Լրահոս
Օրվա լրահոսը

Օրհնանքը դրամից թանկ արժե

Դեկտեմբեր 23,2010 00:00

Դեռ կան մարդիկ, որոնք ապրում են բարության ու քաղաքավարության օրենքներով

Որքան հաճախ եք դուք վերադառնում խանութից կամ շուկայից եւ ձեր գնածը տեղավորելիս զայրացած խոսքեր ասում այն վաճառողների հասցեին, որոնք վարպետորեն գովաբանել են իրենց անորակ ապրանքը եւ ձեզ հրամցրել: Հասկանալի է, որ դրանից հետո դուք խուսափում եք նույն վաճառողից գնումներ կատարել եւ անցնում եք նրանց կողքով, որ նորից թակարդը չընկնեք: Պարզվում է, որ նրանք ձեզ չեն հիշում եւ կրկին հրավիրում են «ընտիր» ապրանք գնելու: Երբ նրան հիշեցնում եք, որ նա վաղուց կորցրել է գնորդների հավատը եւ պարզապես խաբեբա է, լսում եք նրանց արդարացումները.
– Բա ի՞նչ անենք, ընտանիք ենք պահում, առեւտրում այլ կերպ հնարավոր չէ:
Խոստովանենք, որ այլ կերպ հնարավոր է, քանզի տեսնում ենք նաեւ հակառակ երեւույթը: Տիկին Ասյայից արդեն տասը տարի է, ինչ ես պանիր եմ գնում: Նա վաճառում է իր պատրաստած պանիրը եւ համեստորեն միշտ նստում է նույն տեղում, չի գովազդում իր ապրանքը, վաճառում է շատ ավելի մատչելի գներով, քան խանութում եւ համոզված է, որ մի անգամ այն գնողը հաջորդ անգամ անխոս մոտենալու է: Ուզում եմ գրել նաեւ Երեւան-Աբովյան միջքաղաքային թիվ 259 ավտոբուսի վարորդներից մի քանիսի մասին, որոնց անունները դեռեւս չգիտեմ, բայց ամեն օր ականատես եմ լինում, թե ինչպես են նրանք ընդառաջում սոցիալապես անօգնական եւ անապահով ուղեւորներին եւ նրանց տեղափոխում առանց ուղեվարձի: Այդ վարորդները երբեք չեն մերժում դրամ չունեցողներին, չեն կոպտում ուղեւորներին, եւ ավտոբուս նստելիս ուղեւորները կարծես թեթեւություն են զգում, ղեկի մոտ տեսնելով հոգատար, ուշադիր եւ քաղաքավարի վարորդի: Որպես վարձատրություն, նրանք ողջ օրը շնորհակալության եւ օրհնանքի անկեղծ խոսքեր են լսում:
Այո, ընդունենք, որ կան դեռեւս մարդիկ, որոնք ողջ կյանքում, անգամ այս դժվարին տարիներին, շարունակում են ապրել բարության ու քաղաքավարության օրենքներով: Նրանք երբեք չեն ճառում առաքինության մասին, բայց մանկուց իրենց վարժեցրել են առաքինի գործերի եւ արարքների: Ես ճանաչում եմ տարբեր արհեստագործ վարպետների (սանտեխնիկ, փականագործ, էլեկտրիկ եւ այլն), որոնք մշտապես օգնում են գործազուրկ կամ թոշակառու մարդկանց, անվճար նորոգելով նրանց կենցաղային իրերը կամ վերացնելով կենցաղային անսարքությունները եւ փոխարենը իրենց մարդկային վերաբերմունքի համար դարձյալ լսում ամենաթանկ խոսքերը, որոնք բխում են իրենց դիմողի սրտից: Մեջբերելով Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրականից», նշեմ, որ մեծն իմաստասերը շուրջ ութ դար առաջ տեսել է կյանքի բազում ճշմարտություններ եւ այսպես է դիմել արհեստավորներին եւ առեւտրականներին. «Նրանք պետք է ուղիղ եւ անարատ կենցաղավարությամբ ապրեն, խաբեություն ու նենգություն չգործեն, որպեսզի դատաստանի օրը Քրիստոսից առատ վարձատրություն ստանան»: Հիշենք, որ մարդիկ վարձատրվում են ոչ միայն դրամով, այլեւ սրտից բխած օրհնանքով, որն ավելի թանկ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել