Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլային տարին ամփոփում են քաղաքական գործիչները

Դեկտեմբեր 23,2010 00:00

\"\"Այսօր ՀՖՖ-ն ամփոփելու է արդեն պատմություն դարձած մրցաշրջան-2010-ը՝ ավանդական մրցանակաբաշխության արարողությամբ: Ի թիվս շատ ու շատ այլ մրցանակների՝ հենց այսօր պարզ կդառնա Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի անունը, ում որոշել են ՀՖՖ գործկոմի անդամները, բարձրագույն խմբի ակումբների ու ԶԼՄ ներկայացուցիչները:
Իսկ «Առավոտի» մարզական էջում տարին ամփոփում եւ լավագույն ֆուտբոլիստի իրենց տարբերակներն են այսօր առաջարկում ֆուտբոլասեր-քաղաքական գործիչները:
Ըստ հանրապետական պատգամավոր Էդուարդ Շարմազանովի, ում հաճախ կարելի է տեսնել մարզադաշտերում, առաջնության հանդիպումներին հետեւելիս՝ Հայաստանի առաջնությունում հանդես եկող լավագույն ֆուտբոլիստների եռյակն ունի հետեւյալ տեսքը՝ Կառլեն Մկրտչյան, Գեւորգ Ղազարյան եւ Էդգար Մանուչարյան: Շարմազանովի համոզմամբ, մեր ազգային հավաքականն այս տարի շատ հաջող հանդես եկավ, իսկ իռլանդացիներից կրած պարտությունն էլ պատահականություն էր, ինչպես պատահականություն էր մակեդոնացիների հետ ոչ-ոքին: Իսկ հաջողությունների հիմնական պատճառը թիմի կազմում վերջապես միջազգային մակարդակի ֆուտբոլիստներ ունենալն է, ուստի՝ հանրապետական պատգամավորը զարմանալի է համարում, որ լավագույն մարզիկների տասնյակում որեւէ ֆուտբոլիստ ներկայացված չէր: «Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» լավագույն լեգեոներ ճանաչվեց, երկրորդ լավագույն ֆուտբոլիստ… Իհարկե, չեմ ուզում Մխիթարյանին համեմատել Խորեն Հովհաննիսյանի հետ, բայց Հենրիխի բացակայությունը լավագույն մարզիկների տասնյակից նույնն է, թե ժամանակին Խ.Հովհաննիսյանը չհայտնվեր այդ ցուցակում»,- տարակուսում է Շարմազանովը:
Ֆուտբոլասեր-պատգամավորը մտավախություն չունի, որ հավաքականի հաջող ելույթները կարճաժամկետ բնույթ կկրեն: Ավելին, նա համոզված է, որ այս պոտենցիալով մեր ազգային թիմն ի վիճակի է Ռուսաստանի ընտրանու հետ խաղերում առնվազն 4 միավոր վաստակել: «Մեր հավաքականը շատ երիտասարդ է, մարզիչն էլ՝ նախանձախնդիր, նոր մտածողության տեր ու հարձակվողական ոճի ֆուտբոլը դավանող: Մենք միանշանակ կարող ենք ակնկալիքների նոր մակարդակ ձեւակերպել, մենք ունենք նորմալ հեռանկարային հավաքական՝ լավագույնը Հարավային Կովկասում… Իսկ դրա պատճառները բազմաթիվ են. ավելի դինամիկ ու հետաքրքիր ներքին առաջնություն, զարգացած ենթակառուցվածքներ, երիտասարդ ու միջազգային մակարդակի ֆուտբոլիստներ»,-լավատեսորեն եզրափակում է Էդուարդ Շարմազանովը:
«Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն էլ նշում է, որ դեռ վաղ է խոսել հավաքականի հաջողությունների բնույթի ու պատճառների մասին: «Եթե իսկապես որակական փոփոխություն է տեղի ունեցել, ապա մենք դեռ երկար ժամանակ հնարավորություն կունենանք տեսնել նման արդյունքներ, իսկ եթե հաջողությունները կարճաժամկետ էֆեկտ էին, ապա կարճ ժամանակ անց կրկին կվերադառնանք նույն մակարդակին: Ամեն դեպքում, ցանկությունս է, որ այս վիճակը պահպանվի»,- ասում է պատգամավորը: Ըստ ամենայնի, հաջողությունների հենց այս անբացատրելիությունն է պատճառը, որ, ըստ Մարտիրոսյանի՝ ոչ թե ֆուտբոլի ազգային հավաքականն է տարվա լավագույն թիմը, այլ՝ ծանրամարտի եւ շախմատի հավաքականները: Ուստի, պատգամավորը որեւէ կերպ չմեկնաբանեց նաեւ մարզական լրագրողների վարկածով լավագույն տասնյակում ֆուտբոլիստների բացակայությունը: Ինչ վերաբերում է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի սեփական տարբերակին, ապա «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը դժվարացավ նշել որեւէ անուն:
Իսկ ահա ՀՖՖ գործկոմի անդամ, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կարծիքով՝ տարվա ոչ միայն լավագույն ֆուտբոլիստը, այլեւ մարզիկը Հենրիխ Մխիթարյանն էր: Սակայն, քանի որ լավագույն ֆուտբոլիստին ընտրում են Հայաստանի առաջնությունում հանդես եկողների ցուցակից, պատգամավորն առաջին եռյակում տեսնում է փյունիկցիներ Դավիթ Մանոյանին, Սարգիս Հովսեփյանին եւ Մարկոսին: «Մանոյանին համարում եմ հեռանկարային մարզիկ եւ ավելի շատ ավանսով եմ նրան առաջին տեղում տեսել: Սարգիս Հովսեփյանի ֆուտբոլային երկարակեցությանը մեծ հարգանքով եմ վերաբերվում: Նրա նվիրվածությունը ֆուտբոլին երիտասարդների համար՝ լավ օրինակ է: Իսկ Մարկոսի պարագայում, լավ խաղի հետ մեկտեղ, ոչ երկրորդական եմ համարում հանդիպումներից մեկում խփած գոլից հետո Հայաստանի զինանշանը համբուրելը: Դա բարոյական եւ ուսանելի քայլ է բոլորի համար»,- իր որոշումը հիմնավորում է պարոն Դալլաքյանը: Ինչ վերաբերում է լավագույն մարզիկների տասնյակում ֆուտբոլիստների բացակայությանը, լավագույն թիմ-ազգային հավաքականի պարագայում անտրամաբանական ու անհասկանալի է, մանավանդ որ՝ ինքը՝ Դալլաքյանը, Մխիթարյանից բացի լավագույն մարզիկների ցուցակում տեսնում է նաեւ Յուրա Մովսիսյանին, Սարգիս Հովսեփյանին եւ Դավիթ Մանոյանին: Անխոս, այս ամենի պատճառը հավաքականի հաջող ելույթներն են: Սակայն, ըստ Դալլաքյանի, հարցերի հարցն է՝ արդյո՞ք որակապես նոր մակարդակի ենք տեղափոխվել, թե՞ սա կարճաժամկետ արդյունք էր: «Ես կարծում եմ, որ երկարաժամկետ էֆեկտի հետ գործ ունենք: Այսօր մեր հավաքականում տոն են տալիս երեկվա մանկապատանեկան ֆուտբոլը ներկայացնող ֆուտբոլիստները՝ Մխիթարյան, Մանոյան, Ղազարյան, Մկրտչյան: Մեր ազգային թիմն այժմ նոր որակի խաղ է ցուցադրում այդ ֆուտբոլիստների շնորհիվ ու դա հերթական ապացույցն է այն բանի, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք. մանկապատանեկան ֆուտբոլից՝ ազգային հավաքական»,- հաղթական եզրափակում է ՀՖՖ գործկոմի անդամը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել