Լրահոս
Օրվա լրահոսը

Լոնդոնն ու Մոսկվան ետ են կանչել իրենց մեկական դիվանագետների

Դեկտեմբեր 23,2010 00:00

\"\"Բրիտանիայի պահանջը՝ ետ կանչել Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին՝ վերջինիս լրտեսության մեջ մեղադրանքով, ոչ բարեկամական քայլ է: BBC-ի մատուցմամբ՝ նման բան է հայտարարել Ռուսաստանի արտգործնախարարությունը: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում ասված է, թե ռուս դիվանագետը «անցանկալի անձ» է հայտարարվել «անհիմն» կերպով, ինչի առնչությամբ Մոսկվան «ստիպված է եղել դիմել համարժեք պատասխան քայլի»: «Ափսոսանք է հարուցում, որ բրիտանական կողմի գործողությունները ձեռնարկվել են այն պահին, երբ հայտնվել էին Մեծ Բրիտանիայի հետ մեր հարաբերություններում հուսադրող առաջին միտումները: Այս միջադեպի համար պատասխանատվությունն ամբողջությամբ կրում են դրա նախաձեռնողները»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Իր հերթին Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը (նկարում՝ Սերգեյ Լավրովի հետ) հայտարարել է, թե Լոնդոնը բաց է Ռուսաստանի հետ ավելի կառուցողական ու արդյունավետ հարաբերությունների՝ ինչպես մեկ, այնպես էլ՝ մյուս կողմից, պայմանով, որ պահպանվեն բրիտանական օրենքները:
Բանն այն է, որ նախօրեին բրիտանական կառավարությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ երկու երկրներն էլ ետ են կանչել Մոսկվայում եւ Լոնդոնում իրենց դեսպանատների մեկական աշխատակիցների: Իսկ միջադեպի նախապատմությունը սկսվել էր դեռ դեկտեմբերի 10-ին, երբ Լոնդոնը Ռուսաստանից պահանջել էր ետ կանչել Մեծ Բրիտանիայում իր դեսպանատան աշխատողներից մեկին, քանի որ բրիտանական իրավապահ մարմինները վերջինիս լրտեսական գործունեության ակնհայտ ապացույցներ էին ի հայտ բերել: Դեկտեմբերի 16-ին ռուսական իշխանությունները հանդես էին եկել պատասխան քայլով՝ Լոնդոնին խնդրելով Մոսկվայից ետ կանչել բրիտանացի դիվանագետներից մեկին: Հաղորդվում է, որ երկու դիվանագետներն էլ արդեն լքել են իրենց նշանակման վայրերն ու վերադարձել են իրենց հայրենիք:
Բրիտանական հատուկ ծառայությունների ղեկավարները բազմիցս են մտահոգություն հայտնել Բրիտանական կղզիներում ռուսական հատուկ ծառայությունների ծավալած հետախուզական գործունեության մասշտաբայնության առնչությամբ: Մեծ Բրիտանիայի կառավարության աղբյուրը պնդել է, որ այդ միջադեպը չի կարելի որակել որպես՝ «ակն ընդ ական» ոգով կատարված փոխադարձ վտարումներ, քանի որ այդ որոշումը երկու կողմերի միջեւ համաձայնեցված է եղել: Նա նաեւ հույս է հայտնել, թե հնարավոր կլինի խուսափել երկու երկրների միջեւ հակամարտության եւ վատթարացող հարաբերությունների սրումից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել