«Հայերի շրջանում մի սովորություն կա՝ նույնիսկ անվճարունակ ընտանիքները Ամանորի սեղանը այնպես են գցում, որ ոչ մի բանով պակաս չլինի մյուսից, որ «պատշաճ» լինի, որ երեխաները նսեմացված չզգան»,- երեկ ասուլիսի ժամանակ ասաց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը՝ հաշվարկելով, թե Ամանորի սեղանի համար միջին մակարդակով ապրող հայաստանցի ընտանիքի վրա ինչքան է նստում Նոր տարվա սեղանը: Ըստ նրա, նորմալ Ամանոր անցկացնելու համար, ընտանիքից պահանջվում է 500 ԱՄՆ դոլար, որը համարժեք է մոտ 180 հազար դրամին: Նրա խոսքերով, այդ գումարի մեջ ներառված է նաեւ հայերի կողմից շա՜տ նախընտրելի «խոզի բուդը»:
Ինչ վերաբերում է սննդամթերքի գնաճին, ապա պարոն Պողոսյանը, ճիշտ է, սեփական ուսումնասիրություն չի կատարել, սակայն լսել է, որ որոշ ապրանքատեսակներ էժանացել են, մասնավորապես՝ հնդկահավը: Ա. Պողոսյանի վստահեցմամբ, Ամանորի նախաշեմին ամեն տարի ավելի շատ են ոտնահարվում սպառողների իրավունքները. «Շուկայում հայտնվում են այնպիսի ապրանքներ, որոնց վրա մակնշում չկա: Այդ ժամանակ վերահսկողությունը նույնպես թուլանում է»: