Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Դեկտեմբեր 23,2010 00:00

Մոլորակի մի մասն Ամանորը տոնում է հունվարի 1-ին, իսկ մյուս մասը այլ օրերի՝ կապված օրացույցների եւ առանձնահատուկ սովորույթների հետ:

Քրիստոնեական կամ Գրիգորյան օրացույցով Նոր տարին սկսվում է հունվարի 1-ին: Գրիգորյան օրացույցը Հուլյան օրացույցի վերափոխված տարբերակն է: Վերջինս ընդունվել է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի օրոք՝ մ.թ.ա. 46թ.-ին: Այդ ժամանակ՝ օրացույցի բարեփոխման ընթացքում, հռոմեական Ծերակույտը որոշում է տարեսկիզբը մարտի 1-ից տեղափոխել հունվարի 1-ը: 1582թ. Հռոմի պապ Գրիգոր 13-րդն արգելում է Հուլյան օրացույցը, քանի որ այն մի փոքր երկար էր: Աստիճանաբար Գրիգորյան օրացույցը գործածության մեջ է մտնում տարբեր երկրներում:
Քրիստոնեության ընդունումից առաջ հայերը Նոր տարին տոնել են Արեգ ամսվա Արեգ օրվա Այգ ժամին, այսինքն՝ գարնանային գիշերահավասարի օրվա (մարտի 21-22) արեւածագին: Հայերի մոտ հունվարի 1-ը՝ որպես Ամանոր, ընդունվել է 18դ.՝ Սիմեոն կաթողիկոս Երեւանցու օրացույցով:
Նախաքրիստոնեական ժամանակաշրջանում շատ ժողովուրդներ տոնել են ձմեռային արեւադարձի օրը՝ դեկտեմբերի 22-23-ին, որպես Արեւի աստծո որդու՝ Միհրի (Միտրայի) ծննդյան օր: Այս հեթանոսական տոնակատարությանը վերջ դնելու համար Հռոմի եկեղեցին 451թ. Քաղկեդոնի ժողովում որոշում է դեկտեմբերի 25-ին նշել Հիսուսի ծննդյան օրը:
Մոլորակի մի մասն Ամանորը տոնում է հունվարի 1-ին, իսկ մյուս մասը Նոր տարվա տարբեր օրեր ունի, ինչը կապված է տարբեր օրացույցների եւ առանձնահատուկ սովորույթների ու ավանդույթների հետ:
 Արդեն մեր մշակույթի մեջ է մտել տոնել նաեւ արեւելյան կամ չինական նոր տարին, ուշադրություն դարձնել տարվա խորհրդանշանների՝ կենդանակերպի կենդանիների խորհրդին: Արեւելյան Նոր տարին սկսվում է ձմեռային արեւադարձից հետո երկրորդ նորալուսնի օրը:
Ժողովուրդը Ամանորի հետ կապված որոշ սովորույթներ ունի, որոնցից են նաեւ ավանդական գուշակությունները: Օրինակ, ասում են՝ չամուսնացած աղջիկն Ամանորի գիշերը կանգնում է մեջքով դեպի դրսի դուռը եւ ուսի վրայով կոշիկը նետում դեպի դուռը: Եթե կոշիկի քիթն ուղղված է դեպի դուրս, ապա նա այդ տարի կամուսնանա, իսկ եթե դեպի տուն՝ ստիպված է եւս մեկ տարի սպասել:
Այս մեթոդն էլ հաճախ է կիրառվում. գաթա կամ այլ խմորեղեն պատրաստելիս մեջը մետաղադրամ են դնում: Ում ընկավ այդ կտորը, նրան էլ նոր տարում բախտը կժպտա: Կամ խմորեղեն է պատրաստվում տարբեր պատկերներով՝ սիրտ, քսակ, ձի, մատանի եւ այլն: Փակ ամանի մեջ դնում են սեղանին: Յուրաքանչյուրը պետք է փակ աչքերով մի կտոր հանի: Դա էլ կլինի այն, թե ինչ է նրան սպասվում այդ նոր տարում:
Իսկ ամենից տարածվածն ու ակտուալն էլ սա է. Ամանորի գիշերը բոլորը մտքում ցանկություն են պահում: Ասում են՝ եթե ժամացույցի 12 զարկերի ընթացքում հասցնես ցանկությունդ գրել թղթի վրա, այն այրել, լցնել շամպայնով լի բաժակի մեջ եւ խմել, ապա այն կկատարվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել