Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի «Տարվա բարեգործ մարզիկ»

Դեկտեմբեր 23,2010 00:00

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի համար Հայաստանի 2010 թվականի տասը լավագույն մարզիկների ցուցակում տեղ չգտնվեց: Սակայն տաղանդաշատ ֆուտբոլիստը տարին եզրափակեց, թերեւս, մարզականից ավելի բարձր՝ բարոյական նվաճումով, որը վեր է ամեն տեսակի գնահատումից: Օրերս նա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորած պատվիրակության կազմում բարեգործական նպատակով եղավ Արցախում եւ նվերներ հանձնեց ազատամարտիկների ընտանիքներին: Այստեղ հուզիչն այն է, որ 22-ամյա ֆուտբոլիստը սեփական նախաձեռնությամբ է որոշել բարեգործությամբ զբաղվել եւ մտադիր է այդ շնորհակալ առաքելությունը շարունակել: Մասնավորապես, նա ցանկություն եւ հույս է հայտնել, որ եկող տարի կայցելի նաեւ Երեւանի մանկատներ:
Հենրիխ Մխիթարյանը մեր այն եզակի մարզիկներից է, որը տակավին երիտասարդ տարիքում արդեն սկսելով գումարներ վաստակել, առաջին հերթին մտածում է ոչ միայն կամ ոչ այնքան սեփական բարեկեցության, այլեւ օգնության կարիք ունեցող իր հայրենակիցների մասին: Այդպիսի հազվագյուտ օրինակի ականատես եղել ենք տարիներ առաջ, երբ Ավստրալիայից հայրենիք ժամանած Վախթանգ Դարչինյանը արժեքավոր նվերներ հանձնեց Երեւանի մանկատներից մեկին:
Հայաստանում կամ արտերկրում համեմատաբար պատկառելի գումարներ վաստակող տարբեր մարզաձեւերի մեր մարզիկներն այսօր քիչ չեն: Սակայն շատ քչերն (որքան տեղյակ ենք) են հիշում սոցիալապես անապահով վիճակում գտնվող  հայրենակիցներին, որոնք բոլորն էլ իրենց երկրպագուներն են եւ, ինչո՞ւ չէ, հենց նրանց ջերմ աջակցության շնորհիվ են մարզական բարձունքներ նվաճում: Իսկական հայրենասիրությունը նաեւ այդ խավին չմոռանալու եւ հնարավորության սահմաններում աջակցության ձեռք մեկնելու մեջ է նաեւ, ինչպես վարվել է ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Նրա օրինակը, հաստատ, արժե ընդօրինակման: Իսկ մարզաշխարհի տարեկան ամփոփումներում, կարծում ենք, կարելի է սահմանել եւս մի անվանակարգ եւ որոշել նաեւ «Տարվա բարեգործ մարզիկին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել