ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ «Իրական IP» ծառայության շնորհիվ հեռավորությունն այլեւս խոչընդոտ չէ: Այժմ համակարգչի կամ որեւէ այլ IP սարքի տվյալները կարող են հասանելի լինել ցանկացած վայրից: Պարզապես պետք է այցելել ՎիվաՍել-ի որեւէ սպասարկման կենտրոն եւ ակտիվացնել ծառայությունը «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» կամ «ՄՏՍ կոնեկտ 128» քարտի համար: Բաժանորդին կտրամադրվի ստատիկ հանրային IP հասցե եւ տվյալ քարտով ինտերնետին միացած ցանկացած սարք այնուհետեւ հասանելի կլինի ցանկացած վայրում: Այսպես, եթե բաժանորդի տան համակարգիչը միացած է ինտերնետին «Իրական IP» ծառայությունն ակտիվացված քարտի միջոցով, ցանկացած այլ վայրից ինտերնետի միջոցով նա կարող է կապ հաստատել դրա հետ՝ օգտագործելով իրեն տրամադրված IP հասցեն: Ծառայության ակտիվացումն անվճար է, ամսավճարը կազմում է 500 դրամ:
Բացի այդ, երեկ ՎիվաՍել-ՄՏՍ-ը իր սպառողներին առաջարկեց նոր՝ առավել հարմարավետ պայմաններ նախատեսող «Home-Zone Turbo» փաթեթը, որին առնվազն մեկ տարով բաժանորդագրվելիս E960 3G Wi-Fi երթուղղիչը տրամադրվում է բոլորովին անվճար: «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակներում տվյալների փոխանցման առավելագույն արագությունը ներբեռնման համար կազմում է 2 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնման համար՝ 384 Կբիթ/վրկ: Փաթեթի ամսավճարը կազմում է 15900 դրամ: