Երեկ Թումանյան 9 հասցեում բացվեց քանդակագործ Բենիկ Պետրոսյանի հուշաքարը, հեղինակ ճարտարապետը Լեւոն Իգիթյանն է: 1976-1996թթ. Թումանյան 9 հասցեում գտնվող Բենիկ Պետրոսյանի արվեստանոցը հայտնի էր Երեւանում՝ որպես հոգեւոր կենտրոն, մի յուրօրինակ Վերնատուն, որը ձգում էր արվեստագետներին, մտավորականներին՝ իր առանձնակի մթնոլորտով, ջերմությամբ, անսովոր ու հետաքրքիր աշխատանքներով, նաեւ տանտիրոջ հյուրընկալությամբ: Արվեստանոց այցելել են բազմաթիվ երեւելի հյուրեր, սակայն 1978թ. տիեզերագնացներ Ռոմանենկոյի եւ Գրեչկոյի այցելությունը իսկական անակնկալ էր ողջ Հայաստանի համար: Տիեզերքում՝ թռիչքի ընթացքում նրանք կարդում են Բենիկ Պետրոսյանի արվեստին նվիրված «Մետաղը խոսում է» խորագրով «Պրավդայի» հոդվածը եւ ուխտ անում՝ Երկիր վերադառնալուն պես ուղեւորվել Հայաստան ու այցելել այդ հրաշագործ արվեստագետին…… Այդպես էլ անում են: