Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՏՔՈՎ ԱՄԱՆՈՐ

Դեկտեմբեր 23,2010 00:00

\"\"Մինչ Կապանի քաղաքապետարանը խոստանում է այս Ամանորը դարձնել անմոռանալի եւ անկրկնելի, կապանցիները նեղվում են պարենի թանկությունից եւ գումարի սղությունից:

Կապանի մշակույթի կենտրոնի հրապարակում արդեն տեղադրված է Նոր տարվա տոնածառը՝ զարդերն ու լույսերն են կախում: Այս տարվա տոնածառը կտարբերվի նախորդ տարվա տոնածառներից, եւ անհամեմատ ավելի ճոխ եւ գեղեցիկ տեսք կունենա, այսպես են հավաստիացնում տոնական միջոցառման կազմակերպիչները: Ամանոր-2011-ի տոնածառն ունենալու է 14 մետր բարձրություն, խաղալիքներից ու շղթաներից բացի՝ զարդարվելու է նաեւ 20 շարք հորիզոնական եւ 12 շարք ուղղահայաց, հերթականությամբ վառվող 1052 բազմերանգ լույսերով: «Մշակույթի կենտրոնի մերձակա հրապարակում տոնածառի լույսերի հետ միասին վառվելու են խորհրդանշական 2011 լույսեր, երեք անգամ ավելի՝ քան նախորդ տարում: Նոր տարվա տոնական միջոցառումները Կապանում մեկնարկելու են դեկտեմբերի 25-ից՝ քաղաքապետի կողմից քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսությամբ: Դրանից անմիջապես հետո գունավոր լույսերով զարդարված մեքենաների շարասյունն է մտնելու քաղաք՝ նախ տոնածառի շուրջ պտտվելու, ապա՝ շրջելու քաղաքի բոլոր թաղամասերով: Դեկտեմբերի 26-ից կմեկնարկեն Կապանի թաղամասային միջոցառումները. քաղաքի մշակույթի պալատի ստեղծագործական խումբը մինչեւ դեկտեմբերի 29-ը թաղամասերում եւ բանավաններում տոնական միջոցառումներով հանդես կգա, կլինի բարեգործական համերգ՝ զորամասում»,- ասում է Կապանի մշակույթի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Արմենակ Հայրապետյանը: Իսկ դեկտեմբերի 29-ին կկայանա քաղաքապետարանի տարվա ամփոփիչ նիստը, որի ժամանակ խրախուսական պատվոգրեր եւ 50-հազարական դրամի պարգեւներ կհանձնվեն տարվա լավագույն 12 աշխատողներին՝ մանկավարժ, դաստիարակ, կոմունալ ծառայության աշխատակից, այլ բնագավառների մասնագետներ: Օրը կամփոփվի մշակույթի պալատում՝ համերգային ծրագրով:
Գլխավոր միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 31-ին: Ժամը 15-ից Ձմեռ պապն ու Ձյունանուշը ֆայտոնով կշրջեն քաղաքի կենտրոնական թաղամասերով, երեկոյան՝ համերգ, երգուպար: Միջոցառումները քաղաքի հրապարակում կշարունակվեն նաեւ գիշերը ժամը 1-ին՝ հրապարակային պարահանդես կլինի տոնածառի հարեւանությամբ, որին մասնակցելու են հրավիրվել բոլոր կապանցիները, ժամը 2-ին՝ մեծ հրավառություն, լուսաձայնային «հրավառություն»: «Ամանորի միջոցառումները այսքանով չեն ավարտվելու: 2011 թվականի հունվարի 3-ից կլինեն մանկական միջոցառումներ եւ հանդեսներ մշակույթի կենտրոնի դահլիճում, հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդին նվիրված բարեգործական ակցիա, իսկ հունվարի 7-ից՝ մուլտծրագրեր եւ զվարճալի ֆիլմեր՝ մշակույթի կենտրոնի կինոդահլիճում»,- տեղեկացրեց տոնական միջոցառումների կազմակերպման պատասխանատու Արմենակ Հայրապետյանը:
Ամանորի բոլոր տոնական միջոցառումները լինելու են անվճար, մայրաքաղաքից հյուրեր չեն լինի, ամեն ինչը՝ Կապանի մշակույթի կենտրոնի շնորհալի սաների ուժերով է արվելու:
Մինչ մշակույթի կենտրոնում ճոխ պատրաստություն են տեսնում, կապանցիներից շատերը պատրաստվում են Ամանորը դիմավորել համեստ սեղանի շուրջ: Մեկ շաբաթ է մնացել, որ ավարտվի 2010 թվականը, բայց կապանցիների մեծ մասը դեռեւս գնումներ չի արել: «Ամեն օր յեր ըմ կենըմ ցուցակես մեջան մի պեն ջնջում: Ամեն ինչ թանկ ա, գուդում չըս որն առնիս, որը չէ, քիչ ա մնում նոր տարվա սեղանին ալ վերմիշել-մակարոն տինինք: Ամեն հինչան մի կուճի պեն կառնիք, էնքան որ ճոկվե նոր տարվա սեղան ա, պարտադիր չի սեղանին խորոված նի: 10 000 դրաման ավել նախատեսում չըմ: Թանգ ա ապրանքները, մրգերի մասին ալ խոսում չըմ, խնձորը 700 դրամ ա, նուռը՝ 1000-ից բարձր: Վրաստանա մանդարինը պերումըն հասցնում Կապան 450 դրամ ըն ծախում, մեզ մոտ աճող խնձորը կրկնակի գին տինում»,- մեզ հետ զրույցում նշում է 45-ամյա Անահիտը:
Իսկ մթերային խանութի աշխատող տիկին Հերմինեին մտահոգում են խանութում օրեցոր ավելացող պարտքերը: «Պարտքով են Նոր տարվա ապրանք առնում: Ծանոթ մարդիկ են, չի էլ լինում, որ մերժես: Զգում էլ ես, որ մարդկանց ձեռքին փող չկա, հնարավորինս քիչ բան են առնում, մի քիչ երշիկ, մի փոքրիկ կտոր բաստուրմա, կես կգ շոկոլադ եւ այլն: Փորձում են եղածով բավարարվել: Գնալով առեւտուրը պակասում է, չես էլ զգում, թե Նոր տարվա շեմ է: Մարդիկ ռիսկ չեն անում, շատ են թանկացել ապրանքները: Մարդկանց մեղադրելու էլ չի, գրպանի չնչին գումարով կամ պարտքով են առեւտուր անում»,- ասում է մթերային խանութի վաճառողուհին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել