ ոչ էլ միջազգային կառույցների հետ: Եկեք Ամալյանին հանգիստ թողնենք, ինքը էդքան էլ լուրջ տղա չէ, որ խոսենք իր մասին, կարելի է ավելի լուրջ թեմաներից խոսել»,- պատասխանեց Վ. Խաչատրյանը՝ վստահեցնելով, որ եթե ՀՀ քաղաքացին զգա տվյալ լրատվամիջոցի կարիքը, կանտեսի Ամալյանին ու նրա նմաններին ու կսատարի տվյալ լրատվամիջոցին, ինչպես որ 2008թ.-ին եղավ Գյումրիում՝ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության դեպքում: «ԳԱԼԱ»-ի սեփականատերը նաեւ ասաց, որ ոչ մի ՀՌԱՀ չի կարող իրեն խանգարել հեռուստաբիզնեսից հրաժարվելու: Ըստ նրա, ինքն ամեն ինչ անելու է ժողովրդին անկախ ու բազմակողմանի տեղեկատվություն ապահովելու համար, այսինքն՝ երբեք հուսախաբ չի անի նեղ օրերին իրեն սատարած քաղաքացիներին: Իսկ ինչո՞ւ է այս պահին «ԳԱԼԱ-նյուսը» դադարեցրել լրատվության մատուցումը: Վ. Խաչատրյանը հավաստիացնում է, որ սա որեւէ կապ չունի մրցույթի հետ, ըստ նրա, իրեն որպես սեփականատիրոջ չի գոհացրել իր աշխատակիցների աշխատաոճը, լրագրողներն ու օպերատորները մի փոքր թերացել են, դրա համար էլ փոխում ու համալրում է աշխատակազմը: Ըստ նրա, իրենք նախապատրաստվում են 2012-2013-ի ընտրություններին, գլոբալ փոփոխություններ են սպասվում, իրենք էլ ուզում են պատշաճ մասնակցություն ունենալ, հետեւաբար եւ կադրային փոփոխություններ են անում: Ի դեպ, հնարավոր է, որ «ԳԱԼԱ»-ն դատի տա ՀՌԱՀ-ին, քանի որ Վ. Խաչատրյանը կասկածներ ունի, որ իր մրցակից «Ցայգ»-ի ծրագիրը հնարավոր է փոփոխված լինի, այսինքն՝ չլինի այն, ինչ ներկայացրել էին: