Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՄ ՈՐ ՊԵՏՔ Է՝ «OK» ՉԵՆ ԽՓՈՒՄ

Դեկտեմբեր 24,2010 00:00

\"\"ԱՄՆ դեսպանատունը մուտքի արտոնագրի համար ՀՀ քաղաքացիներին անտեղի է մերժում

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը մուտքի արտոնագիր ստանալը կամ մերժվելը աշխատակիցների կողմից հաճախ այնպիսի արհամարհական ու վիրավորական վերաբերմունքով է ընթանում, որ փոշմանում ես հայ ծնվելու, առավել եւս՝ Հայաստանում ծնվելու համար: Իսկ ամենավիրավորականն այն է, որ մերժման որեւէ պատճառաբանություն կամ պարզաբանում չեն տալիս, բացի՝ «չէ որ չէ, կգնաս, կմնաս»: Անգամ լրջագույն փաստարկներ բերելով՝ ասենք՝ բարձր եկամուտ, ընտանիք ու կարողություն, որն ապացուցում է, որ  թեթեւ ցանկություն էլ չկա ձեր երկրում բնակվելու (մեզ այստեղ էլ վատ չեն կերակրում), միեւնույն է՝ մերժվում ես:
ԱՄՆ դեսպանատունը Գագիկ Արզումանյանի եւ նրա երկու դուստրերի՝ դպրոցահասակ Աննայի եւ Նատալիի Ամանորի տոները «հարամ» արեց: Արզումանյանը որոշել էր Ամանորն անցկացնել ԱՄՆ-ում: Արդեն գնել էր Մայամի եւ այլ քաղաքներ շրջագայության տոմսերը, նախապես համարներ պատվիրել մի քանի քաղաքների հյուրանոցներում, քանի որ ոչ մի հիմք չկար դեսպանատնից մերժում ստանալու: Հակառակը՝ ինքն էլ, երեխաներն էլ բազմաթիվ անգամ այցելել են եվրոպական մի շարք երկրներ եւ ետ վերադարձել Հայաստան, ինչի ապացույցը անձնագրերում կնքված է: Չնայած Գ. Արզումանյանը «ok»-ը հանգիստ ստացել է, սակայն աղջիկներին մերժել են: Հարցմանը՝ թե ինչո՞ւ, պատասխանել են՝ կարող է գնան ու մնան այնտեղ: Այն փաստարկները, որ երեխաները մոր խնամքի տակ են, իսկ մայրն իրենց հետ չի մեկնում, կա դատարանի վճիռ, ըստ որի՝ աղջիկներն իրենց հոր հետ կարող են հանրապետությունից բացակայել տարեկան ընդամենը մեկ ամիս ժամկետով, հակառակ դեպքում հայրը խիստ պատասխանատվության կենթարկվի, դեսպանատան «ok» խփողը, այսպես ասած, բանի տեղ չի դրել: 2-րդ անգամ էլ փորձերն ու ապացույցները, որ իրենք չեն ուզում այդ երկրում ապրել, այլ ընդամենն ուզում են Ամանորի տոներին ծովով շրջագայություն կատարել, կրկին բանի տեղ չեն դրել: Գագիկ Արզումանյանի խոսքերով՝ բանկերից փաստաթուղթ է ներկայացրել դեսպանատանը՝ որով հաստատվում է, որ աղջիկների հաշվի համարին խոշոր գումարներ կան, էլի բավարար ապացույց չէր դեսպանատան համար, նրանց նորից պատասխանել են՝ կգնան, կմնան Ամերիկայում. «Ես նույնիսկ առաջարկեցի իրենց ուզած՝ ցանկացած չափի գումար գրավ դնել, որպեսզի թույլ տան գնանք, դա էլ չանցավ: Քույրս ԱՄՆ մշտական բնակիչ է, նա էլ գրավոր ներկայացրել էր, որ պատրաստ է հրաժարվել իր կարգավիճակից, եթե երեխաները Հայաստան չվերադառնան, կրկին դեսպանատան աշխատակիցը չհավատաց: Ընդ որում, քույրս ԱՄՆ-ում մեծ հարգանք վայելող եւ հայտնի բժիշկ է»: Բոլոր փորձերն ու ապացույցները՝ որ մենք ձեր երկրում բնակվել չենք ուզում, ընդամենը որպես զբոսաշրջիկ ենք մեկնում, ապարդյուն են անցել: Գ. Արզումանյանի պատմելով՝ «Անգամ առաջարկել եմ, երբ հասնենք ԱՄՆ, մեր անձնագրերը այնտեղ վերցնեն եւ հանձնեն վերադառնալու օրը: Ասել եմ՝ օգտագործեք ցանկացած տեխնոլոգիական նորամուծություն, որպեսզի հետեւեք ԱՄՆ տարածքում մեր տեղաշարժին եւ վստահ լինեք, որ մեր շրջագայության ու ներկայացված տոմսերի մեջ նշած ուղուց չենք շեղվում, ի վերջո ցանկացած պահի կարող եք մեզ ետ ուղարկել, կրկին չհավատացին»: Երեխաների հայրը նամակ է գրել Ամերիկայի հյուպատոս Ռոբերտ Ֆարքուհարին եւ նորից այնպիսի փաստարկներ բերել, որ մերժելն աբսուրդ կլիներ. «Ես նրանց բացատրել եմ՝ եթե ես միտք ունենայի ցանկացած գնով երեխաներիս այնտեղ թողնել, ապա «գրին քարտի» վիճակախաղին կդիմեի: Ճիշտ է, շահելու հավանականությունը փոքր է, բայց ես հետաքրքրվել եմ եւ իմացել, որ շահելու դեպքում տեւական ժամանակ ստիպված ես մնալ այդ երկրում: Հենց այդ պատճառով է, որ հրաժարվել եմ մասնակցել վիճակախաղին, քանի որ ո՛չ ես, ո՛չ էլ երեխաներս չենք ուզում ապրել Ամերիկայում»: Հյուպատոսին եւ դեսպանին գրած նամակի պատասխանը եղել է հետեւյալը՝ պետք է կարողանաք այդ ամենը համոզել «ok» խփողին: Իսկ երեխաները, ի՞նչ կարող էին անել, հո՞ լաց չէին լինելու, իբր ձյաձյա կամ տյոտյա, թողեք գնանք, մամայիս-պապայիս արեւ ետ ենք գալու, ուղղակի ուզում ենք «Disney word»-ը տեսնել:
Երեխաների համար ամենավիրավորականն այն է, որ դեսպանատունը սկզբունքորեն ոչ մի բացատրություն չի տալիս կամ՝ պատճառաբանություն, որ այսինչ փաստաթուղթը, ապացույցը հիմնավոր չէ, կամ այսինչ հարցի պատասխանը բավարար չէ: Ընդ որում, մերժում են քամահրանքով ու արհամարհական: Գ. Արզումանյանը մի նոր նամակ է գրել հյուպատոսին, որտեղ իր վրդովմունքն է արտահայտել. «Նման գործողությամբ դուք ոչ միայն ձեր երկիրը զրկել եք զբոսաշրջիկների գումարներից, այլ նաեւ ձեր երկրի հանդեպ հարգանք վաստակելու փոխարեն՝ վաստակեցիք ձեր երկրում եղած ամեն ինչի առնչությամբ խորը հիասթափություն»:
Բարոյական վնասներից զատ, Արզումանյանների ընտանիքը նաեւ ֆինանսական զգալի վնասներ է կրել: Քանի որ Գ. Արզումանյանը մտքի ծայրով անգամ չի անցկացրել, որ մերժում կստանա, նախապես հյուրանոցներում համարներ է պատվիրել, շրջագայության տոմսերն էլ վերադարձնելու իրավունք չուներ, սրանց էլ գումարած դեսպանատանը կատարած վճարները, բոլորը միասին մեծ գումար են կազմում: Տոմսերի եւ հյուրանոցի համար մի փոքր փոխհատուցում է ստացել: Սակայն ընդհանուր առմամբ վնասի ծավալը մի քանի հազար ամերիկյան դոլար է: Փաստորեն, ՀՀ քաղաքացու կողմից կատարված այդ բոլոր ծախսերի մեծ մասն «անիմաստ» մնաց ամերիկյան պետությանը:
Հ. Գ. Հետաքրքիրն այն է, որ ԱՄՆ դեսպանատունը հաճախ մուտքի արտոնագիր է տալիս «Պզոյի» եւ նման գողականներին, որոնք հետագայում լուրջ խնդիրներ են առաջացնում հենց ամերիկյան պետության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել