Այն, ըստ իրավապահների, քրեորեն անպատժելի է
2008 թ. ապրիլի 23-ին «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գրասենյակ է դիմել քաղաքացի Լյուդմիլա Լիգինան՝ իր խախտված իրավունքների վերականգնման հարցում իրավական աջակցություն ստանալու նպատակով:
ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչ Ս. Հարությունյանն ապօրինի կերպով մերժել է քաղաքացի Գարրի Աղաբաբյանին ՀՀ ՔՕ 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն) քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Լյուդմիլա Լիգինայի ներկայացրած դիմումը: Իրավապահ մարմինների անգործության շնորհիվ Գարրի Աղաբաբյանն այժմ գտնվում է ազատության մեջ, իսկ կենսաթոշակառու Լ. Լիգինան զրկվելով բնակարանից՝ հայտնվել է փողոցում:
Երեւանի Սեբաստիայի փող. 142/2 շենքի 25-րդ բնակարանի բնակչուհի Լյուդմիլա Լիգինան 2004թ. մայիսին փոխառությամբ գումար է խնդրել Երեւանի, Սարկավագի 54/4 հասցեի բնակիչ Գարրի Աղաբաբյանից: Գ. Աղաբաբյանը համաձայնել է վերջինիս տրամադրել 960.000 ՀՀ դրամ՝ պայմանով, որ Լիգինան նախապես լիազորի իրեն, որպեսզի փոխառությամբ վերցված գումարը չվերադարձնելու դեպքում կարողանա վաճառել Լիգինայի բնակարանը: Միեւնույն ժամանակ նրան հավաստիացրել է, որ լիազորագրի տրամադրումը բացառապես պարտավորության ապահովման միջոց է եւ նման իրավահարաբերություններում լիովին տարածված եւ ընդունելի ձեւ:
Այսպիսով, խաբեությամբ վստահություն առաջացնելով թոշակառու Լիգինայի մոտ, Գարրի Աղաբաբյանին հաջողվել է վերցնել լիազորագիրը: Հետագայում Լիգինան, մաս առ մաս վերադարձրել է վերցրած փոխառությունը (ինչը հաստատվել է ստացականներով) եւ 2006 թվականի սեպտեմբերի 8-ի դրությամբ Լիգինան Աղաբաբյանին մնացել է պարտք ընդամենը 65.000 ՀՀ դրամ:
2006թ. հուլիսի 30-ին Գ. Աղաբաբյանը վերադարձրել է լիազորագրի մեկ օրինակը, ինչը Լիգինան պատռել է լիազորագիրը վավերացրած նոտարի կողմից դրա գործողությունը դադարեցնելու փոխարեն՝ կարծելով, որ լիազորագրի մեկ օրինակը ոչնչացնելը միանգամայն բավական է իր եւ Գ. Աղաբաբյանի միջեւ առկա իրավահարաբերությունները դադարեցնելու համար:
2007թ. մայիսի 17-ին Գ. Աղաբաբյանը, օգտագործելով իր մոտ մնացած լիազորագրի օրինակը, իրականացրել է Սեբաստիայի փող. 142/2 շ. 25-րդ բնակարանի վաճառքը շուկայականից ակնհայտ ցածր՝ 5.400.000 ՀՀ դրամ արժեքով եւ ամբողջությամբ յուրացրել բնակարանի վաճառքից ստացած գումարը: Ինչպես պարզվեց գործի նյութերի ուսումնասիրությունից, բնակարանի գնորդը Գ. Աղաբաբյանի մտերիմ ծանոթն է՝ ոմն Մկրտիչ Շահրիկյան:
Այնուհետեւ Լիգինայի կողմից փաստի առթիվ հաղորդում է ներկայացվել Մալաթիայի ոստիկանության բաժին եւ բարձրաձայնվել Գ. Աղաբաբյանի եւ Մ. Շահրիկյանի հանցավոր գործողությունների մասին:
Թեեւ հետաքննիչը պարզել է, որ «վաճառքի գումարից Գ. Աղաբաբյանը վերցրել է 4000 ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարը տվել է Մ. Շահրիկյանին, որն էլ այդ գումարից 3500 ԱՄՆ դոլարը տվել է իր եղբորը՝ Գրիգոր Շահրիկյանին, 1500 ԱՄՆ դոլարը տվել է ոմն Հայաստան Եփրկյանին, 2500 ԱՄՆ դոլարը՝ Սամվել Առաքելյանին, 2000 ԱՄՆ դոլարը՝ ոմն Զառա Նահապետյանին, որոնց իբր պարտք է եղել Լյուդմիլա Լիգինայի որդին՝ Ռոման Լիգինը», այնուամենայնիվ մերժել է քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Արդյունքում ստացվել է, որ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իրավապահ մարմինները լիովին իրավաչափ են համարել այն, որ Գ. Աղաբաբյանը չարաշահելով Լիգինայի վստահությունը, անտեսել է քաղաքացիական իրավահարաբերություններում կիրառման ենթակա հայցի ապահովման միջոցները եւ խաբեությամբ կորզել գույքը վաճառելու իրավունք վերապահող լիազորագիր, 65 հազար ՀՀ դրամը դատական կարգով բռնագանձելու պահանջ ներկայացնելու փոխարեն ընտրել է ինը միլիոն ընդհանուր արժողությամբ անշարժ գույքը վաճառելու տարբերակը, բնակարանը շուկայականից կրկնակի էժան գնով վաճառել է իր ծանոթ ոմն Մ. Շահրիկյանի, եւ ինչը որ ամենաարտառոցն է՝ վաճառքից ստացված գումարից մեկ լումա անգամ չի տվել գույքի սեփականատիրոջը: Բոլոր փաստերի համադրությունն ակնհայտորեն խոսում են այն մասին, որ Գ. Աղաբաբյանը լիազորագիրը վերցրել է ոչ թե որպես պարտավորության ապահովման միջոց, այլ նպատակ է ունեցել կատարել ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն:
Եթե անգամ ենթադրենք, որ հետաքննիչը Գ. Աղաբաբյանի եւ Մ. Շահրիկյանի արարքը չի գնահատել որպես խարդախություն, ապա սեփական որոշման մեջ նշելով Գ. Աղաբաբյանի կողմից վաճառքից ստացված միջոցները սեփական հայեցողությամբ տնօրինելու հանգամանքը, արդյոք չի՞ նկատել յուրացման հատկանիշներ եւ մի՞թե տեղեկացված չէ ՀՀ քրդատօրի 27 հոդվածի պահանջի մասին, համաձայն որի՝ հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց եւ հանցագործության, ինչպես նաեւ դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար:
Հավելենք նաեւ, որ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակությունը միանգամայն իրավաչափ է համարել նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Ս. Սիմոնյանը:
Ներկայումս քրեական գործ հարուցելը մերժելու մասին վերոնշյալ որոշումը բողոքարկվել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին՝ հուսալով դատական ատյաններին դիմելուց առաջ ստանալ գեթ ինչ-որ իրավաբանորեն հիմնավորված պատասխան: