Դեկտեմբերի 22-ին մեկօրյա աշխատանքային այցով Սյունիքում էր նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարն այցելել է նախ Գորիսի հիմնանորոգված բժշկական կենտրոն, ծանոթացել Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրով հիվանդանոցում իրականացված օպտիմալացման աշխատանքներին եւ արված ներդրումներին:
Օպտիմալացման արդյունքում հիվանդանոցի մահճակալների թիվը 205-ից կրճատվել է՝ դառնալով 110: Ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է բժշկական կենտրոնի հիմնական մասնաշենքը, տեղադրվել են ջրամատակարարման, էլեկտրասնուցման, գազամատակարարման եւ ջեռուցման, օդափոխության, բժշկական գազերի մատակարարման եւ ազդականչի համակարգեր, նոր կաթսայատուն է կառուցվել, կազմակերպվել է ղեկավար անձնակազմի վերապատրաստում՝ որի ժամանակ բուժաշխատողները ծանոթացել են հիվանդանոցի կառավարման ժամանակակից սկզբունքներին: Բացի այդ, կենտրոնը հագեցել է ժամանակակից բուժսարքավորումներով ու գույքով: Ընդհանուր առմամբ, Համաշխարհային բանկի վարկային ծրագրով տվյալ բուժհաստատությունում արված ներդրումները կազմել են 1 078 602 000 դրամ կամ 2,9 միլիոն դոլար:
Սյունիքում եղած ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է նաեւ Կապանից 50 կմ հեռավորության վրա գտնվող Գեղի գյուղի տարածքում «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքավայրի հարստացուցիչ ֆաբրիկա, ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Ներկայումս այստեղ աշխատում է 300 մարդ: Ըստ տեղամասի պատասխանատուների՝ նախատեսված է տարեկան 150 հազար տոննա հանքաքար արդյունահանել: Մոլիբդենից ու պղնձից բացի, Հանքասարում առկա է նաեւ ռենիումի պաշար: Հանքասարի պղնձամոլիբդենային հանքավայրի կենտրոնական տեղամասի շահագործման համալիրի բացումը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին: