Քաղաքագետ Արմեն Աղայանն այսպես է բացատրում ռուս-կովկասյան վերջին բախումները
– Արդեն 10 օրից ավելի է՝ Ռուսաստանի Դաշնությունում կովկասցիների դեմ արշավ է սկսվել: Այդ ալիքն անգամ դպրոցահասակներին չշրջանցեց: Դեպքերի ուսումնասիրությունն ի՞նչ տպավորություն է թողնում, այս ամենն «ազգայնական խմբավորումների» ինքնագործունեության արդյո՞ւնք է, դրանք ուղղորդվում են որոշ քաղաքական ուժերի կողմի՞ց, թե՞ պետությունն էլ է խրախուսում նրանց:
– Իսկ ի՞նչ տարբերություն, թե ով է այս արշավի կազմակերպիչը: Գոյություն ունեն երեւույթի ավելի խորքային պատճառներ: Ռուսները աստիճանաբար դադարում են Ռուսաստանի տերը լինել եւ որպես մահացող ազգ՝ իրենց կործանման պատճառները փնտրում են ոչ թե սեփական հիվանդությունների, այլ օտարների աճող թվի մեջ, որոնց հենց իրենք էլ հրավիրում են: Օտարները բերում են իրենց բարքերը եւ նորանոր դիրքեր են զբաղեցնում: Անգամ կենցաղային մակարդակում սա առաջացնում է ծայրահեղական այլատյացություն, որը ով ուզի եւ երբ ուզի կարող է բորբոքել եւ ուղղորդել:
Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը ռուսական, Ռուսաստանի փրկության իրական ծրագիր ունի: Սա պարզունակ եւ շատ անարդյունավետ, ուղղակի ռեֆլեքսային դիմադրություն է՝ այն էլ ուղղված ոչ թե պատճառներին, այլ աչք ծակող հետեւանքներին: Գուցե երեւույթը դեռ չի հասել իր գագաթնակետին, գուցե դեռ երկար տարիներ մենք ականատես կլինենք ավելի մեծ դաժանությունների, սակայն ամեն բան վաղ թե ուշ ավարտվելու է եւ ավարտվելու է ռուսների համար խիստ բացասական արդյունքով: Սեփական երկրում նրանք շուտով վերածվելու են շատ համեստ փոքրամասնության: Հատկապես, եթե նկատի ունենանք խրախուսվող ներգաղթի քաղաքականությունը:
– Արդյոք կարիք չկա՞, որ կովկասյան պետություններն էլ համատեղ կամ առանձին-առանձին փորձեն պաշտպան կանգնել ՌԴ-ում գտնվող իրենց քաղաքացիներին ու ազգակիցներին:
– Պաշտպանելու ոչ թե լավագույն, այլ միակ ձեւը այդ քաղաքացիներին հետ բերելն է, նորերի արտագաղթը կանխելը կամ ուղղակի արգելելը: Դրա անհրաժեշտությունը առանց այս անկարգությունների էլ կա, բայց կոնկրետ Հայաստանի ղեկավարությունը դեռ չի ուզում կամ ունակ չէ խնդիրը լուծել: Գուցե նման անկարգությունների անխուսափելի հաճախակիացումը եւ դաժանացումը կստիպեն ոմանց մտածել վերադարձի մասին կամ գոնե չօգտվել ՌԴ այս վերջին ծրագրից, որով հազարավոր ընտանիքներ արդեն պատրաստվում են մեկնել Կալինինգրադ եւ Չինաստանին սահմանամերձ գոտի:
– 2010-ը ՀՀ-ի համար ավելի շատ կորուստների՞, թե՞ ձեռքբերումների տարի էր:
– Կարծում եմ՝ բոլոր այն տարիները, որոնցում մենք, որպես ազգ եւ որպես պետություն, շոշափելի ձեռքբերումներ եւ առաջընթաց, զարգացում չենք ապահովում, պետք է կորած եւ կորստաբեր համարել: Անցնող տարին, այս իմաստով, բացարձակ կորած տարի էր: Դրան եթե գումարենք տնտեսական ճգնաժամն ու դրա՝ հատկապես ժողովրդագրական հետեւանքները, ինչպես նաեւ բանակի մթնոլորտը եւ ցավալի պատահարները, ապա կորուստները ակնառու կլինեն:
Մյուս կողմից՝ 2010-ը դարձավ իշխող վարչախմբի մի շարք ազգավնաս հավակնոտ նախաձեռնությունների տապալման տարի, ինչը վատ չէ:
– Ի՞նչ ակնկալել 2011-ից:
– Առկա քաղաքական վերնախավի, դրանում տիրող արժեքների եւ աշխարհընկալման պայմաններում մեծ ակնկալիք չունեմ:
Արտաքին ճնշումներից ու միջամտություններից, ոչ էլ Բաքվի պատերազմական սպառնալիքներից չեմ վախենում:
Փոխարենը ուրախ կլինեմ, եթե իշխող վարչախումբը իր հավակնոտ նախաձեռնություններով մեզ նոր փորձությունների չենթարկի: Ակնկալիք չեմ ունեցել եւ չունեմ նաեւ գաղափարական այլընտրանք չներկայացնող, ամբոխավար, կեղծ ընդդիմադիր կուռքերից, որոնց նշանակությունը այսուհետ խիստ նվազելու է:
Կասկածում եմ, որ 2011-ը կլինի սովորական նախընտրական տարի՝ շարունակվող տնտեսական ճգնաժամի պայմաններում: Ընդդիմության տարբեր թեւերին կթվա, թե ծանրացող սոցիալական վիճակը նպաստավոր է քաղաքական փոփոխությունների համար: Նրանք, ձեւացնելով, թե պայքարում են իշխանության համար, կշարունակեն պայքարը միմյանց դեմ: Այդ ընթացքում ժողովուրդը աստիճանաբար կզգա, թե իրականում, ողջ բազմազանությամբ հանդերձ, որքան դատարկ է քաղաքական դաշտը: Հույս կա, որ այդ դատարկությունը կարող է ծնել գաղափարականությամբ, կազմակերպվածությամբ աչքի ընկնող նոր, ավելի ազգային ընդդիմադիր ձեւաչափ: Սակայն այդ հույսը փոքր է, որովհետեւ 2010-ը այդ իմաստով նույնպես կորցրած տարի էր: