Իրականում եւ facebook-ում
«Հայաստանում գիտական լրագրությունը աջակցության կարիք ունի»,- երեկվա ասուլիսում ասաց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը:
Նրա փոխանցմամբ, ձեւավորվել է գիտական լրագրության խումբ, որոնց միջոցով պարբերաբար կլուսաբանվի ոլորտը. «Գիտության մասին գրող լրագրողների խմբի նպատակն է գիտության հնարավորին չափ շատ լուսաբանումը: Կարծում եմ, յուրաքանչյուր լրագրող շահագրգռված է հետաքրքիր նյութ տալու, իսկ գիտության ոլորտը ունի բոլոր այդ հնարավորությունները՝ հետաքրքիր ինֆորմացիա տալու: Այս դաշտում մենք անհրաժեշտություն ունենք լրագրողների հետ համագործակցության, որի առիթով էլ նախաձեռնեցինք գիտական նյութեր գրող լրագրողների խումբ»:
Ա. Միքայելյանը նշում է, որ համաշխարհային վիճակագրության համաձայն՝ տարբեր երկրների ԶԼՄ-ներում գիտական հրապարակումների 50-90%-ը առնչվում է տիեզերական թեմաներին՝ աստղագիտությանն ու աստղաֆիզիկային, տիեզերական թռիչքներին ու աղետներին, աստղակենսաբանությանը, այլմոլորակայիններին եւ այլն. «Այս թեմաները հիմա այնքան շատ են արծածվում, որ իսկապես լայն ընթերցող ունեն: Բայց այստեղ ունենք մի փոքր մտահոգություն, որ այդ թեմաները շեղում են մարդկանց, քանի որ մեծամասամբ թյուր ձեւով են ներկայացվում: Աստղագիտությամբ կամ աստղագուշակությամբ զբաղվող մարդկանց հանդեպ թշնամական վերաբերմունք կա հասարակության շրջանում: Իրականում այդ ամենը չի վնասում գիտությանը, ուղղակի դրանց պետք է վերաբերվել որպես զվարճալիքի»:
Իսկ ինչո՞ւ հենց գիտական լրագրություն եւ գիտական նյութեր: Բանախոսը մեկնաբանեց. «Մենք մտքի երկիր եւ մտքի ազգ ենք: Գիտությամբ առաջատար երկրների շարքում ենք, բայց բարձր մակարդակի գիտություն ունեցող պետության ներսում գիտական ոլորտը շատ քիչ է լուսաբանվում: Մենք պետք է կարողանանք ներկայացնել մեր գիտությունը»: Ըստ բանախոսի, քիչ լուսաբանվելու մեղքը նույն գիտնականներին է. «Թող հնչի թեկուզ ինքնաքննադատություն… գիտնականներն են մեղավոր, որ ոլորտի հաջողությունները, նորությունները չեն լուսաբանվում մամուլում: Գիտական լրագրության խմբի իմաստն այն է, որ վերջինիս համակարգողները ժամանակ առ ժամանակ ընտրեն թեմաներ, նյութեր եւ դրանք տրամադրեն լրագրողներին: Ստեղծեցինք խմբի անդամների էլեկտրոնային հասցեների ցուցակ՝ mailing-list, որոնց միջոցով կփոխանցենք նյութերը: Նմանատիպ խումբ ստեղծեցինք նաեւ՝ Գիտական լրագրության ֆեյսբուքյան խումբ, գիտական թեմաներով գրող Հայաստանի լրագրողներին միավորելու եւ տեղեկատվություն փոխանակելու նպատակով: Նախատեսվում է նաեւ խմբի անդամներին ժամանակ առ ժամանակ հրավիրել Բյուրականի աստղադիտարան՝ հավաքների, որոնց ընթացքում կներկայացվեն գիտական նորություններ, կքննարկվեն գիտական լրագրության հարցեր: Դեռեւս շարունակվում է էլեկտրոնային հասցեների հավաքագրման գործընթացը հետագա նյութերի տարածման համար: Այսպես աշխատելու դեպքում, եթե գոնե 30 հոգուց մեկը տպագրի նյութը, արդեն կհամարենք, որ իր նպատակին ծառայել է այս նախագիծը»:
Ա. Միքայելյանը անդրադարձավ նաեւ գիտության ոլորտի հիմնախնդիրներին: Ըստ նրա, միակ եւ անփոփոխ խնդիրը ոլորտի ֆինանսավորումն է. «Պետական այրերին թվում է, թե կյանքն այս տարով վերջանում է, այս տարի այսքան կֆինանսավորեն եւ վերջ՝ չեն մտածում, ու կարծես թե նրանց համար 20 տարի հետո կյանք չի լինելու: Այս ոլորտում մեծ պոտենցիալներ ունենք՝ մասնավորապես երիտասարդության շրջանում: Բայց նրանք մտածում են՝ ինչպես մտնեն գիտության դաշտ, երբ դրանով իրենց ընտանիքը չեն կարող կերակրել, ու գնում են բիզնեսի ճանապարհով: Ու այսպես մենք կորցնում ենք երիտասարդ գիտնականներին: Գիտության ոլորտի պետական ֆինանսավորումը 10-յակ անգամ ցածր է, քան պետք է լիներ»: