«Վերին» գաղափարի շուրջ…
Վերջին շրջանում ամենաշատ շրջանառվող թեմաների շարքում կարելի է առանձնացնել էմոներին եւ նրանց հետ կապված ամեն ինչ: Եթե սկզբում նրանք հատուկենտ էին փոքրիկ մեր քաղաք Երեւանում, ապա այսօր չակերտավոր էմոների մասին հյուսվում են լեգենդներ, եւ ցանկացած դեռահասի մահ առաջին հերթին ասոցացվում է վերջիններիս հետ:
Նրանցից միանգամայն տարբեր են Հայաստանում ավելի վաղ հայտնված կամ էլ ձեւավորված «քարթուները»:
Սովորելով Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, բախտ է վիճակվում առնչվել կլորիկ ակնոցներով, չսափրված, ոտքից գլուխ սեւ հագնված եւ «անկրկնելի» բառապաշարի բոլոր բառերի հեղինակային իրավունքները պաշտպանած անձնավորությունների հետ:
Մի հետաքրքիր փաստ. նրանց երբեք մենակ ու մեկուսացած չես տեսնի: Խումբ-խումբ հավաքվելով եւ մի ընդհանուր, իրենց խոսքով ասած՝ «վերին» գաղափարի շուրջ ծավալվելով, սպասում են գեղեցիկ էակի հայտնվելուն:
Գեղեցիկը սպասեցնել չի տալիս, սակայն մինչ ռեպլիկ թողնելը, ռենտգեն ճառագայթը՝ ուսումնասիրելով վերջինիս, հայտնում է, որ օբյեկտը «լավ ախպոր քուրն ա» ու հետեւաբար ռեպլիկին կհաջորդի «բազարը»:
Նրանց չկրկնվող «բազարներին» չեմ պատրաստվում անդրադառնալ, քանի որ դրանց խորությունն ու իմաստը ըմբռնելու համար լսելը քիչ է, տեսնել է պետք:
«Բազարներից» հետո նրանք ավելի հաճախ լինում են իրենց ասած «ճիշտ» եւ լավ ռաբիսով ողողված խնջույքներին: Սպիտակցի Հայկո, Թաթուլ, Վլե եւ այսպես շարունակ. կուռքեր, ովքեր թանկ են եւ չեն փոխարինվի նույնիսկ 1 ժամ Անջելինա Ջոլիի հետ վերելակում փակված մնալու հետ:
Նրանք՝ քաղաքի լավ տղեքը, չունեն PR-ի կարիք, սակայն սեւ PR-ն էլ է PR. Միշո, ՀՏ Հայկո՝ երգում են եւ ներկայացնում նրանց ավելորդ ծանրությունը եւ ծանր ավելորդությունը:
Եկավ ձմեռը, եւ ժամանակն է հրաժեշտ տալ սեւազգեստներին, բայց ոչ ցրտադիմացկուն տղեքին:
Փոխվում են ժամանակները, սերունդը, բարքերն ու սովորույթները, սակայն նրանք միշտ նոր են ու չհնացող եւ ունեն պիտանելիության անսահմանափակ ժամկետ: