Լրահոս
Օրվա լրահոսը

Նախապատրաստություն՝ դատական գործընթացի համար

Դեկտեմբեր 24,2010 00:00

 «Ա1+»-ը երեկ 3 գրություններ է հասցեագրել ՀՌԱՀ-ին

«Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը երեկ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին ուղղված մի գրությամբ հիշեցրել է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքի համաձայն՝ ազգային հանձնաժողովի նիuտերն արձանագրվում են, եւ «Ազգային հանձնաժողովի որոշման վերաբերյալ հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը կցվում է նիuտի արձանագրությանը»: Ըստ այդմ՝ խնդրել է «տրամադրել այն բոլոր նիստերի, ինչպես նաեւ հատուկ կարծիքի առկայության դեպքում՝ արձանագրությունների պատճենները, որոնք վերաբերում են «Մելտեքս» ՍՊԸ կողմից ներկայացված մրցույթի փաթեթի, ինչպես նաեւ «Արմնյուզ» ՓԲԸ-ին»: «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը, որը ներկայացնում է «Ա1+»-ի շահերը՝ «Առավոտին» ասաց, որ պահանջվող այս փաստաթղթերը վերաբերում են հաղթող ճանաչելու մասին որոշմանը. «Մենք արդեն նախապատրաստվում ենք իրավական որոշ գործողությունների եւ սկսել ենք արձանագրություններ խնդրելուց»:
Մեկ այլ գրությամբ պրն Մովսեսյանը պրն Ամալյանին հիշեցրել է, որ «Լեզվի մասին» եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքների համաձայն՝ ՀՀ պետական մարմինները պարտավոր են գործավարությունը կատարել հայերեն. «Վարչական վարույթի իրականացման հետ կապված բոլոր փաստաթղթերը պետք է լինեն հայերեն լեզվով: Այսինքն՝ մեր ընկերության մրցույթի մերժման համար հիմք ընդունած փաստաթղթերը (տեղադրված Ձեր վեբ կայքի «առանց մեկնաբանություններ» բաժնում) Ձեր քննարկումների, ինչպես նաեւ որոշումների ընթացքում պետք է լինեն հայերեն լեզվով: Սակայն Ձեր կողմից ներկայացվել է այդ փաստաթղթերի անգլերեն տարբերակը»: Ուստի խնդրել է՝ «Ա1+»-ի կողմից «դեկտեմբերի 16-ին եւ 20-ին ներկայացված գրություններով պահանջվող բոլոր փաստաթղթերը տրամադրել հայերեն տարբերակով»:
Մյուս գրությունն էլի լեզվական բնույթի է: Դեկտեմբերի 16-ի ասուլիսում Գրիգոր Ամալյանը նկատել էր, թե ներկայացված փաստաթղթերից մեկում «chef executive»-ը գրված էր տառասխալով. «Այսինքն՝ տնօրենն իր պաշտոնի անունն է սխալ գրում»: Մեսրոպ Մովսեսյանը գրել է. «Նույն կարգի սխալ թույլ է տված Ձեր կողմից 16.12.2010թ. թիվ 96-Ա որոշման մեջ՝ “HOBBINGTON MANAGEMENT LIMITED” կազմակերպության անվանումը գրվել է “HOBBINGTON MANEGEMENT LIMITED»: Անթաքույց հեգնանքով նշված է, որ նմանատիպ տառասխալը կասկածի տակ է դնում փաստաթղթերի՝ կատարված ուսումնասիրության պատշաճ լինելու հանգամանքը. «Միաժամանակ, «Իրավական ակտերի» մասին օրենքի 36 հոդվածի համաձայն՝ իրավական ակտերում oտարերկրյա կազմակերպությունների անվանումները պետք է գրվեն հայերեն տառադարձությամբ, որը նույնպես Ձեր կողմից չի պահպանվել»: Ուստի խնդրել են անդրադառնալ որոշման մեջ տեղ գտած թերություններին, տառասխալը շտկել եւ տրամադրել փոփոխված տարբերակը: «Ա1+»-ի ներկայացուցիչ իրավաբանն այս կապակցությամբ զուգահեռ տարավ. «Մենք հնարավոր ենք համարում, որ կարող են եւ վրիպակներ լինել, սակայն դիմում ենք, որ շտկեն: Եվ տրամաբանական կլիներ, որ «Մելտեքսի» նկատմամբ էլ նույն վերաբերմունքը լիներ մրցույթի ընթացքում, եւ վրիպումների դեպքում առաջարկեին ներկայացնել պարզաբանումներ»:
Մեջբերեցինք ՀՌԱՀ-ի փաստարկը, թե «Ա1+»-ն առայժմ վիճարկում է զուտ արարողակարգային հարցեր՝ մի կողմ թողած գլխավոր խնդիրը: «Դա թյուր կարծիք է,- պատասխանեց պրն Տեր-Եսայանը:- Սրանք բոլորը հաղթող ճանաչելու որոշմանը եւ դատական գործընթացին առնչություն ունեցող խնդիրներ են, ինչպես նաեւ այն, որ դիմել ենք Վարչական դատարան՝ մրցակցի փաթեթը ստանալու կապակցությամբ: Եվ չակերտները կբացվեն ընթացքում»:

Հ. Գ. Տիգրան Տեր-Եսայանը հայտնեց, որ իրավական գործողություններ են նախապատրաստում նաեւ այն ընկերության հետ կապված, որն իրենց ֆինանսական աջակցության մասին 4 հավաստագիր էր տվել՝ ոչ միայն ՀՌԱՀ-ի կողմից մատնանշվող 2 «կեղծ» թղթերը, այլ նաեւ ռուսական «Պրեստիժի» եւ «Ռոտորի» փաստաթղթերը. «Իրենց ներկայացուցիչը մեզ ասել էր, թե դա կորպորացիա է, որտեղ ընդգրկված են 4 ընկերություններ: Այս կապակցությամբ դիմել ենք ՌԴ Մոսկվայի պետռեգիստրին: Չեմ թաքցնի՝ մենք աշխատում ենք նաեւ Բելիզ պետության ռեգիստրի հետ: Հավելյալ տեղեկատվություն եւ որոշ պարզաբանումներ ստանալուց հետո իրավական գործընթաց կսկսենք, եթե չստանանք բավարար պարզաբանումներ: Ինքներս ենք նախաձեռնել հարցումներ 3 պետություններում, քանի որ ՀՌԱՀ-ը մեզ առայժմ չի տրամադրել իր գրագրությունների հիմքերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել