Երեկ Հայ ազգային կոնգրեսը քննադատել է ՀՀ խորհրդարանի կողմից «Հանրակրթության մասին» եւ «Լեզվի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, հակառակ հասարակական պահանջի՝ ընդունելու փաստը: «Չնայած հասարակական բուռն հակազդեցությանը, ՀՀ Ազգային ժողովն, այնուամենայնիվ, ընդունեց համապատասխան փոփոխությունները «Հանրակրթության մասին» եւ «Լեզվի մասին» օրենքներում, որով ճանապարհ բացեց Հայաստանում օտարալեզու հանրային կրթության համար»,- հայտարարել է Կոնգրեսը՝ հիշեցնելով, որ ՀԱԿ-ը դեռ այդ նախաձեռնության ի հայտ գալու ժամանակ է հայտնել իր սկզբունքային դիրքորոշումը՝ «արձանագրելով դրա վնասակարությունը ազգային ինքնության ու վտանգավորությունը սոցիալական առումով»։ «Այն, ինչ հարյուր տարի առաջ անում էին օտար տիրակալները եւ չէին կարողանում մարսել, այսօր անում է «հայրենի» իշխանությունը՝ դրանով ավելորդ մի անգամ հաստատելով, որ ավազակապետական ռեժիմը շատ ավելի կործանարար է ամեն տեսակ օտար իշխանության համեմատ»,- հայտարարել է Կոնգրեսը՝ հավելելով, թե «հիշյալ օրենքների ընդունմամբ խորհրդարանում ներկայացված ուժերն ապացուցեցին իրենց հակաքաղաքական ու ապազգային էությունը։ Դա հատկապես վերաբերում է Հանրապետական կուսակցությանը, որն իրեն նժդեհյան հորջորջելով՝ ոտնակոխ արեց նաեւ իր գաղափարական նախահորը։ Քոչարյանասերժական ոչ լեգիտիմ այս վարչախումբը ապագա լեգիտիմ ու քաղաքական իշխանության օրակարգում ավելացրեց եւս մի խնդիր, որի լուծումը առաջնահերթներից մեկն է լինելու, քանզի մայրենի լեզվով հանրակրթությունը ազգային պետության հիմնասյուներից մեկն է»։