Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՄԻ՞Ց ԷՐ ՀՌԱՀ-Ը ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԱՊԱՀՈՎԵԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

Դեկտեմբեր 24,2010 00:00

\"\"«Ա1+»-ի վերաբերյալ այս հարցադրումն էր երեկ կրկնում ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը, որի ղեկավարած կառույցն անցած 8 տարիներին երբե՛ք
որեւէ հեռուստաընկերությունից պատասխան չի պահանջել չկատարված ներդրումների եւ չիրականացված խոստումների համար:

ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը երեկ ասուլիսում պատասխանելով «Առավոտի» եւ «ՀԺ»-ի հարցերին՝ անդրադարձավ այն փաստարկներին ու հարցադրումներին, որոնք դեկտեմբերի 16-ին «Ա1+»-ի վերաբերյալ իրենց քվեարկությունից հետո հնչեցրել էին այդ հեռուստաընկերության եւ հանրության ներկայացուցիչները: Ներկայացնում ենք հատվածներ՝ տրված հարցերից ու դրանց պատասխաններից:
– Ինչո՞ւ մրցույթի ընթացքում չէիք դիմել «Ա1+»-ին՝ ճշտելու համար «կեղծ» համարվող փաստաթղթերի հետ կապված հարցերը:
– Ինչո՞ւ հանձնաժողովը չի առաջարկում ճշտումներ անել, որովհետեւ հանձնաժողովը նախ ակնհայտ տեսնում եւ արձանագրում է կեղծ լինելու հանգամանքը: Ճշտում անում են այն դեպքում, երբ որ կա անորոշություն կամ մի բան լավ հասկանալի չէ (ավելի ուշ պրն Ամալյանը հաստատեց, որ ճշտումները ՀՌԱՀ-ն արել էր ԱԳՆ միջոցով, եւ հայտնեց, որ դեկտեմբերի 22-ին արդեն առաքել է այդ նամակագրությունը «Մելտեքս» ՍՊԸ-ին.- Ա. Ի.):
Պատկերացրեք, որ ընդունելության քննությունների ժամանակ ակնհայտ սխալ եք լուծել խնդիրը ու հետո ասում եք՝ իսկ ինչո՞ւ ինձ հանձնաժողովը չկանչեց, չասեց, թե գիտես՝ էս խնդիրը սխալ է, մի հատ նորից լուծի: Հիմա՝ ներկայացված փաստաթուղթը կեղծ է, ակնհայտ կեղծ է, եւ որեւէ կասկած չկա: Ի՞նչը ճշտեինք մենք նրանց հետ: Պիտի ասեինք՝ էս կեղծը տար, մի հատ ուրի՞շը բեր: Դուք հասկանո՞ւմ եք, որ ճշտում են այն բանը, որը ճշտելու անհրաժեշտություն կա: Եթե ակնհայտ տվել են կեղծ տեղեկատվություն, դու տեսնում ես, որ այս փաստաթուղթը կեղծ է՝ ի՞նչն ես ուզում ճշտել:
– Ձեզ արդեն փոխանցվել է Աննա Տանելյանի գրությունը, որով նա վերահաստատում է ավելի վաղ իր տված հավաստագիրը՝ ներդնելու 280 հազար եվրո:
– Նրան մենք պատասխանել ենք երեկ: Ասեմ, որ Աննա Տանելյանը նույն գրությունը հավաստել է կրկին, այս անգամ դրել էր ստորագրություն եւ կնիք: Ստիպված եղա Աննա Տանելյանին իմ պատասխանի մեջ բերել մի օրինակ, թե ինչն է կոչվում պարտավորություն: Աշխարհում որեւէ պարտավորություն ենթադրում է պարտավորության կողմեր եւ առարկա: Եթե պարտավորություն կոչվող փաստաթղթում գրված է խոստում՝ ինչ-որ մեկը կտա մեկ խնձոր՝ սա պարտավորություն չէ, որովհետեւ հասկանալի չէ, թե ով կտա նրան այդ մեկ խնձորը: Եվ հակառակը՝ եթե գրված է Դավիթը կտա Սամվելին մի բան, այսինքն՝ պարզ չէ, թե ո՞րն է առարկան, ի՞նչ է տալու՝ սա եւս պարտավորություն չէ: (Աննա Տանելյանի գրությունն այսպիսին է. «Մենք, տարբեր գործարարներ, կազմակերպություններ եւ բարերարներ մոբիլիզացրել ենք մեր միջոցները ապագայում «Ա1+» ընկերության մեջ 280 000 եվրոյի ներդրում կատարելու».- Ա. Ի.): Հասկանո՞ւմ եք՝ սա այն առաջին դեպքն է, երբ անորոշ մարդիկ պարտավորվում են: Անորոշ մարդիկ չե՛ն կարող պարտավորվել… Այդ գրությունն ընդամենը մի հատ թուղթ է: Ովքե՞ր են այդ տարբեր գործարարները: Դուք կարող եք երաշխավորել կոնկրե՛տ անձի անունից, դուք չե՛ք կարող երաշխավորել ընդհանրապես: Այդ ձեւով կարելի էր գրել, որ աշխարհի գործարարնե՜րը, բարերարնե՜րը: Չե՞նք ասի՝ բայց կոնկրետ ովքե՞ր են էդ մարդիկ, էդ մարդիկ լիազորե՞լ են քեզ, ունե՞ն անուն-ազգանուն, ինչպե՞ս են իրականացնելու իրենց պարտավորությունը, ինչպե՞ս պիտի այդ պարտավորությունը ստացած կողմը վաղը նրանցից պահանջի, որ կատարեն իրենց պարտավորությունները: Այսինքն՝ միգուցե, մեջբերեմ, էլի՞ հետո ասելու են, թե երեւի միամտաբար, երեւի սխալմամբ հավատացել ենք ինչ-որ մեկին՝ անանուն, անորոշ բարերարների եւ այլն:
– Նշեցիք, որ երբ կա անորոշություն՝ ՀՌԱՀ-ը ճշտումներ է կատարում: Նույնիսկ առանց ստորագրության եւ կնիքի գրության մեջ էր Աննա Տանելյանը նշել հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի համար, կայքի հասցե եւ այլն: Բայց ՀՌԱՀ-ը հասել է՝ նախկին բրիտանական Հոնդուրասից պարզաբանումներ ստացել, սակայն Փարիզից ճշտելու փորձ իսկ չի արել այս դեպքում:
– Բայց ի՞նչ ճշտեինք Աննա Տանելյանից, երբ էդ մարդն ասում է՝ անորոշ մարդիկ կտան փողեր: Ասեինք՝ խնդրում ենք հստակեցնել անորոշ մարդկանց ցանկե՞րը… Եթե չտվեցին՝ «Մելտեքս» ՍՊԸ-ն ո՞ւմ դիմեր, ասեր՝ էս ի՞նչ բան եք արել, ինչի՞ չեք տալիս: Ո՞ւմ պիտի դիմեր հանձնաժողովը՝ ասեր, գիտեք ինչ՝ ինչի՞ էս տարբեր գործարարները չեն ապահովել ձեր 280 հազար եվրոն:
– «Ա1+»-ը նշում է, որ եթե անգամ բացառենք այդ երկու ընկերության խոստացած 120 հազար դոլարը՝ մնացած գումարներն էլի բավարար էին մրցութային ծրագիրն ապահովելու համար:
– Սա ճամարտակություն եմ համարում՝ 120 հազարի շուրջ: Նախ՝ մարդուն ասում են, լսի՝ կեղծ փաստաթղթեր ես ներկայացրել, մարդն ասում է՝ լավ, էդ 120 հազարն ընդունեցի, եկեք դա հանենք: Բայց մենք նաեւ ասում ենք, որ 280 հազար եվրոյի վերաբերյալ թուղթը անդեմ անձինք են՝ պարտավորություն չէ:
– Եթե տեսել էիք, որ կեղծ փաստաթղթեր կան՝ ինչո՞ւ ուղղակի չհանեցիք մրցույթից:
– Չեմ բացառում, որ դա եղել է սկզբնական նպատակներից մեկը՝ անմիջապես հետ ստանալ հայտը: Մենք հավաստիացել ենք այս փաստաթղթերի կեղծ լինելու մեջ՝ արդեն վերջնականորեն նոյեմբերի 25-26-ին, երբ ստացել ենք պաշտոնական գրությունները: Գործերի ընդունելությունն ավարտվել է շատ ավելի վաղ:
– Ինչո՞ւ թեեւ ավարտվել է մրցութային գործընթացը, բայց Դուք մասնակիցներին չեք տրամադրում մրցակիցների առաջարկների փաթեթը:
– Մրցութային գործընթացը մեզ մոտ կավարտվի հունվարի 20-ին… Ո՞նց եք պատկերացնում՝ ես ասեմ, լավ, սկսեք պատճենել, հանձնաժողովի անդամը գա՝ ասի, թե ինձ հիմա պետք է իմ աշխատանքի համար դրա բնօրինակը: Եվ ասում ես՝ դու գնա սպասի, որովհետեւ տրամադրել ենք, որ մարդը պատճեններ անի:
– Խնդրում եմ՝ պարզաբանեք, թե վարկանիշային քվեարկությունից հետո, երբ ՀՌԱՀ-ն այլեւս կայացրել է իր որոշումը՝ ի՞նչ աշխատանք եք տանում այդ փաթեթների հետ, որ անհնարին է դարձնում դրանք պատճենահանելը:
– Ես լավ հասկանում եմ, որ ցանկություն կա կասկած կամ որեւէ բան առաջացնել չտրամադրված փաթեթների հետ կապված: Այս պահին մասնակից ընկերությունները տարբեր հարցերով, հարցադրումներով դիմում են՝ իրենց տալ այս կամ այն տեղեկատվությունը մասնավորապես այդ փաթեթներից: Մեզ պետք է անընդհատ եւ ամեն վայրկյան այդ փաթեթների բնօրինակներն ունենալ ձեռքի տակ:
Ինձ ի՞նչն է տարօրինակ թվում. կա հարց, եւ կա շատ ավելի լուրջ հարց, որը փորձում են շրջանցել ինչ-որ պրոցեսուալ անհեթեթություններով: Լուրջ հարցն այն է, որ հանձնաժողով են ներկայացվել կեղծված փաստաթղթեր: Դրա մասին կարծես թե տարաձայնություններ չկան: Ներկայացնող կողմը եւս իր անձի արդարացումը բերեց՝ երեւի մոլորվա՜ծ, երեւի սխալմա՜մբ… Եթե էդքան վստահ չէիր՝ ինչ էր էս փաստաթուղթը, ինչի՞ էիր աշխարհով մեկ ե՛ւ պետական մարմնին համոզում, թե գիտես՝ սա ի՜նչ հռչակավոր կազմակերպություն է, եւ ինչո՞ւ էիք էսքան ժամանակ հանրությանը մոլորության մեջ դնում մրցութային այս առաջարկի բիզնես ծրագրի անցած աուդիտների մասին: Ինձ համար տարօրինակ է՝ այդ աուդիտորների համար երբեւէ հարց եղե՞լ է տեսնել, թե այդ առաջարկի տակ կցվող փաստաթղթերն ինչ փաստաթղթեր են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել