Սոցիալական ծանր դրությունից դրդված ինքնասպանության փորձ կատարած Վրեժ Ղուշչյանի պատմությունը
Չեմ հիշում թեկուզ մեկ աշխատանքային օր, որ որեւէ կարիքավոր, իրավունքները ոտնահարված, իրեն խաբված համարող քաղաքացի չգա «Առավոտի» խմբագրություն եւ բողոքի այս կամ այն պաշտոնյայի դեմ: Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Կարմիր բանակի 50 շենքի 19 տան բնակիչ, առաջին կարգի հաշմանդամ՝ 63-ամյա Վրեժ Ղուշչյանը սովորական այցելու չէր, այն առումով, որ ոչ մեկի դեմ չարացած չէր, ոչ մի պաշտոնյայից ոչ մի բան չէր պահանջում, եկել էր ավելի շատ ասել-կիսվել-թեթեւանալու, քան բողոքելու: Պոլ Վալերին ասում էր. «Ես ոչ մեկին չեմ բողոքում, բայց ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»: Այս տրամաբանության մեջ էր Վրեժ Հովսեփի Ղուշչյանի խոսքը:
«2007 թ. Սեւանում տարվա մարդ եմ ճանաչվել, ըստ սեւանցիների քվեարկության: Առանց իմ գիտության է դա եղել, ճանաչել են, հետո ինձ ասել: 12 տարի շրջիկ լրագրավաճառ էի աշխատում «Էքսպրես+» ընկերությունում: Այդ մարդիկ ինձ վերաբերվել են ինչպես իմ երեխաները կվերաբերվեին, բայց պարտքերի պատճառով այսօրվա դրությամբ աշխատանք չունեմ: Մենք ապրում ենք 9 հոգով՝ ես, կինս, հարսս, չորս թոռներս եւ երկու ծոռներս: Ոչ ոք չի աշխատում: Դիմեցի սոցիալական ծառայություններին եւ հարսիս աշխատանք առաջարկեցին հացի փռում: Երեք օր աշխատեց ու արդեն մի շաբաթ հիվանդ պառկած է ահավոր վիճակում: Մրսել էր, թե ինչ… Քաղաքապետարան ենք դիմել, ասացին հնար չկա, կարող ենք միայն 20 000 դրամ օգնություն տալ: Ես էլ ասացի, որ դա հազիվ գազի վարձի կեսն է:
Տղաս էլ դրսում է, պարտք չունի, որ ասեմ չեն թողնում գա, ուղղակի տարին թարս սկսվեց: Ինքը հիվանդացավ, ավտո ուներ, ծախել է, որ ոտքի կանգնի, մի ձեռքն ու ոտքը թուլացել են… Մյուս տղաս էլ Սեւանում է, վարձով է ապրում, հազիվ յոլա են գնում:
Ես չեմ հավատում ոչ նախագահին, ոչ վարչապետին, ոչ էլ Ազգային ժողովի պատգամավորներին, որ ընտրությունների ժամանակ սարեր են խոստանում: Նրանք միայն խոստումներ են տալիս եւ չեն մտածում ժողովրդի մասին: Եթե անկախություն ձեռք բերելու օրվանից պաշտոնյաները ամեն ինչի 70 տոկոսը իրենցով անեին, 30-ը տային ժողովրդին՝ հիմա Հայաստանը կծաղկեր: Հա, հենց 30 տոկոսով: Բայց այդ օրվանից մինչ օրս ոչ մի բան չեն արել ու չեն անում… Մի անգամ փորձել եմ նույնիսկ ինքնասպան լինել, ծոռս ու թոռս էին տեսել ու աղմկել»,- ասաց Վրեժ Ղուշչյանը:
63-ամյա հուսահատ ծերունուն լսելուց հետո զանգեցինք Սեւանի քաղաքապետարան: Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սուսաննա Խաչատրյանը հաստատեց Վրեժ Ղուշչյանի ողջ պատմածը, այդ թվում՝ ինքնասպանության փորձը ու հավելեց, որ ծերունին շատ ազնիվ ու արդար մարդ է, երբեք սուտ չի խոսի, ուղղակի այսօր շատ անհարմար վիճակում է հայտնվել: «Խեղճ մարդը մոլորվել է, եթե կարող եք՝ դուք էլ օգնեք»,- ասաց տիկին Խաչատրյանը:
«Առավոտի» օգնությունը հենց այս հրապարակումն է, որով Վրեժ Ղուշչյանի բազմանդամ ու լքված ընտանիքի վրա ենք հրավիրում պատկան կառույցների ուշադրությունը: