Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԱՐՔ՝ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻ՞Ն

Դեկտեմբեր 23,2010 00:00

Կամ «ակադեմիական» խաղեր

\"\"Դեկտեմբերի 27-28-ին տեղի կունենան ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրությունները: Այս օրերին գիտական տարբեր շրջանակներում ամենաթեժ քննարկումների առարկան հենց ընտրություններն են: Հատկապես աչք է ծակում Գիտության պետական կոմիտեի նախագահ, ֆիզիկոս Սամվել Հարությունյանի՝ կենսաֆիզիկայի եւ մոլեկուլյար կենսաբանության բնագավառում ԳԱԱ թղթակից անդամի թեկնածություն առաջադրվելը: «Առավոտը» զրուցեց պարոն Հարությունյանի հետ՝ պարզելու, ֆիզիկոս լինելով հանդերձ՝ ինչո՞ւ է թեկնածություն առաջադրել կենսաբանության բնագավառում: ԳՊԿ տնօրենը պատասխանեց. «Այսօր ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունն այնքան են սերտաճել, որ դժվար է ասել՝ որտեղ է սկսվում ֆիզիկան եւ վերջանում կենսաբանությունը: Մյուս կողմից էլ ես դոկտորական եմ պաշտպանել կենսաֆիզիկա մասնագիտությամբ եւ զբաղվում եմ կենսաբանական օբյեկտներով: Իմ աշխատանքների մեծ մասը տպագրված է կենսաֆիզիկայի, մոլեկուլյար կենսաբանության ոլորտի ամերիկյան ամսագրերում»: «Առավոտը» ԳԱԱ ընտրությունների հետ կապված խնդիրների շուրջ զրուցեց նաեւ ՀՀ ԿԳՆ բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնի վարիչ Սիներիկ Հայրապետյանի հետ: Նա նշեց. «Կառավարության վարած գիտական քաղաքականությունը կոռումպածին եւ գիտաավերիչ է, քանի որ գիտնականը վարձատրվում է ոչ թե ըստ վաստակի, այլ ըստ կոչումների: Փաստորեն, ակտիվ, բայց երիտասարդ գիտաշխատողը կարող է մի քանի անգամ քիչ վարձատրվել ոչինչ չանող ակադեմիկոսից, ինչը սոցիալական արդարության սկզբունքի ոտնահարում է»: Դառնալով ԳՊԿ-ի գործունեությանը, Ս. Հայրապետյանը նշեց. «Թվում էր՝ կոմետեն պիտի վերջ դնի հակագիտական քաղաքականությանը, մինչդեռ ավելի է խորացրել կոռումպածին իրավիճակը: Այսօր կոմիտեի նախագահը քրեական գործարքների միջոցով փորձում է ընտրվել ԳԱԱ թղթակից անդամ: Սամվել Հարությունյանը ֆիզիկոս է, բայց առաջադրված է կենսաֆիզիկայի եւ մոլեկուլյար կենսաբանության բնագավառում: Ավելի զավեշտալի է այն, որ նրան երաշխավորել է Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը, քանի որ այդտեղ չկա ոչ մի ֆիզիկոս եւ չի կարող գնահատել Սամվել Հարությունյանի աշխատանքները: Սրա պատճառն էլ այն է, որ 2008-ին, երբ ՀՀ-ում բազային ֆինանսավորման օրինական գործընթաց չի իրականացվել, կոմիտեն 5 տարով այս ինստիտուտին տվել է բազային ֆինանսավորում: Փաստորեն, եթե մինչ այժմ մարդիկ իրենց միջոցների հաշվին էին մտնում կոռուպցիոն գործարքների մեջ, ապա Սամվել Հարությունյանը՝ պետական միջոցների հաշվին: Նա նաեւ բարոյական իրավունք չուներ մասնակցելու ընտրություններին՝ լինելով չինովնիկ…»:
Պարոն Հայրապետյանը նաեւ տգիտություն է համարում կենսաֆիզիկայի եւ մոլեկուլյար կենսաբանության համադրումը: Նրա դիտարկմամբ՝ Սամվել Հարությունյան-Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտ գործարքի շղթայի մյուս եզրը ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանն է, որի համար էլ կոմիտեն մի գիտական խումբ է ստեղծել ԳԱԱ թղթակից անդամի հավակնություններ ունեցող Գեւորգ Գեւորգյանի ղեկավարած կենսաքիմիայի ինստիտուտում: Այդ խմբում էլ 2,5 հաստիքով աշխատում է Գ. Գեւորգյանի որդին:
Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի հատկացումների մասին Ս. Հարությունյանը նշեց. «Դա ամենազարգացած ինստիտուտներից է, որտեղ բազում երիտասարդներ են աշխատում»: Վիլեն Հակոբյանի գիտական խմբի ստեղծման մասին պարոն Հարությունյանը խորհուրդ տվեց ճշտել ինստիտուտի տնօրենից՝ պատճառաբանելով, որ ինքը տեղեկություններ չունի: Ս. Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ ՀՀ-ում գործո՞ւմ են գիտնականի գնահատման չափանիշներ, որոնց հիման վրա էլ կատարվում են ԳԱԱ ընտրությունները: Նա պատասխանեց. «Չափանիշ են տպագրված աշխատանքները, դրանք լավ, թե վատ ամսագրերում են տպագրվել, տվյալ գիտնականի մասին կարծիքները, ներդրումային, գրանտային ծրագրերում մասնակցությունը»: Հետաքրքրվեցինք՝ ԳԱԱ նախորդ ընտրություններում պարոն Հարությունյանը նշվածներից ո՞ր չափանիշին չի բավարարել, որ չի ընտրվել թղթակից անդամ: ԳՊԿ տնօրենը պատասխանեց. «Ակադեմիայի ընտրություններում որոշ սուբյեկտիվ պահեր կան. ավանդույթի համաձայն՝ երիտասարդը 2-3 անգամ դիմելուց հետո նոր է անցնում: Անկեղծ ասած, որ չանցա՝ վատ էի զգում, բայց շատ արագ այդպիսի բաները մոռացվում են»: Այն հարցին՝ ինչո՞ւ է այս տարի թեկնածություն առաջադրել, չէ՞ որ ոչինչ չի փոխվել համակարգում, Ս. Հարությունյանը պատասխանեց. «Ինչ-որ չափով փոխվել է: Ի վերջո, դիմել- չդիմելն իմ իրավունքն է: Ես չինովնիկ նոր եմ դարձել, բայց որպես գ իտ
նական մեծ ճանապարհ եմ անցել, ես փողոցից չեմ եկել եւ զարմանալի չէ, որ ուզում եմ ակադեմիայի անդամ դառնալ»:
Իսկ Ս. Հայրապետյանը ամփոփելով՝ զարմանում է. «Վերահսկիչ պալատն արդեն մեկ տարի է՝ ստուգումներ է իրականացնում ԳԱԱ ինստիտուտներում: Ինչո՞ւ չեն սպասում դրանց հրապարակմանը՝ հետո կազմակերպում ԳԱԱ ընտրություններ: Նաեւ զարմանալի է, որ ՀՀ նախագահի ելույթների եւ գործողությունների ֆոնի վրա վարչապետն իր ելույթներում միայն կրթության մասին է խոսում՝ լռելով գիտության մասին, այն դեպքում, երբ դա ամենակոռումպացված բնագավառներից է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել