Նախարարները վստահեցնում են, որ խոզի ազդրը չի զարդարելու իրենց տոնական սեղանը
Պարզվում է՝ խոզի ազդրը, որը շարքային քաղաքացիների շրջանում մեծ համբավ է վայելում եւ առանց այդ ավանդական 10-15 կիլոգրամանոց «բդի»՝ Նոր տարվա սեղանը շատերը չեն պատկերացնում, այնքան էլ մեծ տեղ չունի նախարարական սեղաններին: Կառավարության մի շարք ներկայացուցիչներ «Առավոտին» տված հարցազրույցում վստահեցնում են, որ իրենք ոչ նախորդ, ոչ էլ այս տարի խոզի ազդր իրենց տոնական սեղանին չեն դրել ու չեն դնելու: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի խոսքերով՝ այս Նոր տարին ոչնչով չի տարբերվելու մյուսներից. «Նշելու ենք, ինչպես միշտ: Իսկ խոզի ազդր երբեւէ չենք դրել սեղանին, այս տարին եւս բացառություն չի լինի»: Պարոն Գրիգորյանի ընտանիքում կա ավանդական մի ուտեստ, որը միշտ Ամանորի սեղանին լինում է: Դա հնդկահավն է: Պարզ է, որ ի տարբերություն նախարարի, նպաստառուները չեն կարող իրենց թույլ տալ հնդկահավի անգամ թեւը դնել տոնական սեղանին, այնուամենայնիվ, մեր հարցին, թե Ամանորի զամբյուղի համար, ձեր հաշվարկներով, քանի՞ ընտանեկան նպաստ կծախսվի՝ պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Ընտանեկան նպաստի գումարը տարբերակված է՝ 13 500 դրամից կարող է հասնել մինչեւ 80000 դրամի: Յուրաքանչյուր ընտանիք ինքն է որոշում՝ որքան գումար ծախսել»: Նշենք, որ ներկայիս շուկայական գներով 13.500 դրամ նպաստ ստացողը կարող է լավագույն դեպքում «ռուսի Նոր տարի» անել՝ թթվով ու «խուժան» օղիով: Իսկ թե այսօրվա միջին կենսաթոշակով Նոր տարվա համար ի՞նչ կարելի է գնել՝ պարոն Գրիգորյանը խոստովանում է, որ շատ եւ ճոխ գնումներ անել, իհարկե, հնարավոր չէ:
Նախարարից նաեւ հետաքրքրվեցինք, թե իրենց հյուրերի ցանկում սոցիալապես անապահով մարդիկ, գործազուրկներ կա՞ն, թե՞ միայն ապահով խավն է: Ըստ Ա. Գրիգորյանի՝ «Նոր տարին այն տոնն է, որտեղ հյուրերի ցանկ լինել չի կարող: Մեր տուն միշտ այցելել են մեր բարեկամները, հարազատները, ընկերները՝ սոցիալական բոլոր խավերի ներկայացուցիչները: Ավանդույթը չի փոխվելու նաեւ այս տարի»:
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը չցանկացավ պատասխանել մեր հարցին, թե տոնական օրերին խմո՞ւմ է Նոր տարվա հայտնի կենացներից մեկը՝ «Բժիշկներից ու ոստիկաններից հեռու»: Հավանաբար, նախարարի կենացների ցանկում կանտեսվի այն՝ թեկուզ «Էրեբունի» կամ «Նաիրի» հիվանդանոցների գործերը չվատացնելու համար: Նախարարը չպատասխանեց նաեւ մեր այն հարցին, թե ի՞նչ կարող են ուտել մարդիկ տոնական օրերին՝ բժիշկների ձեռքը չընկնելու համար:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ չգիտի՝ այս տարի սեղանին նապաստակի միս դնելո՞ւ է, թե՞ ոչ. «Մենք տարվա կենդանու մասին երբեք չենք մտածել: Մեր ընտանիքը առավելապես ձգտել է պահպանել ազգային ավանդույթներն ու Ամանորի սեղանը զարդարել հայկական ավանդական ճաշատեսակներով»: Լինելով ծնունդով Գավառից, պարզ է, որ տիկին Հակոբյանը հայկական ավանդական ճաշատեսակ ասելով՝ նախեւառաջ նկատի ունի, այսպես ասած՝ «Քյավառա քյուֆթան». «Ինչքան ես հիշում եմ, Քյավառի ավանդական քյուֆթան եւ փախլավան անպակաս են եղել մեր սեղանից, ես ինքս առանձնահատուկ սիրով եմ պատրաստում մեր ճաշատեսակները, եթե, իհարկե, ժամանակ եմ ունենում: Մեր սեղանին միշտ չէ, որ խոզի ազդր է լինում, եւ, իմ կարծիքով, այնքան էլ էական չէ՝ այդ ճաշատեսակը կա՞ սեղանին, թե՞ ոչ: Կարեւորը, անշուշտ, բարձր, տոնական տրամադրությունն է, անցած տարվա արդյունքների արժեւորումը թե՛ հարազատներիս եւ թե՛ իմ առումով, եւ, իհարկե, Նոր տարվա սեղանի մոտ մեր նոր անելիքների ու ցանկությունների մասին խոսելը»: Մեր հարցին՝ սփյուռքից հյուրեր ունենալո՞ւ եք ձեր տանը, նախարարը պատասխանեց. «Ոչ, չենք ունենալու: Ամանորը ընտանեկան տոն է: Մենք սփյուռքում ապրող ազգականներ գրեթե չունենք, իսկ ընկերներ, բարեկամներ Հայաստանում շատ կան, ես նրանց ընդունում եմ աշխատավայրում՝ որպես պաշտոնյա»: Նախարարը, պարզվում է, մեկ առ մեկ հաշվել է, թե 2010-ին քանի՞ սփյուռքահայի է հաջողվել կապել Հայաստանի հետ. «Ես կարող եմ ասել, որ Հայրենիքին ամուր եւ անխզելի կապերով կապվեցին այն մոտ 1000 սփյուռքահայ պատանիներն ու երիտասարդները, ովքեր «Արի տուն» ծրագրով արդեն այցելել են Հայաստան: Մեր կողմից իրականացված 11 համաժողովների, փառատոների ու մրցանակաբաշխությունների մասնակիցների թիվը հազարների է հասնում: 2011-ին, կարծում եմ, առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, որպեսզի Հայաստանը դառնա հանգստի ու զբոսաշրջության համար գրավիչ, միջազգային չափանիշներին համապատասխանող երկիր, եւ եթե 7 միլիոնից ավելի սփյուռքահայերից յուրաքանչյուրն իր հանգիստը 7 տարին մեկ անցկացնի հայրենիքում, դա կնշանակի՝ տարին մեկ միլիոն Հայաստան այցելող զբոսաշրջիկ, դա կնշանակի հասնել այն երկրներին, որոնց տնտեսությունը զարգանում է առավելապես զբոսաշրջության շնորհիվ: Մեկ այլ թվաբանությամբ՝ եթե բազմահազար հաջողակ սփյուռքահայ գործարարներից ընդամենը հազարը ներդրումներ կատարի հայրենիքում եւ ստեղծի 100-ական աշխատատեղ, ապա 100 հազար ընտանիք կարող է իր հանապազօրյա հացը վաստակել հայրենիքում: Ի՛նչ խոսք, այդ ուղղությամբ եւս պետք է որոշակի աշխատանքներ տարվեն՝ ձեւավորելով ներդրումների համար գրավիչ ու նպաստավոր միջավայր: Հավատում եմ, որ 2011-ին բոլոր կարող ուժերի մեկտեղմամբ հնարավոր կլինի բազմապատկել Հայրենիքի հետ անխզելիորեն կապվող սփյուռքահայերի թիվը եւ իրականացնել հայրենադարձության նպատակային ծրագրեր»:
Նախարարների կարծիքով, անցնող տարին իրենց ոլորտի համար հաջող տարի է եղել: Ըստ Ա. Գրիգորյանի, հետճգնաժամային բարդ տարում սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցների կրճատում տեղի չի ունեցել, ամուր հիմքեր են ստեղծվել կենսաթոշակային բարեփոխումների համար, իսկ Հ. Հակոբյանն էլ համոզված է, որ 2010-ին Հայաստան-սփյուռք համագործակությունը զարգացում է ապրել, որովհետեւ բազմաթիվ ծրագրեր, տոնակատարություններ ու փառատոներ են կազմակերպել:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նախապես տեղյակ չէր, թե իրենց տոնական սեղանին ինչեր են դրվելու, քանի որ այդ հոգսերով բացառապես իր տիկինն է զբաղվում: Բայց նախարարը մի բան հաստատ գիտեր, որ Ամանորի սեղանին նապաստակ կամ ճագար չեն դնելու: Արամ Հարությունյանի տանը կլինի բնական տոնածառ, բայց այն, նախարարի հավաստմամբ, հայրենիքի անտառներից չէ հատված, այլ՝ ներկրված է Գերմանիայից: