Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադի-բուդի ու սեքս

Դեկտեմբեր 23,2010 00:00

ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանն այսպես է որակում նորօրյա շատ պարուսույցների սովորեցրած պարը

Երեկ «Արցախ» մամուլի ակումբի հյուրերը պետք է լինեին ՀՀ ժողովրդական արտիստ, Պարարվեստի միության նախագահ Վանուշ Խանամիրյանը եւ Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միության նախագահ Կարեն Գեւորգյանը: Պարարվեստի այս երկու գործիչները վաղուց իրար հետ «չունեն»: Վ. Խանամիրյանը մեկ ժամ շուտ էր ներկայացել, բայց երբ իմացավ, որ իր հետ մի սեղանի շուրջ պետք է լինի նաեւ Կարեն Գեւորգյանը, զարմացավ ու սկսեց ինչ-ինչ մեղադրանքներ հնչեցնել գիտական աստիճանով պարագետի հասցեին, ընդհուպ «ջեբկիր» անվանեց: Հետո պարզվեց, որ Կ. Գեւորգյանն էլ իր հերթին էր հրաժարվել բանավիճել Վ. Խանամիրյանի հետ: Ավելի շուտ համաձայնել էր գալ, բայց ոչ թե անձամբ, այլ միջնորդավորված՝ ուղարկել էր հատուկ օպերատոր, որպեսզի նկարեր ողջ ասուլիսը: Վ. Խանամիրյանն էլ առիթը բաց չթողեց եւ սրտի ուզածը հաղորդեց Կ. Գեւորգյանին. «Հերիք ա, հերիք ա, Հայաստանը փչացրիք պարարվեստով… Դուք չե՞ք զգում, էդ լատինամերիկյան պարերը, որ պարում են, արդեն սեքս են սարքել: Հայաստանում պարի խմբերը քանակով էնքան են շատացել, հիմա չես հասկանում՝ ով տեղից վեր է կենում, պարի դասատու է: Անունը դնում են պար, բայց դա պար չի, ուղղակի ամեն մարդ իրա քեֆն է լավ անում: Մեր պարարվեստն ադի-բուդի եղավ»:
Խոսելով ժամանակակից պարերի մասին՝ Վ. Խանամիրյանը կարծիք է հայտնում. «Ինչ-որ ուժեր կան, որ ուզում են մեր ամբողջ էթնոգրաֆիկ, հայկական պարերը մոռացնել: Արդեն չափը անցնում են, լավ երգիչներ ունենք, որոնք, ոնց որ ասած, դամ են պահում եւ էդ պարողներն էլ ինչ ասես՝ պարում են, ոնց որ թռի-վռի մի ճպուռ լինեն, էս պարերը թիթեռնիկի պես կգան ու կերթան»: Ապա խնդրանք-աղաչանքով դիմում է պարուսույցներին. «Դոզան իջեցրե՛ք, մանավանդ էդ պորտապարերի… ի՞նչ կապ ունեն դրանք հայկական պարի հետ: Ամեն գործի մեջ հայկականը պետք է լինի, էս ի՞նչ մրցույթներ են անում, չեմ էլ կարողանում նայել, անունն էլ դնում են պար, պարիր՝ ինչպես կարող ես»: Վ. Խանամիրյանը գտնում է, որ Հայաստանում կան նաեւ հոյակապ խմբեր՝ «Բարեկամություն», «Պարի պետական», «Երգի, պարի» պետական անսամբլները, ինչպես նաեւ վերջին մի քանի ամիսներին իր ստեղծած «Բարդիները»:
80-անց Վ. Խանամիրյանից հետաքրքրվեցինք՝ մինչեւ ե՞րբ է պատրաստվում պարել եւ ղեկավարել միությունը: Պատասխանեց. «Ինչքան որ թափ ու եռանդ ունենամ, հենց տեսնեմ, որ ինձանից զզվել, հոգնել են, հանգիստ կթողնեմ-կգնամ՝ տեղս տալով մի երիտասարդի: Միությունում ինձ մեծ պապի պես են պահում, ես իրանց պապն եմ»: Վերջում նա հայ ժողովրդին բարեմաղթելով Նոր տարվա կապակցությամբ՝ ասաց, որ Նապաստակի տարին իր տարին է եւ հավատում է, որ այն հիանալի է լինելու: Միայն մի խորհուրդ տվեց. «Ժողովու՛րդ ջան, սեղանները էդքան լիքը մի՛ լցրեք, մի շաբաթից տանելու եք թափեք, քչո՛վ բավարարվեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել