Երեւանում գտնվելուս ժամանակ «Մոսկվա» կինոթատրոնում դիտեցի «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմը, որը «Հ1»-ը երեկ ցուցադրել է: Անկեղծորեն ասած, ցնցվել էի ֆիլմը նայելուց, ցնցվել եմ ոչ թե նրա համար, որ արվեստի բարձր գործ էր, այլ՝ թե որքան անխոհեմ են (մեղմ ասած) այդ ֆիլմի նկարահանողներն ու նույնքան անխոհեմ՝ Հանրային 1-ին հեռուստաալիքի ղեկավարությունը: Մի ժողովուրդ, որն ունի Սփյուռք, մի պետություն, որը Ցեղասպանության ճանաչման կռիվ ունի, Արցախյան տարածքները պահպանելու խնդիր, որը պաշտպանն էր Բուդապեշտում կացնահարված հայ սպայի շահերի, այսօր իր պետական հեռուստաալիքով, որը հեռարձակվում է աշխարհով, մեզ հարեւան ժողովուրդներին հավասարեցնելու քաղաքականություն է հետապնդում՝ ցուցադրելով, թե ինչպես սառնասրտորեն հայը կացնահարում է մի քնած ռուս ընտանիքի: Այն էլ այս օրերին, երբ Ռուսաստանում նացիոնալիստական ալիքը գլուխ է բարձրացրել, ու «Հ1»-ը կրակին յուղ է լցնում: Թուրքերին ու ադրբեջանցիներին էլ այդ ֆիլմը շատ կուրախացնի, հատկապես այդ կացնահարման դրվագը՝ աշխարհին հայի իսկ ձեռքով ցույց տալով, թե ինչ եղերագործ է հայը: