Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՅԱՐԴԱՅԻՆ ԹՈՒՅՆԻ» ԿՈՐԾԱՆԻՉ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբեր 23,2010 00:00

Ալկոհոլիզմով տառապողների վերջը

Ինչպես հայտնի է՝ էթիլ ալկոհոլը (էթանոլ, էթիլ սպիրտ, գինու սպիրտ) ստամոքսաաղիքային տրակտից անցնելով արյան մեջ, նրա հոսքով տարածվում է բոլոր օրգաններում եւ ներծծվում դրանց հյուսվածքների մեջ: Հետազոտությունները թույլ են տվել էթանոլը անվանել «նյարդային թույն», քանի որ ունենալով ճարպալուծիչ հատկություն, այն հեշտությամբ թափանցում է նյարդային բջիջների մեջ՝ պարալիզելով դրանց գործունեությունը: Ուղեղի ալկոհոլային թունավորման, ուստի եւ որոշակի հոգեկան ֆունկցիաների խանգարման վիճակը ընդունված է անվանել ալկոհոլային հարբածություն: Տարբերում են սուր եւ խրոնիկական ալկոհոլային թունավորում:
Ալկոհոլային սուր թունավորումը ըստ ծանրության բաժանվում է 3 աստիճանի՝ որոնցից յուրաքանչյուրին բնորոշ են հոգեկան ֆունկցիաների որոշակի խանգարումներ՝ թեթեւ էյֆորիայից (տրամադրության բարձրացում) մինչեւ կոմա (գիտակցության կորուստ): Ալկոհոլային սուր թունավորումներից տարբերում են մի ձեւ, որը կոչվում է ախտաբանական հարբածություն: Սա հանդիպում է հազվադեպ եւ հիմնականում այն անձանց մոտ, ովքեր նախկինում ունեցել են ուղեղի որեւէ օրգանական ախտահարում՝ վնասում, ուռուցք, վիրահատություն, բորբոքային հիվանդություն, թունավորում եւ այլն: Ախտաբանական հարբածությունը ի հայտ է գալիս նույնիսկ 50 մլ թունդ ալկոհոլային խմիչք գործածելիս: Տեւում է մի քանի րոպեից մինչ 1 ժամ: Հիվանդների մոտ ի հայտ է գալիս սուր եւ կարճատեւ փսիխոզի վիճակ, որն ուղեկցվում է գիտակցության նեղացումով, իմպուլսիվությամբ, վախի ու տագնապի զգացումով, վառ տեսողական ու լսողական ցնորքներով, զառանցական մտքերով եւ դրանց համապատասխան վարքով, ինչը հաճախ ավարտվում է հանցագործությամբ՝ սպանություն, ինքնասպանություն եւ այլն:
Ալկոհոլային խրոնիկական թունավորում. այստեղ անհրաժեշտ է տարբերակել ալկոհոլի կենցաղային չարաշահումը, պարբերական չարաշահումը, մշտական չարաշահումը՝ բուն խրոնիկական ալկոհոլիզմից, որը արդեն հիվանդություն է իր կոնկրետ ախտանշաններով: Խրոնիկական ալկոհոլիզմի, որպես հիվանդության մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ հիվանդի մոտ ի հայտ են գալիս ալկոհոլային քաղցի կամ խումարի համախտանիշը եւ զարթախումի ախտանիշը: Ինչ խոսք, որ խրոնիկական ալկոհոլիզմին անպայման նախորդում է ալկոհոլային խմիչքների տեւական չարաշահումը, որը ժամանակի ընթացքում աննկատելիորեն վերածվում է հիվանդության: Խրոնիկական ալկոհոլիզմը, ինչպես եւ մյուս հիվանդությունները, տեւականորեն զարգացող ծանր հիվանդություն է, որն ընթանում է 3 փուլով: Առաջին փուլը կոչվում է նեւրասթենիայի փուլ, որին բնորոշ են հոգեկան կախվածությունը ալկոհոլային խմիչքից, ալկոհոլի նկատմամբ դիմացկունության աստիճանական բարձրացումը (հիվանդը սկսում է խմել ավելի ու ավելի շատ եւ կոտորակային ձեւով), վեգետատիվ խանգարումները՝ ախորժակի վատացումը, վատ ինքնազգացումը, անքնությունը եւ այլն, հոգեկան ոլորտի խանգարումները՝ դյուրագրգռություն, ուշադրության եւ հիշողության թուլացում, աշխատունակության նվազում եւ այլն: Երկրորդ փուլը կոչվում է նարկոմանիայի փուլ, որին բնորոշ են հոգեկան եւ ֆիզիկական կախվածությունը ալկոհոլային խմիչքներից: Ալկոհոլի նկատմամբ դիմացկունության աճը հասնում է իր գագաթնակետին, հիվանդը խմում է օրական 2-3 լ օղի: Խմում է 5-7-օրյա հարբելու եւ ընդմիջելու պարբերություններով, ինչը մասնագետները անվանում են «պարբերական հարբեցողություն»: Ի հայտ են գալիս խումարի համախտանիշը եւ զարթախումի ախտանիշը: Հիվանդին անհանգստացնում են մարմնական տարաբնույթ խանգարումները (ստամոքսի, լյարդի, սրտի, երիկամների, նյարդերի, միզասեռական, ներզատիչ գեղձերի): Հոգեկան ոլորտի խանգարումները դառնում են ավելի ցայտուն ու ծանր՝ մարդը դառնում է դյուրագրգիռ, կոպիտ, ցինիկ, կռվազան եւ այլն: Արագորեն նվազում է աշխատունակությունը, ինչի հետեւանքով կորցնում է մասնագիտությունը, հաճախակի փոխում է աշխատանքի վայրը, հայտնվում իրավապահ մարմինների տեսադաշտում եւ այլն: Երրորդ փուլը կոչվում է էնցեֆալոպաթիայի փուլ, որին բնորոշ են ծանր ֆիզիկական կախվածությունը ալկոհոլային խմիչքներից: Թուլանում է ինքնահսկողությունը ընդունվող ալկոհոլի քանակի եւ որակի նկատմամբ: Խումարի վիճակները դառնում են ավելի անտանելի: Ալկոհոլի նկատմամբ դիմացկունությունը խիստ ընկնում է, եւ հիվանդները հարբում են նույնիսկ 50 մլ օղուց, ինչի հետեւանքով նրանք գերադասում են ավելի թույլ խմիչքները՝ գինին կամ գարեջուրը: Հայտնաբերվում են ծանր հիվանդություններ ներքին օրգանների եւ նյարդային համակարգի կողմից՝ ստամոքսաբորբ, խոցային հիվանդություն, լյարդի ցիռոզ, երիկամաբորբ, իմպոտենցիա, կարդիոսկլերոզ, կարդիոպաթիա, ինֆարկտ, բրոնխիտ, տուբերկուլյոզ, նյարդաբորբեր եւ այլն, որոնց նկատմամբ, սակայն, հիվանդը չի ցուցաբերում լուրջ ուշադրություն, քանի որ այս փուլում լինում է ինտելեկտի պրոգրեսիվ իջեցում՝ անձի ալկոհոլային դեգրադացիա: Հիվանդը վերջնականապես կորցնում է աշխատունակությունը, սոցիալական ու ընտանեկան կապերը, վարում է պորտաբույծ եւ թափառական կյանք, զբաղվում մուրացկանությամբ: Այսպիսի վիճակում մարդը լավագույն դեպքում դառնում է հաշմանդամ, իսկ վատագույն դեպքում՝ հոգեբուժարանի կամ ուղղիչ աշխատանքային գաղութի բնակիչ, էլ չենք խոսում այն մասին, որ քչերին է հաջողվում ապրել մինչեւ այդ վիճակը…
Խրոնիկական ալկոհոլիզմին ուղեկցող բարդություններից են ինքնուրույն հիվանդություններ հանդիսացող ալկոհոլային փսիխոզները՝ հարբեցատենդը (սպիտակ տենդ), ալկոհոլային ցնորվածությունը, ալկոհոլային զառանցանքը, ալկոհոլային խանդի զառանցանքը, ալկոհոլային էպիլեպսիան, ալկոհոլային դեպրեսիան եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել