Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՐԿՐՈՐԴ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՈՐՐԱԴԻԻ «ԱԻԴԱՆ»

Դեկտեմբեր 23,2010 00:00

\"\"Եվս մեկ բռնկում՝ հայաստանյան մշակութային կյանքում

Ոչ միշտ բռնկումներով աչքի ընկնող մեր երաժշտական կյանքի ֆոնին անցնող տարվա խոշորագույն իրադարձությունները, անշուշտ, աշխարհահռչակ տենոր Պլաչիդո Դոմինգոյի համերգն ու Վերդիի «Աիդա» օպերայի բեմադրությունն են: Այս իրողությունները մեր երկիրը դասում են բարձրակարգ երաժշտության եւ կատարողական բարձր արվեստի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեցող պետությունների շարքը: Երկու իրադարձության դեպքում էլ արդարացվում են բարձր հովանավորությունն ու պետական մոտեցումը:
«Առավոտը» դեկտեմբերի 21-ին ներկա գտնվեց «Աիդայի» գլխավոր փորձին: Այս բեմադրությունները ոչ միայն վերադարձնում են մեր օպերային թատրոնի լավագույն ժամանակները, երբ ծնվում էին բարձրակարգ ներկայացումներ, այլեւ հնարավորություն է տալիս վերանայելու օպերային ռեժիսուրայի մասին ձեւավորված որոշ պատկերացումներ, որոնք իրենց մեջ նորարարական տարրեր են պարունակում: Իտալացի բեմադրիչ Մարիո Կորրադին ստեղծել է լակոնիկ արտահայտչաձեւերով, զուսպ, ավանդական օպերային ներկայացում, որում ամեն մի բեմավիճակ ու բեմական մանրամասն հասցված է դասական կատարելության եւ ճշգրտության: Այն տպավորությունն է, թե բեմադրիչը զերծ է մնացել ավելորդ գունային ընդգծումներից, շատ հաճախ ընդունելի համարվող ճոխությունից, կարեւորելով երաժշտության գունային հարստությունը ու այդ ամենը մատուցելով լուսային տպավորիչ ընդգծումներով (լուսային ռեժիսոր՝ Անդրեա Բորելլի): Բեմադրիչը օգտագործելով երեւանյան թատրոնի եռաբեմ հնարավորությունները, ինչն աշխարհում բացառիկ է, բեմադրությունը կառուցել է զգեստների եւ դեկորների հեղինակ Ավետիս Բարսեղյանի բարձրարվեստ աշխատանքներով: Արեւմտյան օպերային բեմերի ցանկալի հյուր, օպերային սոպրանո Հասմիկ Պապյանը իր հարազատ բեմում պարզապես փայլում է՝ համաշխարհային օպերային դերացանկի բարդագույն դերերգերից Աիդան կատարելով ամենաբարձր պրոֆեսիոնալիզմով, Բելկանտոյի դպրոցի լավագույն ավանդույթների կիրառմամբ: Թեեւ Աիդա-Պապյանի զգեստը առաջին պահերին որոշ «անհարմարավետության» զգացումներ ծնեց, սակայն երգչուհու կատարումը պահանջեց մոռանալ ամեն ինչ եւ հետեւել նրա դերակատարմանը: Ռադամեսի դերերգով միայն այսօր հանդես եկող վրաց տենոր, Բոննի օպերային թատրոնի մեներգիչ Գեորգի Օնիանին լավ տպավորություն թողեց: Ժամանակ առ ժամանակ ներկա գտնվելով «Աիդայի» փորձերին՝ համոզված ենք, որ մեր թատրոնի մեներգիչ Սարգիս Աղամալյանը չի զիջում նրան: Օպերային ներկայացումներում ցանկալի է երգիչների կատարողական ներդաշնակությունը: Թատրոնը կարող էր ավելի լավ ընտրություն կատարել եւ առաջնությունը տալ մեներգչուհի Քրիստինե Սահակյանին՝ Ամներիսի դերում: Վերջինիս դերերգով հանդես եկող Նարինե Անանիկյանը գուցե ժամանակի ընթացքում հասնի պրոֆեսիոնալ այն որակներին, ինչն այս բեմադրության ձեռքբերումն է: Ամոնասրո-Գեւորգ Հակոբյանը անթերի էր թե վոկալով եւ թե խաղով: Հիանալի էր երիտասարդ երգիչ Հայկ Տիգրանյանի Ռամֆիսը: Վիլեն Գալստյանի բեմդրած պարերը բնութագրական ու ակնահաճո էին, իսկ բեմադրող ռեժիսոր Կարեն Դուրգարյանի ղեկավարած նվագախումբը եւ գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանի երգչախումբը պատշաճ մակարդակով ներկայացրին Վերդիի երաժշտությունը:
2010թ. Ազգային օպերային թատրոնը փակեց, ինչպես ասում են՝ «բարձր նոտայով» եւ թատրոնի ողջ անձնակազմի, տնօրեն Կամո Հովհաննիսյանի ջանքերն այս դեպքում պսակվեցին իսկապես հաջողությամբ:
Փաստենք, որ հայ արվեստասեր հասարկությանը գոհացնելու հաստատակամությամբ՝ մշակույթի բարեկամ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը աջակցում է բարձրակարգ բեմադրությունների: Կոնկրետ «Աիդայի» համար Հայաստանի առաջատար բջջային օպերատորը տրամադրել է 217 միլիոն դրամ: «Օպերային թատրոն ունեցող ազգերը դասվում են ժամանակակից քաղաքակիրթ ազգերի շարքին: Հայերիս համար օպերան մշակութային մեծ արժեք է: Վերդիի «Աիդայի» նման գլուխգործոց բեմադրելու օպերային թատրոնի հնարավորությունը վկայում է Հայաստանի սոցիալական եւ մշակութային ոլորտների բարձր մակարդակի մասին: Ազգային արժեք ունեցող նման միջոցառումներ հովանավորելու գործում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի պատրաստակամությունը բխում է այն համոզմունքից, որ դրանով մենք նպաստում ենք երկրում ժամանակակից արվեստի, մշակութային երկխոսության եւ մշակութային նորարարության զարգացմանը: Իսկ որ առավել կարեւոր է, նման ձեռնարկների շնորհիվ աճում է երգիչների, դերասանների, կատարողների, ինչպես նաեւ օպերան սիրողների նոր սերունդ»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել