Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրտը «Մերսեդես» էր ուզել

Դեկտեմբեր 23,2010 00:00

Հայկ Մարտիրոսյանն այս տարվա փետրվարի 5-ին վաճառել է իր «Մերսեդես-Բենց E 320» մակնիշի 06 ՏՕ 826 պետհամարանիշի ավտոմեքենան՝ ոմն Վահրամ Կարապետյանի:
Վաճառքը եղել է օրինական, նոտարի միջոցով վավերացված առքուվաճառքի պայմանագրով: Ըստ այդ պայմանագրի, ավտոմեքենան վաճառվել է  3 040 000 ՀՀ դրամով, որից 2 090 000 դրամը գնորդը պարտավորվել էր վճարել մարտի 7-ին, իսկ մնացած 950 000 դրամը պիտի փակվեր ապրիլի 7-ին:
Մինչ օրս Վահրամ Կարապետյանը գումարը չի տվել Հայկին:
Հայկ Մարտիրոսյանը դիմել է «գնորդին», որը նրան ասել է, որ մեքենան չկա, վաճառել է: Հայկին այլ բան չէր մնում, քան դիմել իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցելու համար: Վահրամին կանչում են Երեւան քաղաքի ոստիկանության քննչական վարչություն, ՀԿԳ ավագ քննիչ Ա. Խանջյանի մոտ:
Մի քանի անգամ խուսափելուց հետո նա մայիսի 12-ին բացատրություն է տալիս այն մասին, որ Երեւանում չի եղել, գտնվել է Գյումրիում: Նա ասում է, որ գնել է մեքենան, պարտավորվում է, որ պիտի գրավ դնեն իրենց տունը՝ Արաբկիրի 51 փողոցի 25 տունը, եւ «այդ գումարով կփակի Հայկի պարտքը»:
Քննիչը հարցնում է, թե ճի՞շտ է, արդյոք, որ այլ քաղաքացիներից նույն եղանակով հափշտակել եք մեքենաներ:
«Գնորդը» պատասխանում է, որ այլ քաղաքացիներից մեքենաներ չի հափշտակել, որ ունեցել է «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենա, որը վաճառել է, որպեսզի Նոր տարվա համար Վրաստանից նարինջ ու մանդարին ներկրի Հայաստան: Նա հայտնում է, որ ապրանքը «ճանապարհին փչացավ, նեխեց», ինքն էլ նյութական վնաս կրեց: Սակայն ինչ մեղք ուներ Հայկ Մարտիրոսյանը, որին «քցում» է տվյալ քաղաքացին, պարզ չի լինում քրեական գործի նյութերի նախապատրաստական փուլում:
Ոստիկանության քննիչը Վահրամի մորից՝ Ֆրիդա Գասպարյանից բացատրություն վերցնելիս հարցնում է նրան, թե որդին ունե՞ր այնքան գումար, որ նույն ժամանակահատվածում «ՎԱԶ 21154-110-22» մակնիշի ավտոմեքենա  վաճառեր Վահրամ Համբարձումյանին: Մայրը պատասխանում է, թե առաջին անգամ է լսում նման մեքենայի մասին: Իսկ ընդհանրապես տեղյակ չի եղել՝ որդու մոտ գումար եղե՞լ է, թե՞ ոչ: Սակայն մինչ օրս կան խոսակցություններ, որ մայրը որդու հետ զբաղվում է այս կարգի մեքենաների «առքուվաճառքով»:
Քրեական գործ չի հարուցվում, քանի որ ոստիկանները գտնում են, որ «հանցակազմ» չկա: Այսինքն՝ օրը ցերեկով մեքենա հափշտակելը եւ գումարը չտալը հանցակազմ չի պարունակում: «Հանցակազմ» կպարունակեր, եթե մի «պուզատի» լակոտի մեքենան նույնկերպ հափշտակեին: Շարքային քաղաքացիների համար հանցակազմ չի գտնվում նման դեպքերում:
Ոստիկաններին եւս խաբեց այս զույգը, ասելով, թե անշարժ գույք ունեն եւ դրա գրավ դնելուց հետո գումարը կտան Հայկ Մարտիրոսյանին: Ոստիկաններին տեղեկացնենք, որ «Առավոտի» տրամադրության տակ գտնվող կադաստրի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնական տեղեկանքի համաձայն, Արաբկիրի 51 փողոցի 25 տան վերաբերյալ կադաստրային գործ առկա չէ, հետեւաբար՝ սեփականության իրավունք գրանցված չէ: Երկու տարբեր պաշտոնական տեղեկանքների համաձայն, սեփականության իրավունք չի գրանցված ոչ Վահրամ Կարապետյանի, ոչ էլ Ֆրիդա Գասպարյանի անունով:
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով հօգուտ Հայկ Մարտիրոսյանի վճիռ է կայացվել, սակայն վճիռը չի կատարվել, քանի որ նշված անձինք «ոչինչ չունեն»: Նույնիսկ «հանցակազմ» չունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել