Արդյոք մենք քի՞չ ենք եւ արդյոք մեզ հա՞յ են ասում
Սկսենք նրանից, որ մեզ ոչ ոք հայ չի ասում: Երբ 15 տարի առաջ եկա Պրահա, հպարտությամբ հայտնաբերեցի, որ չեխերը անխտիր բոլոր հայերին՝ անկախ Երեւանի նախկին քաղաքապետ Գագոյի եւ Լեդի Գագայի նկատմամբ նրանց վերաբերմունքից, իմ անունով են կոչում՝ armen: ՄԱԿ-ի անդամ այլ երկրներում իմ անվանն ավելացնում են համահայկական «յան»-ը եւ անվանում armenian: Այնպես որ, մենք քիչ ենք, բայց մեզ ինչ ասես ասում են, միայն թե՝ ոչ հայ:
Երկրորդ հարցի պատասխանը շատ ավելի կարեւոր է՝ կոնկրետ որքա՞ն քիչ ենք: Իսկ դրան պատասխանելու համար անպայման պետք է հստակեցնել, թե ի՞նչ ասել է հայ: Դիցուք, եթե իմ հայրը հայ է, իսկ մայրս Եվրասիական տնտեսական համագործակցության անդամ պետություններից մեկի բնիկ ազգությունն է ներկայացնում, ես հա՞յ եմ, թե՞ եվրազես: Սովետի ժամանակ նման հարց չէր ծագում՝ բացում էի անձնագիրս եւ անմիջապես տեսնում, թե որ ազգին եմ պատկանում, բայց անկախություն հռչակած դեմոկրատները մեզ շատ արագ զրկեցին ոչ միայն էժան երշիկից, շուրջօրյա հոսանքից եւ ավանդներից, այլեւ մեր կարեւորագույն ազգային առանձնահատկությունից՝ ազգությունից: Ու չգիտես էլ ում դիմես, որովհետեւ նա, ով տվել է անձնագիրը, թաքնվում է ինչ-որ առեղծվածային թվանշանի հետեւում: Թե՞ ձեր անձնագրում ուրիշ է:
***
Ինչեւէ, մեզ տանջող ցավը ամերիկացիներին էլ է պատել: Մինչեւ այժմ ամերիկյան մամուլում աշխուժորեն քննարկվում է առաջին հայացքից անհեթեթ թվացող մի հարց՝ Բարաք Օբաման սեւամո՞րթ է, թե՞ սպիտակամորթ: Քանզի Օբամայի անձնագրում էլ նշված չէ մաշկի գույնը, Ամերիկայի նախագահը իրավամբ կարող է պնդել. «Ծնողներիցս մեկը սպիտակ է, ուրեմն ես էլ եմ սպիտակ: Պարզապես արեւային լոգանք եմ ընդունել, ինչպես արդարացիորեն նկատել է Բերլուսկոնին»:
Այս հիմնախնդիրը երկար պատմություն ունի: Դեռ 1662 թվականին Վիրջինիան, որն այն ժամանակ բրիտանական գաղութ էր, օրենսդրորեն սահմանեց՝ եթե ծնողներից առնվազն մեկը սպիտակամորթ չէ, երեխան էլ սպիտակ չի համարվում: Հասկանալի է, որ այս խտրական օրենքը մեզ՝ դեմոկրատ ու լայնախոհ հայերիս համար անընդունելի է: Մենք կարող ենք շատ ավելի ճկուն մոտեցում ցուցաբերել: Օրինակ, եթե մարդու ազգանունը Բոնդարենկո է կամ Կովալենկո ու հայի էլ հեչ նման չէ, բայց ֆուտբոլում աննախադեպ հաջողությունների է հասել, անվարան կընդունենք, որ հայ է: Իզուր հո չէի՞ն երեւանցի երկրպագուները 70-ականներին մարզադաշտում բղավում՝ «Բանդարյան, պաս տուր Կավալյանին»: Բայց եթե մարդը տիպիկ հայկական քիթ ու մականուն ունի՝ ասենք, Պզո, եւ իր հայությունը լավ էլ դրսեւորել է օտար ափերում, խեղճ հիվանդներից գողանալով 160 միլիոն դոլար, կարող ենք մեր պաշտպանության նախարարի նման ասել՝ չեմ հավատում, հայը նման բան չէր անի:
Ազգության խնդիրը, սակայն, բարդանում է, երբ խոսքը ոչ թե ծնողների, այլ պապերի եւ այդ պապերի պապերի մասին է: Օրինակ, հայտնի է, որ լեդի Դիանան մեկ վաթսունչորսերորդով հայ էր: Բնականաբար, նրա որդի Ուիլյամն էլ ղարաբաղցու արյուն կունենա՝ բա էլ ինչո՞ւ է ռազմական գործով զբաղվում: Ու եթե հանկարծ պարզվի, որ նրա սիրած Քեյթ Միդլթոնի նախնիներն էլ Հայաստանի գլխավոր դատախազի հայրենակցական միության հետ կապ են ունեցել, կարո՞ղ ենք արդյոք պնդել, որ նրանցից ծնված ապագա թագավորը կամ թագուհին հայ է լինելու:
Պրագմատիկ ամերիկացիները դա էլ են կանոնակարգել: 1970 թվականին Լուիզիանայում ընդունված օրենքի համաձայն՝ սեւամորթ է համարվում յուրաքանչյուրը, ում արյան առնվազն մեկ երեսուներկուերորդը աֆրոամերիկյան է: 1985-ին նահանգային դատարանը վերահաստատել է այդ դրույթը:
Եվ ուրեմն մեր կոալիցիոն հայերին մնում է օրենսդրորեն սահմանել, այսպես ասենք, հայության ստորին շեմը, իսկ Սփյուռքի նախարարությանը՝ ձեւավորել հայահաշվիչ հանձնաժողով եւ մեկ առ մեկ հաշվառման վերցնել աշխարհի բոլոր հայերին: Ընդ որում, անկախ այն բանից, թե նրանք որ տեսակին են դասվում. ա) միջուկային հայեր, այսինքն՝ նժդեհականներ, որոնք կազմում են մեր ազգի միջուկը, բ) տոկոսային կամ եվրազեսախառն հայեր, ինչպես, օրինակ, ես ու Սերգեյ Լավրովը, եւ գ) թելեթոնային հայեր, որոնք տարին մի անգամ՝ Գոհաբանության օրը վճարում են իրենց հայության համար: Չունե՞ք այդքան մանրամասն ինֆորմացիա՝ դիմեք Վիկիլիքսի բերանբաց խաբարբզիկին:
***
Ի դեպ, Հարվարդի համալսարանի հոգեբանների խումբը բազմաթիվ խառնածին մարդկանց լուսանկարներ եւ այդ մարդկանց տոհմածառերն է ցույց տվել գիտափորձերին մասնակցած կամավորներին: Արդյունքը՝ խառնածին մարդը սպիտակամորթ է ընկալվում, եթե առնվազն 68 տոկոսով այդպիսին է:
Հարգելի երեսփոխաններ, միգուցե դուք էլ մանր-մունր գործերով, օրինակ, Ղարաբաղի ճանաչումով զբաղվելու փոխարեն հաջորդ նստաշրջանում վերջապես հիմնարար օրենք ընդունեք «Հայաստանի եւ այլ երկրների քաղաքացիների հայության մասին», որտեղ կսահմանվի մարդկանց հայության նվազագույն տոկոսը:
Հասկանում եմ, որ միջուկային հայերին դա բոլորովին պետք չէ՝ նրանք իրենց հայությունը վաղուց են ապացուցել ռազմավարական նշանակության առեւտրային կետերի եւ երթուղային գծերի համար անզիջում պայքարում: Բայց, ախր, ես ու Լավրովը վերջապես իրավունք ունե՞նք ստույգ իմանալու՝ մենք օրենքով հա՞յ ենք, թե՞ ոչ:
Լավրովի փոխարեն չեմ կարող խոսել, բայց ես հրապարակայնորեն խոստանում եմ. ինչ էլ պարզվի՝ օրենքով հայ դուրս գամ, թե անօրեն, ես ինձ ոչ մեկից չեմ գերադասի: