Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսը սկանդալային բացահայտում է արել

Դեկտեմբեր 23,2010 00:00

\"\"The New York Times-ի փոխանցմամբ, ԱՄՆ-ում նոր սկանդալ է ծագել: Խնդիրը կապված է Ղրղըզստանում «Մանաս» ամերիկյան ավիաբազայում ավիավառելիքի մատակարարումների հետ: Միացյալ Նահանգների Կոնգրեսը խիստ քննադատության է ենթարկել Պենտագոնին այն բանի համար, որ վերջինս անփութություն է դրսեւորել, որի արդյունքում աֆղանական պատերազմին մասնակցող ամերիկյան ինքնաթիռները լիցքավորվել են ռուսական ավիացիոն վառելիքով:
Սկանդալի առիթ է դարձել երեքշաբթի օրը հրապարակված՝ Ազգային անվտանգության եւ արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովում հրապարակված զեկույցը: Ամերիկացի կոնգրեսականների տվյալներով, Պենտագոնի կապալառուները ավիավառելիքը գնել են «Գազպրոմի» մասնաճյուղերից եւ ռուսական իշխանություններին արտահանման կեղծ փաստաթղթեր էին ներկայացրել, որոնցում ասվում էր, թե վառելիքը օգտագործվելու է միայն քաղավիացիայում: Իրականում այդ վառելիքը հասցվել է Ղրղըզստանի «Մանաս» բազայի՝ Տարանցիկ փոխադրումների կենտրոն, եւ օգտագործվել է Աֆղանստանի ռազմական գործողություններում ներգրավված ամերիկյան ինքնաթիռների համար: Ավիավառելիքի մատակարարումներն իրականացրել են Red Star եւ Mina Corporation երկու դուստր ընկերություններ, որոնք գրանցված են Ջիբրալթարում եւ կառավարվում են ամերիկացի երկու նախկին զինվորականների կողմից:
Ընդ որում, այդ գործում ի հայտ են բերվել նաեւ մի քանի միլիոնի հասնող կոռուպցիոն երեւույթներ: Բանն այն է, որ փաստաթղթերում արված կեղծիքը նպատակ է ունեցել շրջանցելու օտարերկրյա բանակներին ավիացիոն վառելիքի մատակարարման համար արտահանման ռուսական սահմանափակումները: Սակայն «Ղրղըզստանի ներկայացուցիչները դա բնութագրել են որպես՝ արտահանման համար սահմանված բարձր մաքսատուրքից խուսափելու փորձ»: Երկու կապալառու ընկերություններում էլ ղեկավար պաշտոններ զբաղեցնող Չարլզ Սկվայեսը հայտարարել է, թե «ռուսական իշխանությունները տեղյակ են եղել փաստաթղթերի հետ կապված վիճակին, բայց չեն արձագանքել, քանի որ «Գազպրոմը» վառելիքի վաճառքից մեծ շահույթ է ստացել»: «Ես սառը պատերազմի զինվոր եմ, ու հպարտանում եմ դրանով: Մենք հաղթել ենք ռուսներին, եւ դա արել ենք 4-5 տարիների ընթացքում»,- հայտարարել է Սկվայեսը: Ընդսմին, ղրղզ գործարար Էրկին Բեկբոլոտովը, որը եւս առնչություններ ունի Mina եւ Red Star ընկերություններին, պնդել է, որ ե՛ւ ռուսական, ե՛ւ ամերիկյան, ե՛ւ ղրղզական կառավարությունները խաբեության մասին տեղյակ են եղել:
Փորձագետները կարծում են, որ այս սկանդալը քաղաքական հետեւանքներ կունենա, մինչդեռ Վաշինգտոնը հիմա փորձում է հասնել այն բանին, որ Մոսկվան վերականգնի «Մանասի» համար ավելի էժան վառելիքի մատակարարումը, ինչը դադարեցվել էր դեռ այս տարվա ապրիլի 1-ին՝ այն բանից հետո, երբ պարզ էր դարձել ստացվող ավիավառելիքի իրական հասցեատերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել